ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՆ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԶՄԱՁԱՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՍԿԶԲՆԱՒՈՐՈՒՄԸ

0

Ղրիմի հայկական գաղութը պատկանում է հայ նշանաւոր գաղթավայրերի թուին եւ զգալի դեր է խաղացել հայ ժողովրդի քաղաքական ու մշակութային կեանքում: Հիմնուած լինելով դեռ XII-XIII դարերում` մոնղոլական արշաւանքների հետեւանքով Անիից ու նրա շրջակայքից գաղթած հայերի կողմից, այդ գաղութը հետագայ դարերի ընթացքում հետզհետէ աճել է Արեւմտեան Հայաստանի տարբեր վիլայէթներից եկած հայերի հաշուին եւ XVIII դարում ճիւղաւորուելով, տուել է նաեւ Ռոստովի Նոր-Նախիջեւանի հայ գաղութը: Ղրիմի եւ Նոր-Նախիջեւանի հայ գաղութներն ապրել են միասնական կեանքով, սերտօրէն կապուած են եղել իրար հետ եւ իրենց ծոցից տուել են շատ նշանաւոր դէմքեր, որոնք XIX դարի երկրորդ կէսի ընթացքում հայ իրականութեան մէջ աչքի են ընկել քաղաքական կեանքում, գրականութեան ու արուեստի տարբեր բնագաւառներում: Այդ գործիչների թուին են պատկանում Մ. Նալբանդեանը, Ռ. Պատկանեանը, Ս. Շահազիզը, Հ. Այվազովսկին, Վ. Մախոխեանը, Վ. Սուրենեանցը, Հ. Նալբանդեանը, Ա. Սպենդիարեանը եւ ուրիշներ: Ահա այս նոյն միջավայրի արդիւնքն էր նաեւ Քրիստափոր Կարա-Մուրզան, որը ծնուել է 1853թ.-ի  Փետրուարի 18-ին (հին տոմարով) Ղարասու-բազար քաղաքում: Իր մանկութհան եւ պատանեկութեան տարիներն անցկացնելով հայրենի քաղաքում, Կարա-Մուրզան շփւում է Նալբանդեանների, Խանբեկեանների, Մալիեւների ու Մուրզաեւների երաժշտասէր ընտանիքների հետ, սովորում է դաշնամուր եւ ֆլեյտա նուագել: Ձեռք է բերում երաժշտական-տեսական պատրաստութիւն, գործուն մասնակցութիւն է ունենում ինքնագործ թատերախմբի ներկայացումներին, երեկոյթներին ու հանդէսներին եւ այդ բոլորի շնորհիւ նրա մէջ հասունանում է ամբողջապէս երաժշտական գործունէութեանը նուիրուելու անյաղթահարելի մի ցանկութիւն: Ծանօթանալով ժողովրդի մշակութային զարգացման մակարդակին, տեսնելով գրականութեան եւ զանազան արուեստների բուռն զարգացումը եւ երաժշտութեան -յետամնացութիւնը, ուսումնասիրելով հարեւան ժողովուրդների փորձը եւ ծանօթանալով ռուսական երաժշտութեան բարձրագոյն նուաճումներին, Կարա-Մուրզայի համար հետզհետէ պարզ են դառնում այն խնդիրները, որոնց լուծումն անհրաժեշտ էր իր ժողովրդի երաժշտական մշակոյթը զարգացնելու համար: Անհրաժեշտ էր հայերի մէջ եւս բարձրացնել երաժշտութեան հասարակական նշանակութիւնը, դարձնել այն ժողովրդի գեղարուեստական դաստիարակութեան հզօր ազդակ, տանել երաժշտական լուսաւորական աշխատանք`  ժողովրդական զանգուածներին հաղորդակից դարձնելով ռուսական եւ համաշխարհային երաժշտութեան գանձերին: Դրա համար անհրաժեշտ էր տարածել քառաձայն երգեցողութիւն` կազմակերպելով երգչախմբեր եւ ստեղծելով կանոնաւոր համերգային կեանք: Եւ ահա Կարա-Մուրզան նպատակ է դնում ամբողջովին նուիրուել այդ խնդիրների իրականացմանը: Բայց այդ նպատակի իրագործման համար հարկաւոր էր գտնուել հայկական  մշակոյթի խոշոր կենտրոններից մէկում: Այդ ժամանակաշրջանում հայկական երկու մշակութային խոշոր օջախներ կային: Դրանցից մէկը Պոլիսն էր, որտեղ եռուն աշխատանք էր ծաւալուել թատրոնի, գրականութեան եւ երաժշտութեան զարգացման ուղղութեամբ: Միւս օջախը Թբիլիսին էր` կովկասահայութեան լուսաւորութեան կենտրոնը, որտեղ նոյնպէս ծաւալուել էր եռուն մշակութային ու հասարակական-քաղաքական աշխատանք եւ Կարա-Մուրզան առաւելութիւնը տուեց Թբիլիսիին, որն աւելի մօտ էր բուն Հայաստանին եւ ունէր մեծ հնարաւորութիւններ ազգային երաժշտական մշակոյթի զարգացման համար: Եւ 1882թ.-ի Սեպտեմբերին նա մեկնեց Թբիլիսի, որտեղ նրա ծրագրերն արժանացան ջերմ ընդունելութեան, բայց եւ այնպէս պահանջուեց ամբողջ երեք տարուայ նախապատրաստական աշխատանք, մինչեւ որ յաջողուեց կազմակերպել առաջին քառաձայն երգչախումբը եւ տալ հայկական բազմաձայն երգի առաջին համերգը: Դա տեղի ունեցաւ 1885թ.-ի Մարտի 15-ին Թբիլիսիում եւ իբրեւ պատմական իրադարձութեան սկիզբ` մտաւ հայ երաժշտութեան պատմութեան մէջ: Այդ համերգի ամբողջ ծրագիրը բացառապէս կազմուած էր ազգային-հայրենասիրական երգերից` մշակուած քառաձայն երգչախմբի համար: Երգչախումբն ունէր արական կազմ, բաղկացած էր 15 հոգուց եւ հանդէս եկաւ ազգային տարազով: Այս համերգն ունեցաւ բացառիկ յաջողութիւն եւ վերածուեց ազգային տօնախմբութեան: Այսպէս սկսուեց Կարա-Մուրզայի համերգային գործունէութիւնը, որը շարունակուեց մինչեւ իր կեանքի վերջը եւ հետզհետէ ընդարձակուելով, տարիների ընթացքում ընդգրկեց նաեւ Հհւսիսային Կովկասի, Ղրիմի, Հարաւային Ռուսաստանի, Ուկրանիայի եւ Մոլտավիայի հայաբնակ վայրերը: Հայ երգի միջոցով նա բարձրացնում էր ժողովրդի ազգային ինքնագիտակցութիւնը: Հեռաւոր գիւղերում ու քաղաքներում  նա հնչեցնում էր ոչ միայն հայկական, այլեւ ռուսական ու եւրոպական երաժշտութեան նմուշները, ինչպէս եւ հարեւան ժողովուրդների ժողովրդական երգերը, դրանով եւս նպաստելով ժողովրդի մշակութային հորիզոնի ընդլայնմանը: Իր համերգային գործունէութեան 17 տարուայ ընթացքում Կարա-Մուրզան 50-ից աւելի քաղաքներում ու գիւղական բնակավայրերում կազմակերպել է 90 քառաձայն երգչախումբ եւ տուել  հարիւրաւոր  համերգներ: Իր գործունէութեան նման մասշտապով նա միակն էր հայ իրականութեան մէջ եւ այդ պատճառով էլ վայելում էր արտակարգ ժողովրդականութիւն եւ սէր: Բազմաձայն երաժշտութեան թշնամիներն անգամ յաճախ ստիպուած էին լինում տեղի տալ նրա հաստատակամութեան, եռանդի ու անսահման նուիրուածութեան առջեւ: Նա զինուորի պէս կռուեց կղերա-պահպանողական տարրերի դէմ, յաղթահարեց դրանց դիմադրութիւնն ու յարուցած արգելքները եւ ապահովեց բազմաձայն երգեցողութեան յաղթանակը: Դա շրջադարձային նշանակութիւն ունեցաւ հայ երաժշտութեան պատմութեան մէջ, որովհետեւ բազմաձայնութիւնը նոր հեռանկարներ էր բացում հայ փրոֆեսիոնալ երաժշտութեան հետագայ զարգացման համար: Համերգների կազմակերպումը Կարա-Մուրզայի գործունէութեան մէջ հանդիսացաւ ամենահիմնականը, եւ նա չկարողացաւ սիստեմատիկ կերպով զբաղուել ազատ ստեղծագործական աշխատանքով: Նա ստեղծագործում էր մեծ մասամբ համերգների ծրագրերը թարմացնելու անհրաժեշտութիւնից դրդուած, նաեւ անհրաժեշտ է նշել այն բացառիկ դրական հանգամանքը, որ նա հնարաւորութիւն ունէր գործնականում փորձել իր գրածը, ստուգել դրանց խմբերգային հնչողութիւնը եւ հենց երգչախմբի փորձերի ընթացքում սրբագրել դրանք: Կարա-Մուրզայի ստեղծագործութեան մէջ հիմնական տեղը պատկանում է հայ ժողովրդական, գուսանական եւ ազգային-հայրենասիրական երգերի մշակումներին: Ճիշդ է, նա ծրագրուած աշխատանք չի կատարել ժողովրդական երգերի ձայնագրման ուղղութեամբ եւ այդ պատճառով էլ չի կազմել ազգագրական ժողովածու, բայց ժողովրդական երգերի մշակման գործով զբաղուել է համարեա իր ամբողջ գործունէութեան ընթացքում: Եւ եթէ սկզբնական տարիներին նա առաւելութիւնը տալիս էր ազգային-հայրենասիրական երգերին, ապա, հետագայում աստիճանաբար դրանք մղւում են հետին փլան եւ առաւելութիւնը տրւում է հայկական բուն ժողովրդական ու գուսանական երգերին, ինչպէս եւ այլ ժողովուրդների երգերին: Նա մշակել եւ համերգներում կատարել է ինչպէս գիւղական («Ջան Գիւլում», «Լեպհօ լէ, լէ – Հոթալլօ Ջան», «Ալագեազ Քեզի Մեռնիմ»), նոյնպէս եւ քաղաքային («Սիրուհիս – Աղջիկ Դու Սիրուն», «Վարդ Կօշիկս», «Համեստ Աղջիկ») ժողովրդական երգեր:  Միաժամանակ մշակել ու կատարել է գուսանա-աշուղական երգեր: Իբրեւ օրինակ կարելի է բերել  Ջիվանու` «Այծեամ», «Բարի Գեղեցիկ», «Պաղ Աղբիւրի Մօտ», Միսկին Բուրջիի` «Բոյըդ Բարձր է», Շիրինի` «Այգեպան» եւ այլ երգեր: Նրա մշակած ժողովրդական երգերի մէջ մենք հանդիպում ենք էպիկական, հարսանեկան, ծիսական-կենցաղային, սիրային-լիրիկական, վիպական-առասպելական, պարերգային, երգիծական եւ այլ երգերու: Մշակել եւ կատարել է նաեւ ռուսական, ուքրանական, մոլտովական, վրացական, քրտական եւ բազմաթիւ այլ երգեր: Իսկ որոշ երգեր էլ, ինչպէս օրինակ, «Շատ Տարի Մաղթեմք» երգը, նա իր համերգներում կատարել է բազմաթիւ լեզուներով (մինչեւ 10 լեզուով): Այսպիսով, Կարա-Մուրզան աշխատել է ընդգրկել շրջապատի բոլոր ազգութիւնների ժողովրդական երգերը, դրանով իսկ նպաստելով այդ ազգութիւնների փոխադարձ ճանաչման ու բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման գործին: Դժբախտաբար, Կարա-Մուրզայի մշակած ժողովրդական երգերի զգալի մեծամասնութիւնը մեզ չի հասել` ժամանակին հրատարակուած չլինելու պատճառով: Մեր տրամադրութեան տակ եղած երգերի մեծ մասը նրա աշակերտների ու հարազատների կողմից յիշողութեամբ վերականգնուած օրինակներ են (երգերի հիմնական մասը կոմպոզիտորի եղբօր` Պօղոս Կարա-Մուրզայի երգածից ձայնագրել է փրոֆեսոր Ք.Ս. Կուշնարեանը` կոմպոզիտորի քրոջ որդին, մի մասն ինքը` Պ. Կարա-Մուրզան, իսկ «Շուշան» օփերայի նախերգանքը վերջինիս երգածից ձայնագրել է կոմպոզիտոր Ա. Մայիլեանը):

Երգերը բազմաձայնելիս նա հիմնական մեղեդին թողել է անփոփոխ, այն նոր գունաւորում է ստացել շնորհիւ միւս ձայների ընկերակցութեան: Ընդ որում օժանդակ ձայները ռիթմական պատկերով համընկնում են հիմնական մեղեդիներին, կազմելով ուղղաձիգ-ակորտային հնչողութիւն: Նրա խմբերգերն իբրեւ կանոն ունեն դաշնամուրային նուագակցութիւն, որը,  սակայն, իր մէջ խտացնելով խմբերգի բոլոր ձայների անփոփոխ ձայնաբաժինները, նպատակ ունէր սոսկ ուժեղացնել խմբերգի հնչողութիւնը եւ ինքնուրոյն դեր չէր կատարում: Թէ՛ օժանդակ ձայները եւ թէ դաշնամուրային ընկերակցութիւնը պարզ էին, հեշտութեամբ յիշուող: Կարա-Մուրզան յատուկ նպատակով էր ձգտում այդ պարզութեանը: Նրա երգչախմբերը կազմւում էին աշխատաւորական խաւերի ներկայացուցիչներից, որոնք չունէին երաժշտական որեւէ պատրաստութիւն եւ իրենց ձայնաբաժինները սովորում էին միայն յիշողութեամբ: Բարդ խմբերգը նրանց ուժերից վեր կը լինէր, եւ չկարողանալով յաղթահարել դժուարութիւնները, նրանք երես կը դարձնէին խմբական երգեցողութիւնից: Նոյնը կարելի է ասել նաեւ համերգների մասսայական ունկնդիրների մասին: Բազմաձայնութեան բարդ ձեւերով գրուած խմբերգները նրանց համար կը լինէին անմարս ու անհասկանալի եւ նրանք, հիասթափուած դրանից, ընդհանրապէս կը մերժէին բազմաձայն երգեցողութիւնը: Ահա այս հանգամանքները ճշդօրէն հաշուի առնելով, Կարա-Մուրզան ձգտում էր մատչելիութեան, որմով եւ պայմանաւորուած էր նրա համերգների յաջողութիւնը:

Մարիա Սիմոնեան, Սուսաննա Պետրոսեան, Երեւանի Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ գեղարուեստական կրթութեան համալսարանի երաժշտութեան մանկավարժութեան ամպիոնի ասիստենտներ

(շարունակելի)


օգտագործված գրականութհան ցանկ`

  1. Կուշնարհան Ք., Մուրադհան Մ., Գհոդակհան Գ. – Ակնարկ հայ երաժշտութեան պատմութհան, 1963թ.,  ք. Երեւան:
  2. Մուրադհան Մ. – Քրիստափոր Կարա-մուրզան եւ բազմաձայնութհան արմատավորումը հայ երաժշտութհան մեջ, 1956թ., ք. Երեւան:
Share.

Leave A Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.