Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութիւնը յայտարարութիւն  տարածած է Արցախի մէջ 31 Մարտին տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններուն մասին:

ՀՀ ԱԳՆ յայտարարութիւնը․

«Մենք շնորհաւորում ենք Արցախի իշխանութիւններին եւ ժողովրդին 31 Մարտին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան ազատ եւ արդար ընտրութիւնների անցկացման առթիւ:

Արցախի ժողովուրդն իրաւամբ վաստակել է ազատ եւ արժանապատիւ ապրելու, ժողովրդավարական եւ ժամանակակից հասարակութիւն ունենալու իրաւունքը: Այս համապետական ընտրութիւնները, որոնք անցան ժողովրդավարական ազատ մրցակցութեան եւ քաղաքացիական համերաշխութեան միջավայրում, դրա լաւագոյն վկայութիւնն են:

Դրանք մէկ անգամ եւս փաստեցին, որ մարդու իրաւունքները, մասնաւորապէս ընտրելու եւ կառավարմանը մասնակցելու իրաւունքը, անօտարելի են եւ համընդհանուր: Մարդու իրաւունքների հիմնարար փաստաթղթերը, մասնաւորապէս` Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը եւ Մարդու իրաւունքների միջազգային դաշնագրերը, յստակօրէն սահմանում են, որ մարդու իրաւունքների համատեքստում որեւէ տարբերակում չպէտք է դրուի` ելնելով տարածքի քաղաքական, իրաւական կամ միջազգային կարգավիճակից, եւ բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրաւունքի ուժով կարող են ազատօրէն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը եւ հետամուտ լինել իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացմանը:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմնաքարն է: Այս իրողութիւնն ամբողջովին արտայայտուած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացուած կարգաւորման սկզբունքներում եւ տարրերում, որտեղ ամրագրուած է այդ իրաւունքով Արցախի ժողովրդի` իրաւական պարտադիր ուժ ունեցող կամարտայայտման միջոցով Արցախի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը:

Յատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահներն Արցախի ընտրութիւնների վերաբերեալ իրենց յայտարարութեան մէջ հակամարտութեան կարգաւորմանն ուղղուած սկզբունքների եւ տարրերի համատեքստում եւս մէկ անգամ ընդգծեցին Արցախի բնակչութեան դերն իր ապագան որոշելու գործում:

Արցախի ապագայ իշխանութիւնները, որոնք խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում արդէն ստացել են, իսկ նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլի արդիւնքով ստանալու են Արցախի ժողովրդի մանդատը, առանձնայատուկ պատասխանատուութիւն եւ դերակատարում ունեն ղարաբաղեան խաղաղ գործընթացում:

Արցախի ընտրուած իշխանութիւնների ակտիւ(աշխոյժ«Գ.») ներգրաւումը որպէս հակամարտութիւն կարգաւորման հիմնական կողմ էականօրէն կը բարձրացնի բանակցային գործընթացի արդիւնաւէտութիւնը եւ կ’ապահովի առաջընթաց կարգաւորման առանցքային հարցերում:

Արցախի ընտրութիւնները կարեւոր են նաեւ տարածաշրջանում ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ քաղաքացիական հասարակութեան ամրապնդման տեսակէտից:  Այն վերստին փաստում է իրողութիւնը, որ հակամարտութիւնը չի կարող դառնալ անյաղթահարելի խոչընդոտ ժողովրդավարական հասարակութեան կառուցման ճանապարհին:

Այս օրերին մենք նաեւ յարգանքի տուրք ենք մատուցում Արցախի ժողովրդի դէմ չորս տարի առաջ Ատրպէյճանի կողմից իրականացուած ռազմական ագրեսիայի (արարքի«Գ.») եւ վայրագութիւնների զոհերի յիշատակին: Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ տարածաշրջանի բոլոր երկրների ժողովրդավարական զարգացումը եւ սեփական ժողովուրդների առջեւ հաշուետու իշխանութիւնների ձեւաւորումը տարածաշրջանային անվտանգութեան եւ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գրաւականն է»: