ՍՈՒՄԿԱՅԻԹԻ  ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ  ՋԱՐԴԵՐԻ  30-ՐԴ  ՏԱՐԵԼԻՑԻՆ  ՆՈՒԻՐՈՒԱԾ  ՅՕԴՈՒԱԾԻ ՆԱԽԱԳԻԾ/ԴՐՈՅԹՆԵՐ (MODERATE VERSION)

0

1988թ.  Փետրուարը շրջադարձային դարձաւ թէ՛ հայ-ատրպէյճանական յարաբերութիւնների հետագայ ընթացքի, եւ թէ Հարաւային Կովկասի անվտանգութեան, կայունութեան եւ հետագայ զարգացման համար: 1988թ. Փետրուարին` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան Ատրպէյճանի կազմից դուրս գալու ցանկութեան, որն արտայայտւում էր խաղաղ ցոյցերով, Ատրպէյճանի իշխանութիւններն արձագանգեցին հայաշատ քաղաքներում բնակուող խաղաղ հայ բնակչութեան դէմ կազմակերպուած բռնութիւններով:

Այդ պահից ի վեր տարածաշրջանում զարգացումները գրեթէ կանխորոշուած էին` էսկալացիա (կացութեան սրում-խմբ.), որը վերաճեց բուն Ատրպէյճանում, նաեւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչութեան դէմ Ատրպէյճանի իշխանութիւնների կողմից հրահրուած հրոսակների խմբերի, այնուհետ կանոնաւոր բանակի յարձակումների:

Ամէնը սկսուեց Սումկայիթից: Պաշտօնական տուեալների համաձայն,  այդ քաղաքում երեք օր տեւած հայերի ջարդերին զոհ գնացին 32, իսկ անկախ աղբիւրների համաձայն` հարիւրաւոր հայեր: Ատրպէյճանի իշխանութիւնների բացայայտ աջակցութեան եւ թողտուութեան արդիւնքում հակահայկական ատելութեամբ լցուած խուժանի կողմից կանայք, տղամարդիկ, տարեցներ դաժանաբար սպանուեցին իրենց բնակարաններում եւ քաղաքի փողոցներում: 30 տարի անց էլ, կարդալով ականատեսների սահմռկեցուցիչ վկայութիւնները, անհնար է համակերպուել այն գաղափարին, որը մարդ արարածը կարող է նման կերպ վարուել մէկ այլ մարդ արարածի հետ, որը դեռեւս երէկ հարեւան էր, գործընկեր, ծանօթ: Այդ օրերին ոտնահարուեց մարդու իրաւունքներից ամենահիմնարարը` կեանքի իրաւունքը: Մարդիկ թիրախաւորուեցին եւ սպանուեցին իրենց ազգային պատկանելիութեան պատճառով: Գազազած ամբոխի համար հայն ապրելու իրաւունք չունէր:

Ընդամէնը մէկ գիշերուայ ընթացքում Արեւելեան Եւրոպայի քաղաքներ, Աֆղանստան հասնող խորհրդային զօրամիաւորումների համար պահանջուեց երեք օր, որպէսզի մտնեն Սումկայիթ եւ վերջ դնեն վայրագութիւններին:

1988թ  Մարտի 21-ին Նոպելեան մրցանակակիր, յայտնի գիտնական, իրաւապաշտպան Անտրէյ Սախարովը սումկայիթեան ջարդերի վերաբերեալ ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Կորպաչովին ուղղուած նամակում գրել էր. «Եթէ՛ մինչեւ Սումկայիթը որեւէ մէկը կարող էր կասկածել Լեռնային Ղարաբաղն Ատրպէյճանից անջատելու անհրաժեշտութեան վերաբերեալ, ապա այդ ողբերգութիւնից յետոյ բոլորին պէտք է պարզ դառնայ նման որոշման բարոյական անխուսափելիութիւնը: Այդ ողբերգութիւնից յետոյ չի մնում որեւէ բարոյական հնարաւորութիւն պնդելու Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելութիւնն Ատրպէյճանին: Սումկայիթի զոհերի ցուցակները չեն հրապարակուել, եւ դա ստիպում է կասկածի տակ դնել զոհուածների թուի մասին պաշտօնական տուեալների ճշգրտութիւնը: Հետաքննութեան վերաբերեալ որեւէ տեղեկութիւններ չկան: Նման յանցագործութիւնը չէր կարող չունենալ կազմակերպիչներ: Ովքե՞ր էին դրանք…» 1988թ. Նոյեմբերի 26-ին «Նիւ Եորք Թայմզ» թերթին Սախարովն ասել էր, որ հայերի դէմ ուղղուած ջարդերը Ատրպէյճանի հայկական փոքրամասնութեան եւ Լեռնային Ղարաբաղի բնակչութեան բնաջնջման իրական վտանգ են հանդիսանում (New York Times, November 26, 1988)

Ջարդերից յետոյ կատարուած հետաքննութիւնը բաւականին մակերեսային էր եւ չպատասխանեց գլխաւոր հարցին. ո՞վ էր կանգնած այդ խուժանի թիկունքում եւ ո՞վ էր ուղղորդում ամբոխը: Իսկ այն, որ դա մէկ կենտրոնից ուղղորդուող գործողութիւններ էին որեւէ կասկած չկայ եւ դրայ մասին են փաստում բազմաթիւ վկայութիւններ:

Չնայած 30 տարի է անցել այդ դէպքերից, սակայն մինչ օրս դեռ այս հարցերը պատմաբանների, քաղաքագէտների եւ պարզապէս հասարակ մարդկանց համար շարունակում են մնալ անպատասխան: Դատավարութիւնների ժամանակ հնչած վկայութիւններից պարզ է դառնում, որ հայկական ջարդերում ակտիւօրէն ներգրաւուած են եղել երիտասարդներ` նոյնիսկ դպրոցների աւագ դասարաններից: Այդ պատանիներին դրդել էին բռնութիւնների կամ բռնի ծայրայեղականութեան (violent extremism) եւ նրանց մէջ սերմանել էին հայերի նկատմամբ բացայայտ ատելութիւն: Չէ որ այդ տարիքի երիտասարդները, որոնց կեանքի փորձը եւ գիտելիքները դեռ բաւարար չեն յստակ բարոյական ուղենիշների եւ սկզբունքների սեփական համակարգի ձեւաւորման համար, առաւել հեշտ են ենթարկւում մանիպուլեացիայի (խաբեբայութեան-խմբ.) քարոզչութեանը:

Սումկայիթը դարձաւ Ատրպէյճանի քաղաքական էլիտայի ազգայնամոլութեան եւ ծայրայեղական կեցուածքի ամենաառաջին դրսեւորումներից մէկը: Պարզ դարձաւ, որ հայերի հանդէպ ատրպէյճանական հասարակութեան շրջանում ատելութիւնը քօղարկուած էր բարակ մի շղարշով, որն այլեւս պատռուել էր: Հակահայկական ատելութիւնը ուղղուեց նաեւ հայ ժողովրդի պատմա-մշակութային արժէքների դէմ, ինչի արդիւնքում Ատրպէյճանում հողին հաւասարեցուեցին հարիւրամեակների պատմութիւն ունեցող եզակի յուշարձաններ:

Ցաւօք, այն բռնութիւնների ալիքը, որ սկսուեց Սումկայիթում, շարունակուեց Պաքւում, Կիրովապատում եւ բազմաթիւ այլ հայաշատ բնակավայրերում

Սումկայիթի ջարդերի հետեւանքով ԽՍՀՄ-ում առաջացան փախստականների առաջին հոսքերը: Մարդիկ թողնելով իրենց տները, մազապուրծ փրկուելով վայրագութիւններից, փախչում էին դէպի Հայաստան եւ ԽՍՀՄ այլ հանրապետութիւններ: Ի դէպ, դա առաջին եւ վերջին դէպքը չի, երբ Հայաստանն իր հիւրընկալ դռներն է բացում փախստականների առջեւ` 2011թ-ից սկսած ընդունելով Սիրիայից մօտ 22000 փախստականներ Հայաստանը, մէկ շնչին ընկնող փախստականների հաշուարկով հանդիսանում է Եւրոպայում երրորդ երկիրը:

Սումկայիթի կոտորածին արձագանգել էր նաեւ Եւրոպական խորհրդարանը, որը 1988թ. Յուլիսի 7-ին ընդունուած բանաձեւում դրանք որակեց որպէս հայերի դէմ ուղղուած ջարդեր, որոնք ինքնին սպառնալիք են Ատրպէյճանում ապրող հայերի անվտանգութեանը: Աւելին` Եւրոպական խորհրդարանը բանաձեւում դատապարտեց հայերի դէմ բռնութիւնը եւ իր աջակցութիւնը յայտնեց Լեռնային Ղարաբաղի բնակչութեան` Հայաստանի հետ վերամիաւորուելու պահանջին: Երկու տարի յետոյ Պաքւում տեղի ունեցած հայերի ջարդին արձագանքելով Եւրոպական խորհրդարանն ընդունեց եւս մէկ բանաձեւ, որում վերահաստատեց այս դիրքորոշումը:

1988թ. Յուլիսին, Սումկայիթի ջարդերից ընդամէնը ամիսներ անց, ԱՄՆ Սենատը միաձայն հաստատեց 1989թ. արտաքին գործողութիւնների համար ֆինանսական հատուցումների վերաբերեալ օրէնքում փոփոխութիւնը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին եւ որով կոչ էր արւում խորհրդային իշխանութիւններին յարգել հայ ժողովրդի օրինական ձգտումները եւ արձանագրւում էր, որ տասնեակ հայեր սպանուել եւ հարիւրաւոր վիրաւորուել ամիսներ առաջ տեղի ունեցած ջարդերի ժամանակ:

Չնայած խորհրդային իշխանութիւնների կողմից լրահոսի հանդէպ խիստ վերահսկողութիւնը եւ գրաքննութիւնը` այնուամենայնիւ արդէն 1988թ.  Մարտ ամսին Սումկայիթի ոճրագործութիւնների մասին թէկուզ եւ կցկտուր տեղեկատուութիւնը հասաւ միջազգային լրատուամիջոցներին: Մարտին հեղինակաւոր «Washington Post»  պարբերականը գրեց, որ սահմռկեցուցիչ յանցագործութիւններ են տեղի ունեցել հայերի նկատմամբ ատրպէյճանական Սումկայիթ քաղաքում: Թերթը, վկայակոչելով, «մոսկովեան տիսիտենդներին (այլախոհնելուն-խմբ.), որոնք այցելել են այդ տարածք», նշում է հայերի դէմ կատարուած վայրագութիւնները, ներառեալ «ծննդատանը յղի կանանց սպանութեան եւ խեղման» դէպքերը:

Մէկ տարի անց, 1990թ. Սեպտեմբերի 27-ին 130 առաջատար գիտնականներ եւ իրաւապաշտպաններ ԱՄՆ, Միացեալ Թագաւորութիւնից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Քանատայից եւ այլ երկրներից, բաց նամակ են հրապարակում «Նիւ Եորք Թայմզ»ում: Նրանք նշում էին. «An era which we all thought had ended, the era of pogroms, has resurfaced. Once again this year, the Armenian community of Azerbaijan has been the victim of atrocious and intolerable premeditated massacres…We intend this statement as more than an after-the-fact condemnation. We want to alert international public opinion to the continuing danger that racism represents to the future of humanity. It forebodes ill that we are experiencing the same powerlessness when faced with such flagrant violations of human rights a half century after the genocide of the Jewish people in Nazi concentration camps and forty years after the Universal Declaration of Human Rights. It would be inexcusable if, because of our silence now, we contributed to the suffering of new victims. In the name of our duty of vigilance, we demand that Soviet authorities as well as the international community condemn unequivocally these anti-Armenian pogroms and that they denounce especially the racist ideology which has been used by the perpetrators of these crimes as justification»: 1

Այդ վայրագութիւններից էլ աւելի սարսափելի էր, գուցէ, այն, որ թէ Ատրպէյճանում եւ թէ Խորհրդային Միութիւնում իշխանութիւններն ամէն ինչ արեցին` կոծկելու Սումկայիթի մասին ճշմարտութիւնը: Անպատժելիութեան եւ ամենաթողութեան այս մթնոլորտը եւս մէկ անգամ ապացուցում էր, որ այս ջարդերի հետեւում կանգնած էր պետութիւնը: Իսկ իրադարձութիւնների հետագայ զարգացումը ցոյց տուեց, որ խնդիրների կարգաւորման սումկայիթեան ճանապարհը գերիշխող է դարձել Ատրպէյճանական ղեկավարութեան համար: Արդէն Մայիսին սկսուեց Շուշիից հայերի բռնի տարհանումը (deportation), Նոյեմբերին հակահայկական ջարդերի ալիքն անցաւ ամբողջ Ատրպէյճանով: Սակայն որեւէ գնահատական` քաղաքական թէ իրաւական, չհնչեց։ 2

Պատմութիւնը չի սիրում եթէներ, եւ անհնար է պատկերացնել, թէ ի՞նչ կը լինէր, եթէ Ատրպէյճանի իշխանութիւններն ընդունէին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պահանջները, որոնք ի դէպ ամբողջովին համապատասխանում էին այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրէնսդրական-իրաւական կարգաւորումներին, կամ քաղաքակիրթ կերպով արձագանքէին դրանց: Ամենայն հաւանականութեամբ այդ դէպքում նոյնպէս ատրպէյճանցիները չհամաձայնուէին Արցախի ժողովրդի անկախ ապրելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու անքակտելի իրաւունքի կիրարկմանը: Սակայն Ատրպէյճանի կողմից բռնի ոյժի կիրառման բացառումը կը ստեղծէր տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան մթնոլորտ եւ աւելի նպաստաւոր պայմաններ` այդ եւ նմանատիպ խնդիրների բացառապէս խաղաղ ճանապարհով կարգաւորելու համար: Եւ այսօր միջազգային հանրութիւնը, խօսելով ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների միջոցով, չէր յորդորի նուազեցնել այլատեացութեան հռետորաբանութիւնը, կոչ չէր անի վերահաստատել յանձնառութիւնը բացառապէս խաղաղ միջոցներով կարգաւորել հիմնախնդիրը, կոչ չէր անի շփման գծի եւ Հայաստանի եւ Ատրպէյճանի պետական սահմանի երկայնքով թուլացնել լարուածութիւնը, ինչպէս նաեւ համաձայնել հրադադարի խախտումների միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծմանը եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի մոնիտորինգային հնարաւորութիւնների կարողութիւնների աւելացմանը:

Ցաւօք, Սումկայիթի ջարդերից յետոյ անցած 30 տարիները վկայում են, որ Ատրպէյճանի իշխանութիւնների գործելաոճը որեւէ փոփոխութիւն չի կրել, աւելին` շարունակական հայատեացութեան հռետորաբանութիւնը, ատելութեան քարոզչութունը յանգեցրել են Ատրպէյճանի հասարակութեան համար հայերի` դեհումանիզացիայի (անմարդկային համարումին-խմբ.): Սաֆարովի նման սառնասիրտ մարդասպանին հերոսացնելը, ապրիլեան քառօրեայ պատերազմի ընթացքում անմեղ երեխաների դէմ հրետանու կիրառումը, ծերերի դաժան սպանութիւնը եւ նրանց դիակների խեղումը խօսում են այն մասին, որ սումկայիթեան ոգով ոճրագործութիւնները դարձել են Ատրպէյճանի իշանութիւնների քաղաքականութեան մասը: Քանի դեռ Ատրպէյճանի իշխանութիւնները եւ հասարակութունը չեն առերեսուել իրենց պատմութեան երեսունամեայ վաղեմութեան այս ողբերգական էջերին, հնարաւոր չէ խօսել տարածաշրջանում անվտանգութեան, խաղաղութեան եւ կայունութեան մասին:

 

http://www.nybooks.com/articles/1990/09/27/an-open-letter-on-anti-armenian-pogroms-in-the-sov/

2 Золян С. Т. http://sumgait.info/sumgait/sumgait-genocide-glasnost1.htm

ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոսութիւն

Share.

Leave A Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.