ՄԱԿ-ի Ընդհ. Ժողովի 74-րդ նստաշրջանում, Թուրքիայի նախագահ Ռեճէպ Թայիպ Էրտողան բարձրաձայնեց Սիրիայի հիւսիսային շրջաններում «անվտանգութեան գօտի» ձեւաւորելու անհրաժեշտութեան մասին:
ԱՄՆ-ի հետ համաձայնեցուած այս նախագիծը, ըստ Էրտողանի, հնարաւորութիւն կ’ընձեռի շուրջ 2 միլիոն սիրիացի փախստականի՝ վերադառնալու իրենց հայրենիքը, եւ բնակուելու թուրք-ամերիկեան վերահսկողութեան տակ գտնուող անվտանգ տարածքներում: Թուրքիայի նախագահի պնդմամբ, եթէ այդ անվտանգութեան գօտին ընդլայնուի, հասնելով մինչեւ Տէր Զօր եւ Ռաքքա, ապա 3 միլիոն սիրիացի փախստական հնարաւորութիւն կ’ունենան վերադառնալու հայրենիք:
Հետաքրքրական է այն փաստը, որ Թայիպ Էրտողանի ներկայացրած նախագիծը բացայայտում է Սիրիայի հարցով Թուրքիայի քաղաքականութեան մէջ առկայ հակասութիւնը: Ընդամէնը օրեր առաջ Անգարայում կայացած Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հերթական հանդիպումն ընդունեց յայտարարութիւն, որում Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխաւոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան յստակ նշել էին, որ հաւատարիմ են մնալու Սիրիայի տարածքային ամբողջականութէան պահպանման սկզբունքին:
Սա, ի հարկէ, միակ բարդութիւնը չէ: Թուրքիան ԱՄՆ-ի հետ լուրջ տարաձայնութիւններ ունի «անվտանգութեան գօտու» սահմանների եւ նպատակների հետ կապուած: Անգարայի մշակած նախագիծը ենթադրում է առնուազն 32 քմ. խորութեամբ մի շրջան, քիւրտ զինեալների լիակատար դուրսբերմամբ, եւ նրանց ռազմակայանների տարհանմամբ: Մինչդեռ ԱՄՆ նախատեսում է այդ գօտին ձեւաւորել ընդամէնը 10 քմ. խորութեամբ՝ առանց թուրքական Զու-ի բացառիկ եւ արտօնեալ ներկայութեան: Դեռ աւելին, Ուաշինկթընի նախագիծը ենթադրում է քրտական կորիզների առկայութիւնն այդ շրջաններում՝ որպէս Անգարայի եւ Դամասկոսի դէմ ճնշման լծակ:
Նման պայմաններում, տրամաբանական հարց է առաջանում, թէ Թայիպ Էրտողանն, այնուամենայնիւ, ինչու է որոշել խաղադրոյք կատարել նման բարձր վտանգով բախտախաղում, որում իր յաջողութեան առիթները, մեղմ ասած, այնքան էլ բարձր չեն:
Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշեալ շրջանները, որոնք Թուրքիան եւ ԱՄՆ-ը ձգտում են առանձնացնել Սիրիայից, պարունակում են Սիրիայի նաւթի եւ կազի հիմնական պաշարները, եւ համարւում են այդ երկրի ամենաբերքառատ հողերը: Այնպէս որ, յաջողութեան դէպքում, Էրտողանի ներդրումը կարող է հատուցուել հարիւրը՝ մէկի դիմաց տրամաբանութեամբ:
Այս համատեքստում, սակայն, չպէտք է մոռանալ, որ.
Նախ. Թայիպ Էրտողան սխալւում է, եթէ պատկերացնում է, որ Սիրիայի իշխանութիւնները չունեն որեւէ տարբերակ, նախագիծը չէզոքացնելու համար: Ինչպէս փորձագէտներն են կանխատեսում, սիրիական բանակի յաջողութիւններն Իտլիպում արդէն յուշում են, որ մենք շատ մօտ ապագայում կարող ենք ականատեսը լինել այնպիսի անկանխատեսելի իրադարձութիւնների, որոնք շրջադարձային ազդեցութիւն կ’ունենան տարածաշրջանում ուժերի դասաւորութեան եւ հաւասարակշռութեան վրայ, անշուշտ՝ ոչ ի շահ Թուրքիայի:
Երկրորդ. պարզամտութիւն կը լինի ենթադրել, թէ Ռուսաստանը եւ Իրանն անարձագանգ կը թողնեն Թուրքիայի ծաւալապաշտական այս նախագիծը, որը ոչ միայն լրջագոյն հարուած է Սիրիայի ինքնիշխանութեանն ու տարածքային ամբողջականութեանը (ինչը մշտապէս կարմիր գիծ է համարուել Մոսկուայի եւ Թեհրանի համար), այլ, աւելին, ամրագրում է նրանց հիմնական ախոյեանի՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայութիւնը Սիրիայում, որը միանշանակօրէն հակասում է նրանց տարածաշրջանային ռազմավարական շահերին:
Եւ վերջապէս երրորդը. Կրկին պարզամտութեան տեսակ է ենթադրել, թէ խաղում ներքաշուած Ուաշինկթընը նախաձեռնութիւնը կը զիջի Անգարային՝ բաւարարուելով միայն կատարողի եւ դիտորդի, այլ ոչ թէ թելադրողի կարգավիճակով:
Եւ այս բոլորից էլ կարելի է ենթադրել, որ Թուրքիայի մշակած «անվտանգութեան գօտու» ճակատագիրը չափազանց մշուշոտ է, իսկ Էրտողանի հերթական բախտախաղը, մեծ հաւանականութէամբ՝ ձախողած:
Արամ Շահնազարեան
Alikonline-ի պատասխանատու-խմբագիր