«Ապառաժ».- Թէեւ Արցախի Հանրապետութեան իշխանութիւններու կողմէն շարք մը նախաձեռնութիւններ ձեռնարկուած են ` համավարակի հետեւանքով յառաջացած  շարք մը կառավարչական եւ ընկերային հարցերու լուծման ուղղութեամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի Կեդրոնական կոմիտէն կը ներկայացնէ համավարակի պայմաններուն տակ հակաճգնաժամային կառավարման առնչութեամբ իր առաջարկութիւնները, որոնք 21 Ապրիլին ներկայացուած են ԱՀ նախագահ Բակօ Սահակեանին:

Իրավիճակի փոփոխութեան ընթացքին սոյն առաջարկութիւններու փաթեթը կարելի է լրացուիլ եւ համալրուիլ:

Իրավիճակի գնահատում

Ամբողջ աշխարհի առջեւ կանգնած մարտահրաւէրների յաղթահարումը պետութիւններից պահանջում է խստագոյն կարգապահութեան, վճռականութեան, օպերատիւութեան պայմաններում լաւագոյն կառավարչական հմտութիւնների գործադրում եւ համապատասխան ժամանակահատուածում բազմաթիւ, այդ թւում` ցաւոտ որոշումների կայացում:

Դեռեւս վաղ է աշխարհի ու Արցախի համար COVID-19 համավարակի տնտեսական հետեւանքների ամբողջական գնահատական տալ, բայց կասկածից դուրս է, որ տնտեսական անկումն անխուսափելի է: Այժմ հարկաւոր է ապահովել քաղաքացիների ու պետութեան անվտանգութիւնը եւ լուծել բնակչութեան առջեւ ծառացող կենսական սոցիալական խնդիրները:

Հաշուի առնելով երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրները` Արցախի Հանրապետութեան կառավարութիւնը պէտք է գործուն քայլեր ձեռնարկի` նուազագոյնի հասցնելու քաղաքացիների եւ փոքր տնտեսվարողների ուսերին ընկնող ծանրութիւնը եւ հնարաւոր կորուստները, ձեռնպահ մնա այնպիսի քայլերից, որոնցից հերթական անգամ կշահէն խոշոր ձեռնարկութիւններն ու ֆինանսական կազմակերպութիւնները: Համավարակի անկանխատեսելիութիւնը, մասշտաբայնութիւնը ձեւաւորում են ֆինանսատնտեսական երկարաժամկէտ համակարգային ճգնաժամեր: Ուստի սկզբունքային է իրականացնել քայլեր, որոնք նախ երաշխաւորում են բնակչութեան անվտանգ գոյութիւնը եւ պետութեան կենսունակութիւնը: Այդ քայլերը պէտք է նախատեսուեն առնուազն մինչեւ համավարակի համընդհանուր չէզոքացումը:

Այդ պատճառով ողջ աշխարհում առաջնային խնդիրը համավարակի տեղայնացումն է, օջախների եւ հիւանդների բացայայտումը, տարածման բացառումը: Նման միջոցառումների իրականացումը յանգեցրել է ամբողջ աշխարհում տնտեսութեան շարժի դանդաղեցմանը, ուղեւորային փոխադրումների նուազեցմանը, բեռնափոխադրումների դժուարացմանը, սպառման եւ արտադրութեան ձեւաւորուած համակարգերի խախտմանը, սպառողական շուկայում նոր իրավիճակի առաջացմանը եւ տնտեսական կեանքի պարտադրուած սառեցման այլ հետեւանքների:

Այսինքն` ընկերային-տնտեսական դժուարութիւնները չունեն ֆինանսական կամ տնտեսական հիմք եւ շարունակուելու են այնքան, քանի դեռ գոյութիւն ունի վարակի տարածման վտանգը:

Քանի որ այսօր որեւէ կանխատեսում հնարաւոր չէ կատարել, ապա պետութեան կողմից իրականացուող քաղաքականութիւնը պէտք է նպատակաուղղուած լինի ռեսուրսների ամբողջական ներգրաւման միջոցով կորուստների նուազեցմանը` մինչեւ որոշակիութեան եւ կանխատեսելիութեան տարրերի առկայութիւնը: Ներկայացուող առաջարկները վերաբերում են առաջիկայ 2 ամիսներին: Դրանց նպատակն է բոլոր ռեսուրսների առաւելագոյն խնայողութեան եւ համախմբման պայմաններում, պետութեան եւ հասարակութեան արդիւնաւէտ պաշտպանութեանն ուղղուած հիմքեր ձեւաւորելով, ստեղծել դիմագրաւելու ունակ համակարգ:

Պետական կառավարման համակարգ, ֆինանսա-բիւջետային եւ դրամավարկային քաղաքականութիւն

  1. Պետական կառավարման բոլոր մարմիններում ձեւաւորել արտակարգ դրութեան յանձնաժողովներ: Մնացած աշխատակիցները պարտաւոր են աշխատել տնից:
  2. Պետական կառավարումն իրականացնել բացառիկ խնայող ռեժիմում`

— դադարեցնել այն ծրագրերի ֆինանսաւորումը, որոնք այս իրավիճակում հրատապ չեն,

— դադարեցնել գնումների մրցոյթների իրականացումը, բացառութեամբ այն դէպքերի, երբ դա անհրաժեշտ է արտակարգ դրութեան պայմանների ապահովման համար,

— դադարեցնել բոլոր տեսակի պարգեւատրումները բոլոր մակարդակների պետական մարմիններում,

— արգելել թէ՛ պետական մարմիններում, թէ՛ ոչ պետական կազմակերպութիւններում բոլոր տեսակի գործուղումները, բացառութեամբ պարէտի յատուկ թոյլտուութեան, եթէ դա բխում է արտակարգ դրութեան իրավիճակից,

— դադարեցնել հարկային ստուգումները եւ սոյն ժամանակահատուածում պահանջուող հաշուետուութիւնների համար սահմանել այլ ժամանակաշրջան:

  1. Դադարեցնել պետական պիւտճէից մասհանումները կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին:
  2. Դադարեցնել այն ծրագրերը, որոնք աւելի են վատացնում տնտեսվարողների եւ քաղաքացիների վիճակը, միաժամանակ նպաստելով պետական բիւջէի հաշուին ֆինանսական համակարգի հարստացմանը, ինչպէս, օրինակ` չհիմնաւորուած վարկաւորման խթանումը:
  3. Պետական պիւտճէի ծախսային քաղաքականութիւնը վերակառուցել` առաջնահերթութիւն համարելով առողջապահական ծրագրերը, ինչպէս նաեւ համավարակի կանխարգելման, բուժման եւ հեռավար աշխատանքների կատարման ու ծառայութիւնների մատուցման տեխնոլոգիական(ճարտարագիտական) նորարար լուծումներին ֆինանսական աջակցութեան ցուցաբերումը:
  4. Ձեւաւորել բանկերի (դրամատուներու) եւ վարկային կազմակերպութիւնների կողմից կազմակերպութիւններին եւ քաղաքացիներին տրամադրուած վարկերի սպասարկման` ի շահ վարկառուների յետաձգման միասնական գործելաոճ:
  5. Արգելել օնլայն շահումով խաղերի գործունէութիւնը եւ դրանց բոլոր տեսակի գովազդը:
  6. Բոլոր պայմանագրային, իրաւական եւ այլ պարտաւորութիւնների մասով թոյլ տալ կազմակերպութիւններին եւ քաղաքացիներին փոխադարձ համաձայնութեամբ յետաձգումները, որոնք չեն կարող ենթարկուել տոյժերի կամ տուգանքների կամ ենթարկուել պետական մարմինների կողմից պատժական սանկցիաների (որոշումներու) կիրառմանը: Որոշ ոլորտների համար պարէտատան կողմից կարող են սահմանուել նման յետաձգումների պարտադիր կիրառումներ:
  7. Ներկայիս մարտահրաւէրով պայմանաւորուած` նախաձեռնել պետական պարտքի տարեկան մարումների եւ սպասարկման վճարները սառեցնելու եւ/կամ վերակառուցելու հարցի քննարկում:

Ռազմավարական պաշարներ եւ պարէնային անվտանգութիւն

  1. Յայտարարել ռազմավարական նշանակութեան մի շարք ապրանքների (ալիւր, շաքարաւազ, կարագ, ձէթ, ձու, միս եւ այլն) գների սառեցման մասին: Ցանկացած փոփոխութիւն կարող է կատարուել միայն պարէտատան թոյլտուութեամբ: Սոյն սահմանափակումը կարող է կիրառուել նաեւ այլ ապրանքների դէպքում, որոնք անհրաժեշտ են արտակարգ դրութեան պայմաններում երկրի կենսունակութիւնը ապահովելու համար: Ռազմավարական նշանակութեան ապրանքների ցանկը սահմանում է ԱՀ կառավարութիւնը:
  2. Հրատապութեան դէպքում առաջին անհրաժեշտութեան ապրանքների ու դեղորայքի վրայ կիրառել նորմաւորում:
  3. Խստօրէն վերահսկել պարէնային եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների գների չհիմնաւորուած աճը կամ վաճառքը եւ վերավաճառքը խանութներից եւ առեւտրի կազմակերպման վայրերից դուրս:
  4. Գոյքագրել ռազմավարական պաշարները, ձեռք բերել այն պարէնամթերքը, վառելիքը, դեղորայքը, որն անհրաժեշտ է լինելու առաջիկայ վեց ամիսների համար: Նման ձեռքբերումներն իրականացնել ինչպէս բիւջէի պահուստային ֆոնդի հաշուին` պետական ընկերութիւնների միջոցով, այնպէս էլ ներգրաւելով մասնաւոր կառոյցներ եւ նրանց ֆինանսական հնարաւորութիւնները:
  5. Գիւղատնտեսական աշխատանքների մեկնարկի այս փուլում ռեսուրսներն ուղղել գիւղմթերքների, հացահատիկային մշակաբոյսերի լայնամասշտաբ արտադրութեան կազմակերպմանը:
  6. Պետական պատուերի միջոցով գիւղացիական եւ ֆերմերային տնտեսութիւններին պատուիրել որոշակի մթերքի արտադրութիւնը` 2020 թուականի ընթացքում երաշխաւորուած պետական գնման պայմանով:
  7. Գարնանացանի ոռոգման ջուրը, պարարտանիւթը եւ սերմերը գիւղացիական տնտեսութիւններին տրամադրել անհատոյց` այն գիւղմթերքների արտադրութեան համար, որոնց մասով առկայ է երաշխաւորուած պետական գնում:

Սոցիալական քաղաքականութիւն

  1. Այն քաղաքացիները, որոնք մինչեւ արտակարգ դրութեան յայտարարումը հանդիսացել են գրանցուած աշխատող, սակայն արտակարգ դրութեան պատճառով գտնւում են պարապուրդում, ընտանիքի չաշխատող մէկ անձի հաշուարկով պետական բիւջէից պէտք է ստանան ամսական նուազագոյն կենսապահովման գումարի չափով հատուցում: Եթէ ընտանիքում մէկից աւելի աշխատող է եղել, ապա ընտանիքի մէկ անձի հաշուարկով գումարը, միեւնոյն է, չի կարող գերազանցել վերը նշուած չափը:
  2. Պետութիւնը պէտք է ուսումնասիրի յետագայ սոցիալական աջակցութեան քաղաքականութիւնը միւս սոցիալական խաւերի նկատմամբ առաջին մէկ ամսուայ համապետական կարանտինի աւարտին` մինչեւ մայիսը: Սա կարող է ենթադրել դրանից յետոյ այնպիսի միջոցառումների իրականացում, ինչպիսիք են`

— սոցիալական աջակցութեան շրջանակի ընդլայնումը,

— հանրային հատուածի բարձր վարձատրուող աշխատակիցների աշխատավարձերի ժամանակաւոր կրճատումը` առաւելագոյն շեմի սահմանմամբ:

ՀՅ Դաշնակցութեան Արցախի Կեդրոնական Կոմիտէ