Սիրելի հայրենակիցներ,

Թուականիս 9 Հոկտեմբերին թրքական բանակը ի լուր աշխարհի եւ բացէ ի բաց ներխուժեց իր հարեւան` Սիրիայի տարածք: Թրքական ծաւլապաշտական յարձակման թիրախ են դարձել Սիրիայի հիւսիսում գտնուող հայաբնակ Գամիշլի քաղաքը եւ այլ բնակավայրեր, որի հետեւանքով բազմաթիւ հայորդիներ ենթարկուել են Թուրքիայի բանակայինների յանցագործութիւններին․ կան բազմաթիւ տուժածներ:

Կրկին ապացուցւում է ողջ աշխարհին, որ թրքական իշխանութիւնները տակաւին հաւատարմօրէն փարուած են իրենց իրաւանախորդ Օսմանեան ցեղասպան քաղաքականութեանը եւ իրենց երկրի ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու հարցում ուղղորդւում են միեւնոյն ոճրագործ մօտեցումներով:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ծրագրելով եւ իրականացնելով ասորիների, յոյների եւ յատկապէս հայերի ցեղասպանութիւնը, Օսմանեան կայսրութեան իշխանութիւնները ձգտում էին սեփական խնդիրները լուծել տեղաբնակ ժողովուրդներին արմատախիլ անելու եղանակով: Այսօրուայ Թուրքիան յատկապէս քրտերի հետ կապուած խնդիրները լուծում է այդպիսի տրամաբանութեամբ` ինչպէս սեփական երկրի սահմաններից ներս, այնպէս էլ դրսում` նրանց կոտորելու, տեղահանելու եղանակով:

Միջազգային հանրութիւնը պէտք է գործի կանխելու եւս մէկ հումանիտար ճգնաժամ: Թուրքիայի այս գործողութիւնների նկատմամբ սոսկ փափուկ հռետորաբանութիւնը, խրատներն ու անգործութիւնը կը յանգեցնեն փախստականների եւս մէկ հոսքի եւ մարդկային մեծ տառապանքների, կոտորածների եւ տեղահանութիւնների: Աւելին` թրքական ագրեսիան (գործողութիւնը «Գ.») բացասական հետեւանքներ է թողնելու տարածաշրջանի առանց այդ էլ խախուտ անվտանգութեան եւ կայունութեան վրայ:

Իրանի Արտաքին Գործերի Նախարարութիւնը անհանգստութիւն յայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողութիւնների կապակցութեամբ, ընդգծում է գրոհների շտապ դադարեցման եւ Սիրիայի տարածքից թուրք զինուորների դուրս բերման անհրաժեշտութիւնը:

Նոր Ջուղայի Հայ Դատի Յանձնախումբը իր զօրակցութիւնն է յայտնում սիրիահայութեանը եւ խստօրէն դատապարտում է մարդկութեան դէմ տեղի ունեցող ամէն տեսակի բռնարաքները, այդ թուում Թուրքիայի իշխանութեան կողմից տարածաշրջանն ապակայունացնող` Սիրիայում իրականացուող գործողութիւնները, հայութեան եւ այլ ժողովուրդների դէմ ոճրագործութիւնը, որոնք ոչ այլ ինչ են, քան ծրագրուած ու կանխամտածուած ցեղային մաքրագործում` մարդկութեան դէմ կատարուող ոճրագործութիւն, որի պատիժն այսօր եւ ետ` առանց տարակուսանքի, կրելու են Թուրքիայի իշխանութիւնները:

12 Հոկտեմբեր 2019
Նոր Ջուղայի
Հայ Դատի Յանձնախումբ