Լիբանանի Մէջ Սուրիահայութեան Նուիրուած Լէոնորայի Համերգը Տեղի Ունեցած Է Սփիւռքի Նախարար Հրանոյշ Յակոբեանի Մասնակցութեամբ

0

10-14 Դեկտեմբերին աշխատանքային այցելութեամբ Լիբանան գտնուող ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան 11 Դեկտեմբերի երեկոյեան Պուրճ Համուտի Յակոբ Տէր Մելքոնեան համերգասրահին մէջ մասնակցած է օփերայի երգչուհի Լէոնորայի (Արեւիկ Թանաշեան) մենահամերգին։ Համերգը տեղի ունեցած է Լիբանանի մէջ ՀՀ Դեսպանութեան, Նոր Սերունդ Մշակութային Միութեան, Թէքէեան Մշակութային Միութեան, ՀԲԸՄ Հայ Երիտասարդաց Ընկերակցութեան եւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան կազմակերպութեամբ, ՀՀ Սփիւռքի Նախարարութեան հովանաւորութեամբ:

Ըստ «Հայերն այսօր»-ի` շուրջ 400 հանդիսականներու մասնակցութեամբ համերգը անցած է խանդավառ մթնոլորտի մէջ: Սեդօ Պաղտասարեանի նուագախումբին ընկերակցութեամբ երգչուհին ներկայացուցած է ժողովրդական եւ ազգային սիրուած երգերու շարք մը: Յատկանշական է, որ Գիւմրիի մէջ ծնած ու երկրաշարժէն հրաշքով փրկուած երգչուհին իր մենահամերգի ամբողջ հասոյթը որոշած է նուիրել սուրիահայերուն:

«Սիրիան եւ սիրիահայութիւնը ծանր օրեր ապրեցին եւ դեռ շարունակում են ապրել: Այդ ծանր օրերին նրանց կողքին էր նաեւ լիբանանահայութիւնը: Դուք ամէն ինչ արեցիք, որ մօտ 10-15 հազար սիրիացիներն իրենց լաւ զգան այս երկրում: Հայրենիքն իր հերթին գրկաբաց ընդունեց շուրջ 22.000 սիրիահայերի: Եւ մենք անում ենք ամէն բան, որպէսզի նրանք հաստատուն կանգնեն իրենց սեփական հողի վրայ»,-ողջունելով երգչուհիին այս գովելի նախաձեռնութիւնը` համերգին աւարտին ըսած է ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան: Ան նաեւ լուսարձակի տակ առած է այն քայլերը, որոնք Հայաստանի Հանրապետութիւնը առած է եւ կ’առնէ` Հայաստան հաստատուած սուրիահայերու ընդելուզման նպաստելու համար:

Շնորհաւորելով ներկաները Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակին առիթով` Հրանոյշ Յակոբեան ըսած է. «Հայրենիքն այսօր մեծ բարեփոխումներ է ապրում: Հայրենիքն սպասում է լաւագոյն ներդրումների ձեր կողմից: Մենք բարեգործութիւն չենք ուզում, մենք ուզում ենք, որ Հայաստանը ծաղկի, որ Հայաստանում աշխատատեղեր ստեղծուեն: 12 միլիոն հայերով կարող ենք ստեղծել մեր երազանքների Հայաստանը: Ես ուզում եմ, որ դուք հպարտ լինէք, քանի որ անցնող 25 տարիների ընթացքում 2 հայկական պետութիւն ենք ստեղծել` ազատ ու անկախ Հայաստանը եւ մեր չքնաղ Արցախը»:

Աւարտին նախարարը շնորհաւորած է բոլորը` գալիք Սուրբ Ծնունդի եւ Ամանորի կապակցութեամբ` մաղթելով, որ 2017-ը խաղաղութիւն ու ջերմութիւն բերէ: «Ուզում եմ, որ 2017-ը լինի Հայի տարի, Արցախի տարի, մեր յաղթանակների ու առաջընթացի տարի: Ուզում եմ, որ 2017-ին ձեզանից ամէն մէկն անպայման հիւրընկալուի Մայր Հայաստանում»,-ըսած է Հրանոյշ Յակոբեան:

Share.

Leave A Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.