2019 թուականը Հայաստանում քաղաքական վերադասաւարումների տարի էր` պայմանաւորուած 2018 թ. Ապրիլին սկիզբ առած իշխանափոխութեան աւարտով: 2018 թուականի Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնների արդիւնքում օրէնսդիրի աթոռներից 88-ը զբաղեցրեց Փաշինեանի «Իմ Քայլը» դաշինքը, 26-ը` ԲՀԿ-ն, 18-ը` ԼՀԿ-ն: 2019 թուականի Յունուարի 14-ին ՀՀ նախագահի կողմից Նիկոլ Փաշինեանն ինքնաբերաբար նշանակուեց Հայաստանի վարչապետ: Կ’առուցուածքային փոփոխութիւնների արդիւնքում Հայաստանի 17 նախարարութիւններից 5-ը լուծարուեցին եւ իրականացուեց գործառոյթների վերաբաշխում: Ժողովրդային շարժման ալիքի վրայ հապճեպ անցկացուած այս ընտրութիւններով Հայաստանում ստեղծուեց քաղաքական նոր իրավիճակ. պետական իշխանութեան ողջ պատասխանատուութիւնը ստանձնեց մէկ ուժ` ղեկավարութեամբ Նիկոլ Փաշինեանի: Խորհրդարանական ընդդիմութեան աթոռները զբաղեցրեցին ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն: Մնացեալ, այդ թւում նախկին իշխանական կուսակցութիւնները` ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն դարձան արտախորհրդարանական ուժեր:

 

Խորհրդարանի ընտրութիւններում ստանալով շուրջ 70% քուէ` իշխանական նոր ուժը խնդիր էր դրել լիարժէք իր ձեռքում կենտրոնացնել պետական լծակները` «Թաւշեայ Յեղափոխութեան» խոստումներն իրականացնելու, «յեղափոխութիւնն» անշրջելի դարձնելու եւ անցեալի վերադարձը բացառելու նպատակով: Արտախորհրդարանական որոշ ուժեր իրենց աջակցութիւնը յայտնեցին նրանց: Սակայն, արտախորհրդարանական ուժերի զգալի մասն իրեն յայտարարեց ընդդիմադիր` իշխանութիւն-ընդդիմութիւն պայքարի հիմնական հարթակը տեղափոխելով խորհրդարանից դուրս: ՀՅԴ-ն 2019 թ. յունուարին, Արցախում անցկացրեց իր 33-րդ Ընդհանուր ժողովը, որտեղ առաջադրուեց` Հայաստանում յաջորդ իշխանութիւնը Դաշնակցութեան շուրջ ձեւաւորելու ռազմավարութիւնը: Ըստ էութեան, Դաշնակցութիւնը յայտարարեց, որ այս նոր իշխանութիւնների այլընտրանքը հէնց ՀՅԴ-ն է եւ կուսակցութիւնն առաջիկայում պէտք է ընդդիմութեան դաշտում գործի այս տրամաբանութեամբ:

 

Իշխանափոխութեան աւարտով, ցաւօք, երկրում անհանդուրժողականութեան մթնոլորտը չհանդարտուեց, հասարակութիւնը «սեւերի» եւ «սպիտակների» բաժանելու իշխանութեան նախընտրական հռետորաբանութիւնը դրսեւորուեց նորովի` լրատուամիջոցներում եւ սոցիալական ցանցերում վերածուելով խօսքի բռնութեան նոր ալիքի: Երկրում ստեղծուեցին փողոցային պայքարի տարբեր օջախներ, իսկ ողջ տարին անցաւ դեռեւս 2018 թուականին սկսուած Մարտի 1-ի գործով ձգձգուող դատավարութիւններով, նոր աղմկահարոյց, յաճախ` կասկածելի մեղադրանքներով եւ ձերբակալութիւններով:

 

Հայաստանի նոր իշխանութիւնների առաջին իսկ նախաձեռնութիւնները յարուցեցին հանրութեան տարբեր շերտերի դժգոհութիւնը. Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ հակասական գործընթացները, Ստամբուլեան կոնուենցիայի վաւերացման նախաձեռնութիւնները, արցախեան հարցում իշխանութիւնների անյստակ մօտեցումները, Արցախի իշխանութիւնների եւ բանակի որոշ բարձրաստիճան հրամանատարների հետ հակասութիւնները, դաւադիր ուժերի փնտրտուքն ու աջ ու ձախ մեղադրանքները, վարչապետի կողմից «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» բառապաշարի շարունակաբար գործածումը, դատական իշխանութեան նկատմամբ աննախադէպ ոտնձգութիւնները, Երեւան քաղաքում տարաբնոյթ հիմնահարցերի, յատկապէս աղբահանութեան խնդրի սրացումը, իշխանութիւններին աջակցած տարբեր հանրայայտ պաշտօնեաների պաշտօնանկութիւններն ու փոխադարձ հնչեցուող քննադատութիւնները, հայ-ռուսական յարաբերութիւններում անհարթութիւնները, կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի ոլորտներում ապազգային եւ հայ հանրութեան ընկալումներին անյարիր դրսեւորումները, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառոյցների, յատկապէս, Բաց հասարակութեան հիմնադրամի (այլ խօսքով` Սորոսի հիմնադրամի) Հայաստանի ներքին գործընթացներին միջամտելու նախկին եւ ներկայ քայլերը, ազգային արժէքների եւ հաստատութիւնների դէմ պարբերաբար դրսեւորուող պայքարն ու անհանդուրժողականութիւնը, պետութեան անարդիւնաւէտ կառավարումն ու պաշտօնեաների բարձր պարգեւավճարների սահմանումը, Աժ-ի եւ նախարարների գերակշիռ մասի ցածր վարկանիշը, քննադատական խօսքի եւ բողոքի ակցիանների դէմ անհանդուրժողականութիւնն ու իրաւապահների բռնի գործողութիւնները, ներդրումների սպասուած մեծ հոսքի բացակայութիւնն ու հռչակուած ,տնտեսական յեղափոխութեանէ ոչ յեղափոխական արդիւնքները հանրութեան շրջանում առաջ բերեցին հիասթափութեան ակնյայտ նշաններ: Որոշ հետազօտութիւնների արդիւնքներով, իշխանութեան ընդհանուր վարկանիշը տարեվերջին նուազել էր 10-15 %-ով, իսկ Աժ-ն, պետական հաստատութիւնների մէջ, ունէր ամենացածր վարկանիշը:

 

Այս բացասական ֆոնին տեղի ունեցան նաեւ դրական որոշ տեղաշարժէր, մասնաւորապէս հակակոռուպցիոն պայքարի, ճանապարաշինութեան, տնտեսական վարչարարութեան, ստուերի որոշակի կրճատման, զբօսաշրջութեան ակտիւացման, նախորդ իշխանութեան կիսատ թողած շատ ու շատ ծրագրեր յաջողութեամբ շարունակելու, որոշները` աւարտելու, բանակում սպասարկման որակի բարելաւման, հիպոթեկային շուկայի աշխուժացման, սոցիալական որոշ խմբերին ուղղուած ծրագրերի իրականացման ուղղութեամբ: Սակայն խնդիրն այն էր, որ ժողովրդային շարժումն ու նոր իշխանութիւնների խոստումները ստեղծել էին հանրային սպասումների բարձր աստիճան եւ դրանց զգալի մասի չիրականացումը պատճառ հանդիսացաւ նաեւ իշխանութիւնների վարկանիշի կտրուկ անկման: Եւ այս անկումը դանդաղեցնելու, հանրային ուշադրութիւնը ձախողումներից շեղելու նպատակով իշխանութիւնները նոր թափ հաղորդեցին ձերբակալութիւններին, տարբեր ուժերի նկատմամբ յարձակումներին եւ նորանոր դատական գործընթացներին: Մեղադրանք առաջադրուեց նաեւ Հայաստանի երրորդ նախագահին, իսկ երկրորդ նախագահի կալանաւորման որոշումը մնաց անփոփոխ:

 

Գարնանը Հայաստանի ներքաղաքական կեանքը փոթորկուեց դատարանների շրջափակման ակտով. վարչապետ Փաշինեանի կոչով եւ մասնակցութեամբ, մի խումբ քաղաքացիներ` որոշ պաշտօնեաների եւ պատգամաւորների ղեկավարութեամբ, մի քանի ժամով շրջափակեցին Հայաստանի դատարանների մուտքերը` կոպտօրէն խախտելով դատարանների անկախութեան եւ նրանց գործունէութեանը չմիջամտելու ժողովրդավարական հիմնարար սկզբունքը: Այս գործողութիւնները հիմնականում պայմանաւորուած էին դատարանի կողմից Ռոպերթ Քոչարեանին կալանքից ազատելու` Արցախի նախագահ Բակօ Սահակեանի եւ նախորդ նախագահ Արկադի Ղուկասեանի միջնորդութիւնը ընդունելու որոշմամբ, ինչպէս նաեւ Սահմանադրական դատարանի եւ Բարձրագոյն դատական խորհրդի շուրջ ստեղծուած, իշխանութիւններին անհաճոյ, իրավիճակներով: Ակնյայտ էր, որ դատական համակարգում առկայ են բազմաթիւ խնդիրներ, որոնցից ամենացայտունը գործադիր իշխանութիւնների կողմի դատական իշխանութեան գործերին մջամտելն էր, պատուերով արդարադատութիւնը, որի հիմքերը դրուել էին նախորդ իշխանութիւնների ժամանակ եւ շարունակուեցին գործող իշխանութիւնների կողմից:

 

Իշխանութեան եկած ուժը, օրէնսդիր եւ գործադիր լծակներին տիրանալով, չէր հանդուրժում դատարաններում` իր համար կայացուած որեւէ անհաճոյ որոշում: Եւ դա էր պատճառը, որ իշխանութիւնները յայտարարեցին` դատական համակարգում վեթինգ իրականացնելու մասին` յարձակում սկսելով անցանկալի դատաւորների, ՍԴ-ի եւ ԲԴԽ-ի դէմ: Սակայն ՍԴ-ն մնաց իր բարձրութեան վրայ եւ չենթարկուեց իշխանութեան ճնշումներին: Արդիւնքում իշխանութիւնները տարեվերջին փորձեցին օրէնսդրական ճանապարհով շահագրգռել ՍԴ անդամներին վաղաժամ, արտօնեալ պայմաններով անցնելու կենսաթոշակի: Գործադիր իշխանութեան, եւ յատկապէս նրա ղեկավարի կողմից դատական իշխանութեան նկատմամբ այս աննախադէպ գործողութիւնները, տարբեր դրսեւորումներով ուղեկցուեցին ողջ տարուայ ընթացքում` Հայաստանի ներքաղաքական կեանքը պահելով լարուածութեան մէջ:

 

Տարուայ երկրորդ կարեւոր թեման Արցախն էր` Արցախեան հարցի շուրջ նոր իշխանութիւնների մօտեցումները, Հայաստան-արցախ փոխյարաբերութիւնները, Արցախի շուրջ բանակցութիւններն ու Արցախում 2020 թուականի գարնանը նախատեսուած համապետական ընտրութիւնների շուրջ սկսուած գործընթացները: Արցախի հարցում Հայաստանի նոր իշխանութիւնների դիրքորոշումն անորոշ էր, երբեմն` հակասական: Ակնյայտ էր, որ Փաշինեանը Արցախում եւ Արցախեան շարժման վետերանների շրջանում իւրային չէր, իսկ բանակցայի գործընթցում չունէր փորձառութիւն: Ի սկզբանէ Փաշինեանը քննադատեց նախորդ իշխանութիւններին` բանակցութիւններում դիրքերի զիջման, ոչ հայանպաստ մօտեցումներ քննարկելու հարցում եւ յայտարարեց նոր մեկնակէտից սկսելու մասին: Որպէսզի շահի արցախցիների եւ, ընդհանրապէս, հայ հանրութեան վստահութիւնը` Արցախի անկախութեան օրը, Ստեփանակերտում նա յայտարարեց` «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Սակայն մի քանի հարցեր խիստ մտահոգիչ էին. Ալիեւի հետ ,վերելակայինէ պայմանաւորուածութիւններից յետոյ, չնայած նուազեց սահմանային լարուածութիւնը, սակայն հայկական կողմը դադարեց խօսել Վիեննայում եւ Սանկտ-պետերբուրգում ձեռք բերուած համաձայնութիւններից, ըստ որոնց պէտք է սահմանին ներդրուէր մոնիթորինգի արդիական համակարգ` միջադէպերը յայտնաբերելու եւ հետաքննելու նպատակով, եւ աւելանային ԵԱՀԿ դիտորդների թիւը. սա նշանակում էր էապէս ամրացնել գոյութիւն ունեցող սահմանը:

 

Այս համաձայնութիւնները հայկական դիւանագիտութեան լուրջ յաղթանակն էին: Կարծէք, այս բացթողումը փոխհատուցելու համար, Փաշինեանը յայտարարեց, որ Արցախը պէտք է վերադառնա բանակցային սեղան: Երրորդ կարեւոր քայլը հումանիտար շփումների ուղղութեամբ ջանքերն էին, որոնց շրջանակում տեղի ունեցան լրագրողների փոխայցելութիւններ: Սակայն դեկտեմբերին, Բրատիսլաւայում ՀՀ եւ Ատրպէյճանի արտգործնախարարների` Մինսքի խմբի համանախագահների միջնորդութեամբ կայածաց բանակցութիւնների նախօրեակին եւ ընթացքում Ատրպէյճանն ու Հայաստանը հրապարակեցին իրեց «կարմիր գծերը»: Դրանցով ակնյայտ էր դառնում, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի դիրքորոշումները շարունակում են մնալ խիստ հակոտնեայ` յատկապէս Արցախի կարգավիճակի եւ անվտանգութեան խնդիրերի շուրջ: Սակայն հայ հանրութեանը խիստ մտահոգեց, այսպէս կոչուած, «ղարաբաղի ատրպէյճանական համայնքին»` բանակցային սեղանի մօտ բերելու յաճախակի դարձած հրապարակումները: Եւ եթէ տարուայ ընթացքում խօսում էին հանրութիւններին խաղաղութեան նախապատրաստելու անհրաժետութիւնից, ապա տարեվերջին արդէն ահազանգում էին պատերազմի վտանգի մեծացման մասին: Արցախի հարցում ընդդիմադիր ուժերից յատկապէս ակտիւ էր Դաշնակցութիւնը. Արցախում կազմակերպուեցին 2 կարեւոր խորհրդաժողովներ, որոնցից «Հայաստան-Արցախ ռազմավարական ֆորումին» մասնակցեցին Հայաստանի եւ Արցախի գրեթէ բոլոր դերակատար քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իսկ Արցախի ԱԳՆ-ի հետ համատեղ կազմակերպուած «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» Արցախի բարեկամների համաժողովին մասնակցեցին աշխարհի շուրջ 30 երկրներից աւելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ եւ մտաւորականներ` իրենց աջակցութիւնը յայտնելով արցախցիների եւ ողջ հայութեան արդարացի պայքարին: Այս 2 խորհրդաժողովներով Դաշնակցութիւնը մէկ անգամ եւս փաստեց «զարգանալ` չզիջելով» իր թեզին հաւատարիմ մնալու, Արցախի հարցում ազգային միասնականութեան խթանման եւ տարբեր երկրներում Արցախի միջազգային ճանաչման ակտիւ ջանքերի մասին:

 

Արտաքին յարաբերութիւնների ուղղութեամբ տարուայ ընթացքում առանցքային մնաց հայ-ռուսական յարաբերութիւնների եւ ԵԱՏՄ-ի հետ համարկման գործընթացների հարցը: Ժողովրդային շարժմամբ իշխանութեան եկած Հայաստանեանի նոր իշխանութիւններին Ռուսատանը ի սկզբանէ կասկածանքով էր վերաբերւում եւ դա էր պատճառը, որ, ինչպէս 2018-ին, այնպէս էլ 2019-ին խիստ յաճախակի էին հայ-ռուսական բարձր մակարդակի շփումներն ու փոխայցելութիւնները: Երեւանում տեղի ունեցաւ նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների խորհրդաժողովը, իսկ Պրատիսլաւայի հանդիպումից առաջ Ատրպէյճան եւ Հայաստան այցելեց Ռուսաստանի արտգործնախարարը: Խիստ տրամաբանական էր Ռուսաստանի մտահոգութիւնը. չնայած Փաշինեանի հաւաստիացումներին` առ այն, որ արտաքին քաղաքկանութեան ոլորտում որեւէ շրջադարձ տեղի չի ունեցել եւ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական թիւ մէկ դաշնակիցը, Հայաստանում իշխանութեան տարբեր օղակներում պաշտօնները զբաղեցրել էին հիմնականում արեւմտեան կողմնորոշում ունեցող գործիչները, եւ չէին դադարում խօսակցութիւնները, որ Հայաստանում տեղի է ունենում «Գունաւոր յեղափոխութիւն»` նպատակ ունենալով երկիրը դուրս բերել ռուսական ազդեցութիւնից եւ թեքել դէպի Արեւմուտք:

 

Այս ֆոնին, Հայաստանի իշխանութիւններն առանձնակի ջանասիրութեամբ փորձում էին ամէն առիթ օգտագործելով հաւաստիացնել ռուսական կողմին, թէ ցանկանում են էլ աւելի խորացնել Ռուսաստանի հետ փոխյարաբերութիւնները:

Արտաքին ճակատում մեծ յաջողութիւններ արձանագրուեցին ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ: Յատկապէս ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի, հայկական այլ կազմակերպութիւնների եւ ամերիկահայութեան երկարատեւ յամառ ջանքերի արդիւնքում, նոյեմբերին` ԱՄՆ ներկայացուցիչների պալատը` ձայների բացարձակ մեծամասնութեամբ, իսկ դեկտեմբերին` ԱՄՆ Սենատը` միաձայնութեամբ, ընդունեցին` Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող գրեթէ նոյնաբովանդակ 2 բանաձեւէր: Այս կարեւոր ձեռքբերումները, ըստ էութեան նոր ազդակներ էին Հայ Դատի պայքարին նոր թափ հաղորդելու, ցեղասպանութան հետեւանքերի վերացման եւ փոխհատուցման ուղղութեամբ ջանքերին:

 

Ողջ տարուայ ընթացքում Հայաստանի ներքաղաքական կեանքն ալեկոծեցին մի քանի ուղղութիւններով տեղի ունեցող գործողութիւններն ու շարժումները` ուղղուած իշխանութիւնների կողմից վարուող քաղաքականութեան դէմ: Յատկապէս դժգոհութեան նոր ալիք սկսուեց Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ իշխանութիւնների հակասական քայլերի դէմ: Եկամտային հարկի համահարթեցման դէմ ՀՅԴ երիտասարդները ձեռնարկեցին ,ահազանգէ նախաձեռնութիւնը, իսկ նոյեմբերից նրանք բողոքի գործողութիւններ սկսեցին ԿԳՄՍ ոլորտում վարուող քաղաքականօթեան դէմ` պահանջելով նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը: Բուհերի ոչ հայագիտական ֆակուլտետներում հայոց լեզու, հայ գրականութիւն եւ հայոց պատմութիւն առարկաները` ոչ պարտադիր դարձնելու, բուհական ինքնավարութիւնն ու Գիտութունների Ազգային Ակադեմիայի գործունէութեան ոլորտները սահմանափակելու, դպրոցներում Հայ Առաքելական եկեղեցու պատմութեան դասաւանդումը դադարեցնելու, մշակոյթի ոլորտում կասկածելի եւ հայ հանրութեան ընկալումներին անյարիր նախաձեռնութիւններն ոտքի հանեցին ոչ միայն Դաշնակցական երիտասարդներին, այլեւ ԵՊՀ բանասիրութեան եւ պատմութեան ֆակուլտետների ուսանողներին եւ դասախօսներին, ուսանողական խորհրդին, մտաւորական եւ քաղաքական որոշ շրջանակների եւ տարբեր բուհերի ուսանողների: Գործողութիւններն ընթացան նստացոյցերի, բողոքի քայլերթերի եւ կառավարութեան դէմ բողոքի հաւաքների տեսքով: Վարչապետ Փաշինեանը հանդիպեց բողոքի ելած երիտասարդների, իսկ Արայիկ Յարութիւնեանը` դասախօսների հետ, սակայն արդիւնքում կրքերն աւելի շիկացան: Նախարարի հետ հանդիպում պահանջող ուսանողների նկատմամբ դեկտեմբերի 3-ին ոստիկանութեան եւ յատուկ ջոկատայինների մեծաթիւ ուժերը բռնի գործողութիւններ կիրառեցին` բերման ենթարկելով բողոքի 24 մասնակիցների: Մինչ այդ, դեռեւս մայիսին Դաշնակցութիւնը կազմակերպել էր` ժողովրդային շարժումից յետոյ ամենամարդաշատ հանրահաւաքը, որի ժամանակ ելոյթ ունեցողները խստօրէն քննադատեցին իշխանութեան կողմից վարուող քաղաքականութիւնը, հնչեցին սթափուելու կոչեր եւ իշխանութիւններին ցոյց տրուեցին դեղին քարտեր: Սեպտեմբերի 21-ին Հյդ-ի կողմից կազմակերպուեց նաեւ Անկախութեան տօնին նուիրուած քայլերթ եւ հանրահաւաք, որի ժամանակ եւս իշխանութեան հասցէին հնչեցին խիստ քննադատութիւններ: Իրենց բողոքի գործողութիւններն էին շարունակում ,վետոէ նախաձեռնութեան անդամները, որոնք նպատակադրուել էին Հայաստանում կասեցնել Սորոսի հիմնադրամի գործունէութիւնը. Ռոբերտ Քոչարեանի աջակիցները եւս, յատկապէս Մարտի 1-ի գործով դատական նիստերի օրերին, ակտիւ գործողութիւններ էին կազմակերպում` երկրորդ նախագահի ազատման եւ արդար դատավարութեան կարգախօսերով: Ակտիւ գործունէութիւն ծաւալեցին նաեւ ,ընդդէմ Ստամբուլեան կոնուենցիայի վաւերացմանէ նախաձեռնութեան անդամները, որոնք մայրաքաղաքում եւ հանրապետութեան տարբեր վայրերում կազմակերպեցին մի շարք միջոցառումներ ու ստորագրահաւաքներ: Այս կոնուենցիայի դէմ ծաւալուած ընդհանուր դժգոհութիւնների արդիւնքում իշխանութիւնները ստիպուած եղան վաւերացման գործընթացը յետաձգել յաջորդ տարուան:

 

Իշխանութիւնների դէմ ընդդիմութեան որոշակի համախմբման ազդակ էր «վերնատուն» ակումբի կողմից հրաւիրուած խորհրդաժողովը: Ժողովրդային շարժումից յետոյ, թերեւս առաջին անգամ էր, որ ընդդիմութեան տարբեր ուժերն ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները նստեցին նոյն սեղանի շուրջ` փորձելով գնահատել Հայաստանում ստեղծուած իրավիճակն ու առաջադրել լուծումներ:

 

Ողջ տարուայ ընթացքում իշխանութիւն-ընդդիմութիւն պայքարը համեմուեց փոխադարձ սուր քննադատութիւններով, մեղադրանքներով եւ անհանդուրժողականութեամբ: Իշխանութիւնները շարունակեցին մեղադրել Հայաստանեան ընդդիմութեանը, յատկապէս նախկին իշխանական ուժերին` ռեւանշիզմի եւ կոռումպացուած անցեալ ունենալու մէջ, իսկ ընդդիմութիւնը շարունակաբար մեղադրում էր իշխանութիւններին կոռուպցիոն նոր դրսեւորումների, կոռուպցիան օրինականացնելու, նախկին օլիգարխիայի ներկայացուցիչների հետ գործարքներ կնքելու, Արցախի հարցում, տնտեսական քաղաքականութեան ուղղութեամբ, սփիւռքի հետ յարաբերութիւնների հարցում ձախողումների, պաշտօնական անձանց շրջանում մեծաթիւ զինուորական ծառայութիւն չանցածների առկայութեան, ապազգային կրթամշակութային քաղաքականութիւն վարելու, դատական իշխանութեան վրայ ճնշումներ բանեցնելու եւ քաղաքական դրդապաճառներով դատավարութիւնների եւ ձերբակալութիւնների համար: Հայաստանում ստեղծուած այս լարուած մթնոլորտը հիմնականում պայմանաւորուած էր մի քանի հանգամանքներով.

 

1.Նախ Հայաստանում տեղի ունեցած փոփոխութիւններն ունէին ոչ միայն քաղաքական դրդապատճառներ, այլեւ քաղաքական սերնդափոխութեան բնոյթ, սակայն «նորերը» չունէին յստակ ազգային ծրագիր եւ շարունակում էին պայքարել «քաղաքացիական հասարակութեան» գործիքներով եւ անցեալի մերժման տրամաբանութեամբ:

 

2.Հայաստանում տեղի ունեցաւ իշխանափախութիւն, սակայն ոչ բովանդակային յեղափոխութիւն եւ նոր գաղափարները ծնւում էին հընթացս, յախուռն, երբեմն` չհիմնաւորուած: Բացը լրացնելու համար, նոր իշխանութիւնը շարունակում էր պոպուլիստական հռետորաբանութիւնը, այն ուղեկցելով «կլատիաթորական մարտերի» տրամաբանութեամբ` աղմկայարոյց ձերբակալութիւնների ու դատավարութիւնների տեսքով:

 

3.Փողոցային պայքարով իշխանութեան եկածները կանգնած էին մի շարք մարտահրաւէրների առջեւ. նախ նրանք չունէին պետական կառավարման փորձառութիւն, երկրրորդ, նրանց դէմ կանգնած էին պետութեան երկարամեայ ղեկավարման փորձառութեամբ, մեծ ֆինանսատնտեսական եւ մեդիայ ռեսուրսներ ունեցող ուժեր, որոնք կրնկակոխ հետեւում եւ բացայայտում էին նրանց սխալերը: Երիտասարդ իշխանաւորների զինանոցում պետական լծակներն ու ,հներիէ անցեալի բացթողումներն էին, որոնք սրի նման ճօճւում էին` ,ասֆալտին փռելուէ սպառնալիքով: Անմասն չմնաց նաեւ բանակը. Ապրիլեան պատերազմի օրերին ունեցած թերացումների պատճառներն ուսումնասիրելու նպատակով ԱԺ յանձնաժողովի ստեղծումը փորձ էր` նոր բաց վէրք գտնել ,հներիէ գործունէութեան մէջ եւ անընդհատ ,աղ լցնել վէրքինէ` հանրութեանը պահելով ,հանցաւորէ անցեալի մտապատկերի մէջ:

 

4.Նոր ուժը խնդիր ունէր դառնալ լիարժէք իշխանութիւն, իսկ փորձառու ընդդիմութիւնը լաւ էր հասկանում պետական համակարգի թոյլ կողմերը, սակայն համակարգում առկայ էր նաեւ առարկայական դժգոհութիւն. բազմամեայ վաստակով աշխատողները փոխարինւում էին ,հումէ կադրերով, որոնք յաճախ ի վիճակի չէին կայացնել որոշումներ եւ արդիւնաւէտ իրականացնել պետական ծրագրերը: Հետեւանքը եղաւ բիւջէի ծախսերի թերակատարումը, իսկ տարեվերջին կառավարութեան նիստում վարչապետը բացայայտ խօսեց պետական համակարգի դիմադրութեան եւ այն կոտրելու իր վճռականութեան մասին: Ճշմարտութեան կարեւոր մասն այն էր, որ նոր կադրերը ոչ միայն անփորձ էին, այլեւ յաճախ խուսափում էին ,աւելորդէ պատասխանատուութիւնից եւ մատնւում տեղապտոյտի:

 

5.,հների հակայարձակումըէ ճնշելու համար` ,նորերըէ յաճախ ընկնում էին ծայրայեղութիւնների մէջ. մասնաւորապէս, յայտարարելով, թէ դատական համակարգում դեռեւս մեծ է նախկինների ազդեցութիւնը, նոր իշխանութիւններն անթաքոյց քայլերով փորձեցին ,զաւթելէ դատական իշխանութիւնը` խախտելով օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների տարաբաժանման սկզբունքը:

 

Իշխանութեան «թաւշեայ» վարքագիծը ստեղծեց հակադրութեան եւ անհանդուրժողականութեան մթնոլորտ, եւ ընդդիմութիւնը դրան հակազդեց` տարբեր ուղղութիւններով եւ մեթոդներով ստեղծելով պայքարի օջախներ, որոնք մէկտեղուելու միտում ունեն: Ահա այս գործընթացը, թերեւս գերակշռող կը լինի արդէն յաջորդ` 2020 թուականին, հաւանաբար յանգեցնելով մտքի յեղափոխութեան, քաղաքակիրթ մրցակցութեան եւ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների:

 

Արտակ Սարգսեան
Դեկտեմբեր, 2019 թ.