Յարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր յարգանքի տուրք ենք մատուցում Պաքուի ջարդերի զոհերի յիշատակին:
30 տարի առաջ` 1990 թուականի յունուարեան այս օրերին, Պաքւում սկսուեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարիւրաւոր հայեր, շատերն էլ վիրաւորուեցին, ենթարկուեցին կտտանքների ու բռնի տեղահանուեցին, ոմանք էլ անյայտ կորան:
Այս ջարդերից յետոյ 250 հազար հայ բնակչութիւն ունեցող Պաքուն ի սպառ հայաթափուեց:
1990թ. Յունուարին Ատրպէյճանի իշխանութիւնների կողմից Պաքուում կազմակերպուած` ազգութեամբ հայ քաղաքացիների զանգուածային ջարդերը Ատրպէյճանի կողմից պետականօրէն ծրագրուած հայատեացութեան եւ հայերին բռնի տեղահանելու քաղաքականութեան հետեւանք էին: Շուրջ մէկ շաբաթ շարունակուող զանգուածային բռնութեան եւ սպանութիւնների միջոցով Ատրպէյճանի իշխանութիւններին յաջողուեց հասնել իրենց նպատակին. 1905 եւ 1918 թուականների ադրբեջանական վայրագութիւնները վերապրած Պաքուի հայկական համայնքը 1990 թուականի Յունուարին դադարեց գոյութիւն ունենալ, իրենց ծննդավայրից զրկուեցին մարդիկ, որոնք Պաքուն համարում էին հարազատ եւ իրենց աշխատանքով ու տաղանդով հարստացրել էին այդ քաղաքը:
Չնայած միջազգային հանրութեան արձագանքներին` ատրպէյճանական իշխանութիւնները մինչեւ օրս պատասխան չեն տուել էթնիկ հողի վրայ հարիւրաւոր մարդկանց սպանութեան, խոշտանգումների, բռնագաղթի, նրանց գոյքի եւ սեփականութեան յափշտակման համար` յանցագործութեան անպատժելիութեամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ատելութեան շարունակուող քարոզչութեամբ այսօր էլ խրախուսելով նման յանցագործութիւնները եւ վտանգելով տարածաշրջանային խաղաղութիւնը եւ անվտանգութիւնը:

Մարդկութեան դէմ նման յանցագործութիւնները չունեն վաղեմութեան ժամկէտ:
Այսօր գլուխ խոնարհելով մեր նահատակների յիշատակի առջեւ, աւելի քան երբեւէ պէտք է գիտակցենք, որ համախմբուածութեամբ եւ միասնութեամբ, համատեղ ջանքերով պէտք է ամէն ինչ անել` յետայսու բացառելու նման յանցագործութիւնների կրկնութիւնը: