Սուսաննա Մկրտչեան. «Ուիքիփետիան Արեւմտահայերէնը Տարածելու Միջոց է Նաեւ»

0

3-10 Յուլիս 2017-ին Հայաստանի մէջ կազմակերպուած «Ուիքի դասընթացք-հաւաք»ին առիթով «Գանձասար» հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ «Ուիքիմետիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպութեան նախագահ Սուսաննա Մկրտչեանի հետ:

«Գ.».- Ի՞նչ է Ուիքիի հայերէն ծրագիրը, ե՞րբ սկսած է կիրարկուիլ եւ որո՞նց համար նախատեսուած է:

Ս.Մ..- Ուիքիփետիան մօտ 300 լեզուով կը գործէ: Առաջին անգամ երբ ես Ուիքիփետիայի հետ գործ ունեցայ, հասկացայ, որ նորօրեայ համացանցի աշխարհում մեր լեզուի թէ՛ արեւմտահայերէնի եւ թէ արեւելահայերէն ճիւղերի տարածման լաւագոյն միջոցն է ան: Մենք կարող ենք այս բազմալեզու եւ բարդ աշխարհում մեր լեզուն պահպանել Ուիքիփետիայի եւ միւս ուիքի նախագծերի միջոցով:

Արեւմտահայերէնը կար արդէն, բայց շատ թերի եւ թոյլ էր. մենք միջոցառումների ձեռնարկեցինք դրա համար ու հէնց առաջի քայլերից ուշադրութիւն յատկացրեցինք արեւմտահայերէնին, երբ տարբեր աղբիւրներից անդրադարձ եղաւ, որ արեւմտահայերէնը վտանգուած լեզուների ցանկում է: Ես ինքս սփիւռքահայ չեմ, ուղղակի այդ ձեւով տեղեկացայ եւ հէնց այդ միջոցն է որով մենք կարող ենք ե՛ւ լեզուն պահպանել, ե՛ւ ազգին միաւորել, ե՛ւ սերունդներին մեր պատմութիւնը հաղորդել: Դրա համար հէնց 2014 թուականից սկսեցինք արեւմտահայերէնի առաջին ճամբարին: Էստեղ կային սիրիահայ երիտասարդներ, մենք իրանց հրաւիրեցինք ճամբար:

Արեւելահայերէնը 2003 թուականից ինչ որ գոյութիւն ունէր կայքի վրայ, դեռ ցաւօք անջատուած չէ արեւմտահայերէնը. ուղղակի մենք ինչ որ ձեւով յատուկ միջոցներ ենք անում յօդուածը տարբերակելու ե՛ւ արեւմտահայերէն ե՛ւ արեւելահայերէն: «Կիւլպէնկեան հիմնադրամ»ի հետ համագործակցելով մենք այս տարի յայտ ենք ներկայացրել, որպէսզի արեւմտահայերէնը յատուկ տարբերակ ունենայ եւ համացանցում տարածուի ու մենք կարողանանք շարունակել մեր սկսած գործը:

2015-ից «Կիւլպէնկեան հիմնադրամ»ը լսելով ճամբարների մասին նոյնպէս քաջալերեց մեզ եւ սկսեցինք համագործակցել, արդէն 2015-ից մենք ամէն տարի Հայաստանի մէջ ճամբարներ ունենք, որպէսզի զարգացնենք գործելաոճը: Սփիւռքում նոյնպէս ճամբարներ ենք անում: Բացի դրանից, մի անգամ էլ էստեղ ուիքի-դասընթացք կազմակերպել ենք Լիբանանի ուսուցիչների համար: Այս տարի արդէն որոշեցինք տարբեր երկրներից ունենալ մասնակիցներ եւ ի ուրախութիւն ինձ, կարող եմ ասել որ այս տարուայ հաւաքը շատ արդիւնաւէտ էր եւ կարծում եմ արդէն ինչ որ ձեւով այդ գաղափարները տարածում գտել են: Բացի դրանից, հիացած եմ մասնակիցների կարողութիւններին, գիտակցութեան եւ մօտեցման վրայ:

 

«Գ.».- Քանի՞ դասընթացք կազմակերպած էք եւ նման դասընթացքներու կազմակերպումը ինչպիսի՞ անդրադարձ կ՛ունենայ ուիքիի տարածումին եւ ամբողջականացման վրայ:

Ս.Մ..- Մենք բացի երիտասարդների հետ աշխատելուց, ունենք դասընթացքներ Հայաստանի հեռու մարզերի ուսուցիչների համար, տարին երկու անգամուայ դրութեամբ եւ ինչպէս տեսնում էք, սփիւռքահայ ուսուցիչների, լրագրողների եւ հետաքրքրուողների համար: Բացի դրանից ամիսը մէկ անգամ էլ գիտնականների, դասախօսների համար աւելի կարճ երկօրեայ դասընթացք ենք կազմակերպում: Այդ բոլորը ոչ միայն որոշակի մարդկանց ենք սովորեցնում, այլ ուզում ենք որ նախագիծը տարածուի, մարդիկ իրենց շրջապատում տարածեն. յատկապէս ուշադրութիւն ենք դարձնում ուսուցիչների վրայ, որ իրենց կարգին փոխանցեն փոքր տարիքի երեխաներին եւ սովորեցնեն ինչպէս օգտուել եւ հարստացնել ուիքիփետիան:

 

«Գ.».- Կը գործակցի՞ք պատմագէտներու, հայագէտներու եւ այլ մասնագէտներու հետ:

Ս.Մ..- Ցաւօք շատ դժուար է դա առաջ գնում, երեւի որ թոյլ էր ուիքիփետիայի կապերը, շատերը մտածում էին որ հայերէն բաժինը այդքան չի զարգանայ, բայց կարծում եմ որ իւրաքանչիւրս մի փոքր գործ անելով կարող ենք: Հայերէն ուիքիփետիան ընդլայնուեց: Ներկայիս արդէն աւելի քան 229 հազար յօդուած կայ հայերէն Ուիքիփետիայում: Եթէ ուզենանք համեմատել խորհրդային ժամանակների 13 հատոր կազմած հանրագիտարանների, որոնք ունէին 30 հազար յօդուած, պատկերացրէք որքան շատ տարբերութիւն կայ եւ արդէն հաւատք կայ մասնագէտների մէջ եւ անհանգստութիւն կայ, որ որքան հնարաւոր է աքդուալ (գործնական- խմբ.) լինի, որակը բարձր լինի:

Ես կոչ կ՛անեմ բոլոր հայագէտներին հեռու չմնալ, չմտածել որ դա իրենց գործը չի, հաւատացէք որ հայագէտների մօտեցումը էապէս կը փոխուի, եւ ուիքիփետիայի ամենակարեւոր յատկութիւնը համագործակցութիւնն է, ուրիշին լսելու կարողութիւնը: Մարդիկ փոխւում են ուիքիփետիայում խմբագրելով եւ հայագէտները կարող են ուիքիփետիայի շուրջը գալ, միեւնոյն տեսակէտին համար աւելի հանդուրժող լինել: Տարբեր երկրներում հետազօտութիւններ են կատարուել թէ «ինչպէ՞ս է ազդում ուիքիփետիա խմբագրելը դասախօսների, գիտնականների վրայ», որոշ ժամանակ անց ստացւում է որ, ովքեր խմբագրում են իրենք իրենց երկրների առաջատար գիտնականներն ու դասախօսներն են:

Share.

Leave A Reply