ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէն հետեւեալ հաղորդագրութիւնը հրապարակած է․

Սիրելի  հայրենակիցներ,

Արցախում առաջին անգամ կայացած համաժամանակեայ  խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնների արդիւնքներով այժմ կազմաւորւում են երկրի գործադիր եւ օրէնսդիր նոր իշխանութիւնները:

9 Ապրիլ  2020-ի յայտարարութեամբ տեղեկացրել ենք ԱՀ Ազգային Ժողովի ընտրութիւնների կապակցութեամբ մեր գնահատականների եւ նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում ՀՅԴ դիրքորոշման մասին:

Նկատի ունենալով համապետական ընտրութիւնների եւ ընտրուած նախագահի հետ բանակցութիւնների արդիւնքները`  նպատակայարմար չենք գտնում մաս կազմել ձեւաւորուող  կառավարութեանը:

7 Յուլիս 2019- ին եւ 30 Օգոստոսին ՀՅԴ հրապարակած քաղաքական միասնական օրակարգի առաջնահերթութիւնների եւ նախընտրական ծրագրի հիման վրայ յարաբերութիւններ ենք կառուցելու ինչպէս քաղաքական ուժերի, այնպէս էլ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների հետ:

Յոյսով ենք, որ նոր իշխանութիւնները ջանք չեն խնայի յաջողութիւններ արձանագրելու ներքաղաքական խորհրդակցութիւնների ընթացքում առաւել կարեւորուած` պետականութեան ամրապնդման, անվտանգութեան ապահովման, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման, Սահմանադրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետութեան հետ ռազմաքաղաքական դաշինքի իրաւապայմանագրային ամրագրման, տնտեսական զարգացման, սոցիալական արդարութեան հաստատման, վերաբնակեցման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելաւման ուղղութիւններով:

ՀՅ Դաշնակցութիւնն իր համահայկական կառոյցով հաստատակամօրէն շարունակելու է ներդրում ունենալ հայրենիքի  բարգաւաճման գործում: ՀՅ Դաշնակցութեան ելակետային ուղենիշը եղել եւ մնում է ազատութեան, արդարութեան, ազգային ու համամարդկային արժէքների ամրակայումը եւ ներազգային համերաշխութեան  ապահովումը:

ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէ

25.05.2020