Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Աշխատանքի օրն է:
Պսակաձեւ ժահրի համավարակի պատճառով ձեզնից ոմանք ժամանակաւորապէս կտրուել են աշխատանքից, ոմանք կորցրել են աշխատանքը` իրենց ամէնօրեայ ապրուստի միակ միջոցը: Հասկանում եմ ձեր ընտանիքների վիճակը եւ կիսում եմ ձեր մտահոգութիւնները: Հասկանում եմ, թէ այս իրավիճակում ինչ է նշանակում մնալ առանց աշխատանքի:
Գիտեմ, որ այս պահին ձեզնից շատերը փրկօղակ են որոնում: Պետութեան աջակցութեան կարիք կայ, նաեւ միմեանց ձեռքն ամուր բռնելու կարիք կայ, որովհետեւ առանց իրար օգնելու չենք կարող առաջ շարժուել, առաւել եւս` արտակարգ իրավիճակում: Դուք բոլորդ աշխատանքի մարդիկ էք, աշխատանք սիրող մարդիկ: Եւ բնաւ կապ չունի, թէ, արտակարգ իրավիճակով պայմանաւորուած, որտեղ էք այս պահին` տանը մեկուսացած, թէ շինհրապարակում, վիրահատական սեղանի առաջ, թէ գիտական թեզը շարունակելիս, ծառայութեան մէջ էք, թէ սպասում էք գործատուի զանգին:
Մենք սովոր ենք դժուարութիւններ յաղթահարել, եւ այսօր էլ դա պէտք է անենք միասին: Իսկ յաղթահարելը նոյնպէս աշխատանք է, որը ոչ ոք միւսի փոխարէն չի կարող անել:
Եղէ՛ք ամուր, եղէ՛ք հաստատակամ:
Առողջութիւն, ուժ եւ կորով ձեր մտքին, հոգուն ու մարմնին:
Ամենայն բարիք ձեր տանն ու ընտանիքներին:

Արմէն Սարգսեան