19-ից 22 Դեկտեմբերին ամփոփիչ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնութիւնում էր գտնւում ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը: Այցը յագեցած էր ինչպէս տարաբնոյթ հանդիպումներով, այնպէս էլ տօնական միջոցառումների մասնակցութեամբ, որոնք ուղեկցւում էին կազմակերպական տարբեր միաւորների հետ աշխատանքային քննարկումներով եւ ընկերային հաւաքներով:

Դեկտեմբերի 19-ին Մոսկուայի Հայ դատի գրասենեակում գումարուեց ՀՅԴ ՌԴ մարմինների եւ ուղեկից կառոյցների ներկայացուցիչների ժողով, որի ընթացքում քննարկուեցին անցնող տարում կատարուած աշխատանքներն ու գալիք տարուայ անելիքները: Բիւրոյի նախագահը ներկայացրեց Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների զարգացման, անվտանգային եւ արտաքին քաղաքական խնդիրների հետ կապուած ՀՅԴ մօտեցումներն ու ուղեգիծը: Հանդիպման արդիւնքում ուղենշուեցին ՀՅԴ ռուսաստանեան կառոյցի առաջնային խնդիրներն ու ուղղութիւնները, ինչպէս նաեւ կառոյցի տարբեր մարմինների եւ ուղեկից կազմակերպութիւնների փոխգործակցութեան ձեւերը:

ՀՅԴ Բիւրոյի նախագահը նշեց, որ այսօր, առաւել քան երբեւէ, պէտք է ջանքեր գործադրել համայն հայութեանը ազգային օրակարգի շուրջ համախմբելու ուղղութեամբ, քանզի միայն միասնական ջանքերով է հնարաւոր յաղթահարել այն բոլոր մարտահրաւէրները, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջեւ եւ սպառնալիք են Հայաստանի եւ Արցախի անվտանգութեանը: Հաւաքի մասնակիցները վերահաստատեցին, որ Հայաստանի իշխանութիւնների կողմից ՀՅԴ-ի դէմ վարուող տեղեկատուական-քարոզչական արշաւը ոչ միայն չի հիասթափեցրել ընկերներին եւ համակիրներին, այլ հակառակը, աւելի է համախմբել եւ միաբանել նրանց ՀՅԴ ուղեգիծը հանդիսացող ազգային օրակարգի շուրջ:

Ներկայացուցիչների ժողովը դատապարտեց կուսակցութեան հեղինակազրկման եւ հսկայական աւանդի արժեզրկման փորձերը, իսկ վերջին շրջանի պառակտիչ գործողութիւնները որակեց որպէս ազգային արժէքների պահպանութեան յենասիւների դէմ ուղղուած թշնամական քայլեր, որոնք որեւէ յաջողութիւն չեն կարող ունենալ:

20 Դեկտեմբերին Բիւրոյի նախագահի մասնակցութեամբ Մոսկուայում հանդիսաւոր կերպով նշուեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 129 եւ ՀՅԴ Հայ դատի Մոսկուայի գրասենեակի հիմնադրման 26 ամեակները: Տօնակատարութիւնը ուղեկցուեց ՌԴ-ում գործող հասարակական-քաղաքական գործիչների ելոյթներով, համերգային ծրագրով եւ Հայ դատի պաշտպանութեան աշխատանքներում ակտիւ մասնակցութեան համար պատուոգրերի շնորհումով:

Տօնակատարութեան մասնակիցները շնորհաւորանքների խօսքերից զատ կարեւորեցին հայապահպանութեան, Հայ Դատի պաշտպանութեան եւ ազգային օրակարգերի ձեւաւորման եւ առաջ մղման ուղղութեամբ Դաշնակցութեան եւ Հայ Դատի գրասենեակների հսկայական դերն ու նշանակութիւնը: Բիւրոյի նախագահը իր երախտիքի խօսքը յայտնեց ռուսաստանեան հասարակական-քաղաքական այն բոլոր շրջանակներին, ովքեր մշտապէս աջակցում են ազգային խնդիրների լուծմանն ու Ռուսաստանում հայապահպանութեան, հայ-ռուսական յարաբերութիւնների զարգացման եւ Հայաստանի եւ Արցախի ամրապնդման աշխատանքներին:

21 Դեկտեմբերին ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեան, Հայ դատի Մոսկուայի գրասենեակի ղեկավար Ներսէս Ներսէսեանը, ՀՅԴ ՌԴ Պատասխանատու Մարմնի եւ կոմիտէների ներկայացուցիչների պատուիրակութիւնը հիւրընկալուեց ՌԴ Կիւմրի քաղաքի հայկական համայնքին, որտեղ հանդէս ելան ելոյթներով, մասնակցեցին համայնքային կազմակերպութեան հիմնադրմանը նուիրուած տօնական միջոցառմանը եւ համայնքի ակտիւի հետ ընկերային միջոցառմանը: Համայնքի ղեկավար Արմէն Քոչարեանը բարձր գնահատեց Մոսկուայի Հայ դատի գրասենեակի ներդրումը իրենց համայնքային կազմակերպութեան կայացման եւ ձեւաւորման գործում, ինչպէս նաեւ յոյս յայտնեց, որ յետագայ համագործակցութեան արդիւնքում հնարաւոր կը լինի հիմնել կրթական եւ մշակութային օճախներ եւ իրականացնել հայապահպանական ծրագրեր:

Իր ողջոյնի խօսքում ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը շեշտեց, որ առանց համայնքային ակտիւ մշակութային կեանքի հնարաւոր չէ արդիւնաւէտ աշխատանք տանել երիտասարդ սերունդի հայապահպանութեան ուղղութեամբ, նշելով, որ աշխարհասփիւռ հայ համայնքներում հայկական միջավայրի ձեւաւորումն ու զարգացումը ապագայ հզօր ու միացեալ Հայաստանի երաշխիքն է, եւ ինչպէս Արցախի հարցում մեր կարգասխօսն է «Զարգանալ Չզիջելով», այնպէս էլ հայրենիքից հազարաւոր Քիլոմեթրեր հեռու մենք պարտաւոր ենք զարգանալ` չզիջելով մեր ինքնութիւնն ու արժէքային համակարգը: Այցի շրջանակներում գործիչները հայ համայնքի ներկայացուցիչների հետ ծաղիկներ տեղադրեցին Կիւմրիի Համբարձման տաճարի հարեւանութեամբ կանգնեցուած Ցեղասպանութեան հարիւրամեակի խաչքարին:

22 Դեկտեմբերին ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանն ու ՀՅԴ Հայ դատի Մոսկուայի գրասենեակի ղեկավար Ներսէս Ներսէսեանը Սանկտ-պետերբուրգում մասնակցեցին ՀՅԴ Ս.Պետերբուրգի կառոյցի կողմից հիմնադրուած կիրակնօրեայ դպրոցի միջոցառմանը, որին հրաւիրուած էին նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տէր Պօղոս Աբեղայ Վարդանեանը, Ս.Պետերբուրգի հայկական համայնքային կազմակերպութեան ղեկավար Կ.Մկրտչեանը, համայնքային հասարակական-քաղաքական կառոյցների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ: ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը իր ողջոյնի խօսքում կարեւորեց Սփիւռքում հայկական դպրոցների եւ մշակութային օճախների դերն ու հաստատեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան յանձնառութիւնը հայապահպանական ծրագրերում տեղական կառոյցների աջակցութեան եւ խրախուսման ուղղութեամբ:

Հայ դատի գրասենեակի ղեկավարը շնորհակալութիւն յայտնեց դպրոցի բարերարներ, ՀՅԴ ՍՊ կառոյցի անդամներ Արթուր Բարսեղեանին, Խաչիկ Ստեփանեանին եւ Մասիս Բաբախանիին, որոնց ջանքերով արդէն երրորդ տարին է տասնեակ հայ երեխաներ հնարաւորութիւն ունեն այցելելու հայկական դպրոց, յաճախել ազգային պարերի դասընթացների, ստանալ ազգային դաստիարակութիւն: Միջոցառման մշակութային մասը նուիրուած էր մեծ բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին, որտեղ դպրոցի սաները ներկայացրեցին Թումանեանի ստեղծագործութիւնները:

Միջոցառման աւարտին, Արմէն Ռուստամեանը Ս.Պետերբուրգի հայկական դպրոցին յանձնեց երաժտական քանոն նուագարան եւ յոյս յայտնեց, որ յաջորդ այցին միասին կը վայելեն դպրոցի սաների գեղեցիկ կատարումները:

Բիւրոյի նախագահի այցը եզրափակուեց ՀՅԴ ՍՊ կառոյցի եւ հասարակական գործիչների հետ հանդիպումով, որտեղ քննարկուեցին հետագայ համագործակցութեան օրակարգային հարցերն ու խնդիրները:

ՀՅԴ Հայ Դատի Մոսկուայի գրասենեակի մամլոյ կեդրոն