Արդեօք մի բան հասկանու՞մ էք հայից: Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած, որքա՜ն խաբուսիկ: Երեւո՛յթը, ո՜չ ինքը: Բայց եւ ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զուտ աշխատանք: Որոնում ես իր ինքնութիւնը, գտնում, բայց եւ իսկոյն տեսնում ես, որ դա էլ նորից երեւոյթ էր: Անհանգիստ դէմք ունի, չի թողնում նկարես: Թուով գրեթէ ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը: Ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամէնից անփոփոխը: Ամէնից աննպաստն ի՜ր երկրի դիրքն է, ինքը ամէնից յամառ կառչեց նրան: Որքա՜ն անյոյս է թւում իր ապագան, բայց եւ որքա՜ն յուսացող է նա: Իր կեանքում նա երկու բան չտեսաւ. մէկ՝ բախտ, մէկ էլ՝ յուսահատութիւն: Ինչպէ՞ս ճանաչես նրան, ինչպէ՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանալի՜ հաւասարակշռութիւն, որ ծայրայեղութեան մէջ է:
Ահա նայի՛ր այս բեռնակրին. ի՞նչ է սա, իսկական անառիկ, մէջքին մի սար բեռ՝ ճկւում է, մէջքը կոտրում: Աշխատա՞նք է կատարում, թէ ինքնախորտակում: Վրէ՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու: Ո՞ւմ դէմ է չարացել, որ իրեն է պատժում: Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրութիւն: Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար հաւաքի, գնա, խանութ բաց անի: Մարդն իր հացի եւ իր գործի տէրն է ուզում լինել եւ ո՛չ թէ սրա-նրա ծառան: Եւ արդէն Հայ նշանակում է տէր… Բայց տեսե՞լ էք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծոյլ մուրացկան: Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզի: Ազգը տա՝ ինքը ուտի: Եւ սովից կը մեռնի անխօս, անխնայ, կ’ասես՝ ջգրու(գծանիշ-«Գ.»): Եւ սա այն գիւղացին է, որ երէկ կատաղած, գազանացած՝ հողը քանդում էր, չարչարւում, մզւում, հոգին հանում: Այնպէս է հաւաքում բերքը, կարծես յաւիտեան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնէ: Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրայ են: Ուտում են նրա հացը, ինչպէս Հայր Աբրահամի սեղանից:
Տեսե՞լ էք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ: Բայց անցիր նրա երկրով: Ին՜չ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հաւատալ կարելի՞ է, թէ ինքն է շինել այդ բոլորը: Խօսակցութիւնն ես լսում՝ հայհոյանքների կէսը եկեղեցի ու Աստուած է: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մէջը՝ աղօթելու: Եւ հաւատալի՞ բան է, որ իր պատմութիւնը ամենամեծ կրօնական պատերազմների պատմութիւն է, եւ այս չաղօթող ցեղի Նարեկացու շուրթերից թռաւ աղօթքի ամենաբարձր թռիչքն առ Աստուած…
Տանել չի կարողանում ծէս, ձեւ, աստիճան, քաղաքավարութիւն: Ռամիկ է գերազանցապէս: Քաղաքականութեան մէջ մի բանում է շատ հոգածու՝ անկեղծ լինել: Այնքա՜ն անկեղծ է ու միամիտ, որ անկասկածելի խորամանկի եւ կեղծաւորի տպաւորութիւն է թողնում:
Դանդալոշ է եւ խոնարհ՝ իր Սասունցի Դաւթի նման եւ անսպասելի ըմբոստ, հարուածող: Երբ վրայ է հասնում գերագոյն վտանգը, հերոսանում է յանկարծ եւ ծառանում վիշապի նման:Բարի է առհասարակ, շոյի՜ր, եւ կը կողոպտուի, բայց եւ առհասարակ ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամութիւնը վանում է: Տաղանդ է՝ իր դէմ ատելութիւն ստեղծելու: Ուրիշի յաջողութեան մէջ նախանձոտ է: Եթէ գժտուեց մէկի հետ, ոխակալ է, ինչպէս ուղտ: Ամէն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչեւ մահ: Սա նրա անհրաժեշտութիւնն է: Անկարգ է եւ անիշխանական թէ՛ հասարակութեան, թէ՛ պետութեան, թէ՛ գաղափարների մէջ: Իբրեւ ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար:
Ուր յեղափոխութիւն՝ այնտեղ Հայութիւն: Բայց իբրեւ «ական»՝ ծայրայեղական է: Իր կռիւը երեք ճակատի վրայ էր միաժամանակ: Շահի դէմ, Սուլթանի դէմ, Ցարի դէմ: Ասենք՝ ամէն Հայ մի փոքր Շիրակեցի է Տօն Քիշոտի պէս: Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսաւ եւ ինքն էր, որ չխրատուեց: Ինչո՞ւ է այսպէս, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում… Ինչո՞ւ է այսպէս անհաւասար, ներհակ, մաղձոտ, անչափելի՝ իր վեհ թռիչքներում:
Երեւի, վրէժ ունի նա, մի վատ բան սրտի մէջ, որի համար եւ մեկուսանում է, որ նիւթէ, դաւէ, վնասէ: Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինութի՞ւնն ես ուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մէջ: Ին՞չ եղաւ իր պատմութիւնը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում …«ջարդի՛ր ինձ,- ասում է նա,- ահա՜ քո պատիժը եւ իմ վրէժը»: Թւում է, թէ մի շատ մեծ վիրաւորանք կայ հայի սրտի խորքը, շատ խորը թաքնուած… թէ մի շատ մեծ վիրաւորանք կայ հայի սրտի խորքում թաքնուած, եւ դա այն արծուի վիրաւորանք է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մէջ, կեղտոտւում, թեւերը կոտրում: Կերակուր ես մեկնում՝ չի ուզում: Չի սիրում ո՜չ ստրկութիւն, ո՜չ երջանկութիւն, գերադասում է տառապանք եւ ազատութիւն: Մաղձոտ է, բայց չունի գծուծ ատելութիւն, որ բարձր լեռներին անծանօթ զգացում է: Գերի արծուի խոր վիշտն է իր սրտի մէջ: Սա Հայկն է, որին զրկել են իր կեանքի միակ պայմանից՝ ազատութիւնից:
Այսպէս է Հայը: Չի՛ ուզում, որ իրան դիպչեն, մօտենան, սիրեն թէկուզ: Նա մեկուսի է, խստակեաց, բարի եւ ազատասէր:
«Ոչինչ չեմ ուզում ձեզանից,-ասում է նա իր նեղիչներին,-ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկութիւնը, գնացէ՜ք, ապրեցէք խաղաղ եւ երջանիկ: Եթէ դուք սիրում էք կեանքը, ես սիրում եմ կեանքից աւելի թանկ բան՝ Ազատութիւնը»:
Դերենիկ Դեմիրճեան