ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՆ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԶՄԱՁԱՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՍԿԶԲՆԱՒՈՐՈՒՄԸ

0

Լուսաւորական լայն աշխատանք է կատարել Կարա-Մուրզան իր տպագրած երաժշտական-քննադատական յօդուածներով: Մի քանի տարի շարունակ լինելով «Մշակ»ի երաժշտական յատուկ թղթակիցը, նա բազմաթիւ շաբաթական տեսութիւններ է գրել օփերային ներկայացումների, սիմֆոնիք ու քուարթեթային համերգների մասին: Ընթերցող հասարակութեանը ծանօթացնելով բեմադրուող ռուսական ու եւրոպական օփերաների բովանդակութեանը, վերլուծելով դրանց երաժշտական արուեստը, նա միաժամանակ առանձնակի ուշադրութիւն է դարձրել ինչպէս ստեղծագործական, նոյնպէս եւ կատարողական արուեստի ընդհանուր հարցերին, արտայայտել է իր կարծիքն այս կամ այն երեւոյթի մասին, իր գեղագիտական ըմբռնումներն ու քաղաքական համոզմունքները: Նա հետեւողականօրէն գրել է արուեստի, մասնաւորապէս երաժշտութեան, դաստիարակչական խոշոր նշանակութեան մասին, պայքարել նրանց դէմ, ովքեր երաժշտութիւնը համարել են զուարճութեան ու ժամանցի առարկայ, պաշտպանել ռիալիստական ուղղութիւնը, ժողովրդայնութեան ու դեմոկրատական գաղափարայնութեան սկզբունքները: Այս բոլորի շնորհիւ նա որոշակի տեղ է նուաճել հայ երաժշտագիտութեան պատմութեան մէջ:

Կարա-Մուրզան վախճանուեց իր ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում, 1902-ի Ապրիլի 9-ին, իր հետ տանելով հետագայ գործունէութեան չիրագործուած բազմաթիւ ծրագրեր: Բայց այն, ինչ նա կատարեց այդքան դժուարին պայմաններում, հսկայական նշանակութիւն ունեցաւ հայկական երաժշտական մշակոյթի հետագայ զարգացման համար: Նա ստեղծեց մի ամբողջ շարժում եւ ունեցաւ հետեւորդներ, որոնք նրա մահից յետոյ շարունակեցին նրա սկսած գործը: Նրանց թուին են պատկանում Ա. Բրուտեանը, Գ. Սիւնին, Ա. Մանուկեանը, Ս. Դեմուրեանը, Ա. Մայիլեանը, Մ. Միրզայեանը եւ ուրիշներ:

Ակնյայտ է, որ Կարա-Մուրզան իր ամբողջ էութեամբ առաջադէմ գործիչ էր եւ երաժշտութեան բնագաւառում փաստօրէն կիրառում էր այն սկզբունքները, որոնցով ղեկավարւում էին Խ. Աբովեանն ու Մ. Նալբանդեանը եւ նրանցից յետոյ հանդէս եկած դեմոկրատ գրողները: Վերջիններիս նման Կարա-Մուրզան էլ ժողովրդի հարազատ զաւակն էր եւ իր ամբողջ գործունէութիւնը ծառայեցնում էր ժողովրդի շահերին: Նա հայկական երաժշտութեան դեմոկրատական թեւի ամենանշանաւոր ներկայացուցիչներից մէկն էր եւ շատ բաներում ըստ էութեան հանդիսացել է դեմոկրատական ուղղութեան սկզբնաւորողը մեր երաժշտութեան մէջ: Սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ Կարա-Մուրզան միանգամից չկանգնեց դեմոկրատիզմի դիրքերում, այլ ապրեց որոշակի զարգացում` հետզհետէ ազատագրուելով լիպերալ-բուրժուական գաղափարախօսութեան ազդեցութիւնից: Եթէ իր գործունէութեան առաջին տարիներին նա միակողմանիօրէն տարւում էր ազգային-հայրենասիրական երգերով, եւ նոյնիսկ իր համերգների ծրագրերում երբեմն տեղ էր տալիս այնպիսի երգերի, որոնք զերծ չէին նացիոնալիստական որոշ արտայայտութիւններից, ապա հետագայում նա տարածում էր ժողովրդի մէջ արդէն ճանաչում գտած ազգային-հայրենասիրական լաւագոյն երգերը, միաժամանակ շրջադարձ կատարելով դէպի ժողովրդական երգը: Դա հետեւանք էր այն սերտ կապերի, որ նա մշտապէս  ունէր ժողովրդի աշխատաւորական խաւերի եւ դեմոկրատական մտաւորականութեան ներկայացուցիչների հետ: Կարա-Մուրզայի կազմակերպած համերգները, նրա տարածած ժողովրդական եւ ազգային-հայրենասիրական երգերը դառնում էին ժողովրդական զանգուածների քաղաքական ու գեղարուեստական դաստիարակութեան անփոխարինելի միջոցներ: Դրանով էլ, միւս կողմից, պէտք է բացատրել այն բացառիկ հետաքրքրութիւնը, որ ստեղծուած էր Կարա-Մուրզայի համերգային գործունէութեան շուրջ եւ այն յաջողութիւնը, որին արժանանում էին նրա համերգները: Ցարական ցենզուրայի պայմաններում հեշտ չէր կազմակերպել համերգ մայրենի լեզուով: Ցարական ցենզուրան արգելում էր ոչ միայն այն երգերը, որոնց մէջ հանդիպում էին «հայ» եւ «Հայաստան» բառերը, այլեւ լիրիկական բնոյթի երգեր, որոնց մէջ քաղաքական որեւէ իմաստ որոնելն անգամ ծիծաղելի էր: Ցարական չինովնիկական ապարատի կողմից հայկական համերգների կազմակերպման դէմ յարուցւում էին բազմաթիւ արգելքներ, որոնց յաղթահարման համար Կարա-Մուրզան երբեմն ստիպուած էր լինում հասնել մինչեւ Պեթերսպուրկ: Նրա եղբօր` Պետրոս Կարա-Մուրզայի կողմից գրուած յիշողութիւններից տեղեկանում ենք այն մասին, որ կոմպոզիտորը ցարական ռեժիմին  բացասաբար եւ թշնամաբար էր վերաբերւում: Անձամբ ականատես էր լինում զանազան քաղաքներում ցարական իշխանութիւնների կողմից հայկական դպրոցների փակման փաստերին: Նրա ամբողջ երաժշտական աշխատանքը նպաստում էր ազգային ազատագրական շարժման լայնածաւալ տարածմանը: Նա ընտրում էր հայկական ժողովրդական այնպիսի երգեր, որոնց բովանդակութիւնն արտայայտում էր ազգային վիշտը, գիւղացու անելանելի վիճակը, եւ կամ երգեր, որոնք զարգացնում էին հայրենասիրական զգացմունքներ եւ պայքարի կոչ էին անում յանուն իրենց ազգային իրաւունքների պաշտպանութեան:

Անդրադառնալով կրօնի եւ հոգեւորականութեան նկատմամբ նրա ունեցած վերաբերմունքին նշենք, որ Կարա-Մուրզան ելնելով իր գլխաւոր նպատակադրումից` քառաձայն երգեցողութիւնը տարածել հայերի մէջ, հետեւողականօրէն զբաղուեց մշակութային այդ նուաճումը նաեւ հայկական եկեղեցի ներմուծելու գործով: Էջմիածնի կաթողիկոսութեան պաշտօնական կարծիքին հակառակ, նա մի քանի վայրերում կատարեց քառաձայն պատարագը: Նա եկեղեցին դիտարկում  էր որպէս յարմար լսարան քառաձայն երգեցողութեան տարածման  համար, եւ միայն դրանից ելնելով էր, որ այդպիսի հետեւողականութիւն ցուցաբերեց այդ հարցում: Հայ հոգեւորականութիւնն էլ իր հերթին հալածում էր Կարա-Մուրզային` իբրեւ պատրուակ օգտագործելով այն, որ նա կաթոլիկ էր եւ չէր պատկանում հայ լուսաւորչական եկեղեցուն: Խաւարամիտ կղերականութեան հալածանքը ցայտուն կերպով դրսեւորուեց յատկապէս 1892-1893-ին, երբ Կարա-Մուրզան հրաւիրուած էր Էջմիածնի Գէորգեան ճեմարան որպէս երգեցողութեան ուսուցիչ: Էջմիածնից հեռանալուց յետոյ, հակառակ կաթողիկոսի խոստմանը, նրա նկատմամբ հալածանքը չդադարեց, մինչեւ որ հասարակական կարծիքի ճնշման տակ Էջմիածինը պաշտօնականացրեց Եկմալեանի քառաձայն պատարագը եւ օրինականացրեց դրա կատարումը հայկական եկեղեցում: Կաթողիկոսը յատուկ կոնդակով օրհնեց Մ. Եկմալեանին եւ հրամայեց ամէն տեղ կատարել նրա մշակած «պատարագը»: Բարձր գնահատական տալով Մ. Եկմալեանի «պատարագ»ին, Կարա-Մուրզան հրապարակայնօրէն հրաժարուեց իր պատարագից եւ արգելեց դրա կատարումը: Իսկ իր կողմից պատրաստած խմբավարներին սովորեցրեց Եկմալեանի «պատարագ»-ը` համարելով այն խմբավարի համար պարտադիր առարկայ: Անդրադառնալով Կարա-Մուրզայի պատարագին հարկ է նշել, որ նրա քառաձայնած պատարագը հանդիսացել է հայկական պատարագի երգեցողութեան բազմաձայնման նախնական փուլերից մէկը եւ այդ իմաստով ունի պատմական նշանակութիւն:

Կարա-Մուրզայի գործունէութեամբ նշանաւորուեց հայկական երաժշտութեան զարգացման նոր ու նշանակալից շրջանը, որը հանդիսանում է բազմաձայնութեան ներմուծման, երաժշտական նոր ժանրերի ընդգրկման, երաժշտական փրոֆեսիոնալ ստեղծագործութեան զարգացման եւ ազգային ոճի կազմաւորման շրջանը: Հայկական երաժշտութեան աւանդական միաձայնութիւնից  դէպի բազմաձայնութիւն կատարուած անցումը, որը կապուած էր մեծ դժուարութիւններու հետ եւ որի իրագործմանն էին ուղղուած ժամանակակից բոլոր հայ կոմպոզիտորների (Տ. Չուխաճեան, Ն. Տիգրանեան, Գ. Ղորղանեան եւ ուրիշներ) ջանքերը, յաջողութեամբ պսակուեց  միայն  Կարա-Մուրզայի յամառ ու հետեւողական աշխատանքի շնորհիւ:

Իր բազմաբովանդակ երաժշտական-հասարակական գործունէութեամբ Կարա-Մուրզան նշանակալից դեր է խաղացել 19-րդ դարի երկրորդ կէսի հայկական երաժշտութեան պատմութեան մէջ: Նրա անուան հետ է կապուած մեր փրոֆեսիոնալ երաժշտութեան, մասնաւորապէս քառաձայն երգեցողութեան սկզբնաւորումը եւ նրա լայն տարածումը Ռուսաստանի եւ Անդրկովկասի համարեա՛ բոլոր հայաբնակ վայրերում: Կարա-Մուրզան իրաւամբ համարւում է նաեւ ժողովրդական-մասսայական երաժշտական ինքնագործունէութեան նախակարապետը հայ իրականութեան մէջ: Որպէս կոմպոզիտոր, դիրիժոր-խմբավար, ժողովրդական երգեր հաւաքող ու մշակող, ժողովրդական երգեցիկ խմբեր կազմակերպող ու համերգային գործունէութիւն ծաւալող գործիչ, որպէս երաժիշտ-քննադատ եւ ակտիւ հասարակական գործիչ Կարա-Մուրզան անջնջելի հետք թողեց հայկական երաժշտութեան պատմութեան մէջ: Իր բազմաբովանդակ գործունէութեամբ նա պարարտ հող նախապատրաստեց հայկական ազգային երաժշտական դպրոցի ստեղծման եւ հայկական դասական երաժշտութեան ձեւաւորման համար: Առանց Կարա-Մուրզայի երաժշտական-հասարակական եւ ստեղծագործական գործունէութեան անհնարին է պատկերացնել Կոմիտասի ստեղծագործութիւնը: Կոմիտասն օգտուեց իր նախորդների, այդ թւում նաեւ Կարա-Մուրզայի կատարած նախապատրաստական աշխատանքից, մեր երաժշտական ստեղծագործութիւնը բարձրացրեց մի նոր աստիճանի, հիմնեց հայկական երաժշտական ազգային դպրոցը եւ հայկական երաժշտութիւնը դուրս բերեց համաշխարհային ասպարէզ:

 

 

օգտագործուած գրականութեան ցանկ`

  1. Կուշնարհան Ք., Մուրադհան Մ., Գհոդակհան Գ. – Ակնարկ հայ երաժշտութհան պատմութհան, 1963թ.,  ք. Երեւան:
  2. Մուրադհան Մ. – Քրիստափոր Կարա-մուրզան եւ բազմաձայնութհան արմատավորումը հայ երաժշտութհան մեջ, 1956թ., ք. Երեւան:

 

Մարիա Սիմոնեան, Սուսաննա Պետրոսեան, Երեւանի Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ գեղարուեստական կրթութեան համալսարանի երաժշտութեան մանկավարժութեան ամպիոնի ասիստենտներ

(շար. 2 եւ վերջ)

 

Share.

Leave A Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.