ՄԱՅՔԼ ԲԱԲԱՅԵԱՆ.« ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐԺԷՔՆԵՐԸ ՊԷՏՔ Է ԴՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՔՈՒՄ ԵՒ ԱՅԴ ԱՐԺԷՔՆԵՐՈՎ ՇԱՐԺՈՒԵԼ»

0

Հայրենի երիտասարդ պատմագէտ Մայքլ Բաբայեան Հայաստանի Առաջին Հանրապետութեան քաղաքական գործիչներուն մասին վաւերագրական յուշամատեան մը կը պատրաստէ: Յուշամատեանին եւ անոր բերած նորութիւններուն ծանօթանալու համար «Գանձասար» առցանց հարցազրոյց մը ունեցաւ Բաբայեանի հետ: Ստորեւ մեր ընթերցողներուն ուշադրութեան կը յանձնենք զայն.

 

«Գանձասար»- Նախ կը շնորհաւորեմ ձեր աշխատանքը, որ ողջունելի քայլ է  ՀՀ 100-ամեակին առիթով եւ շատ կարեւոր ներդրում է պատմագիտութեան ոլորտին: Ներդրում մը, որ խիստ կարեւոր է թէ՛ ապագայ սերունդներուն, եւ թէ պատմագէտներուն համար որպէս սկզբնաղբիւր: Ի՞նչ ընթացքի մէջ է ան:

Մայքլ Բաբայեան.- Շատ շնորհակալ եմ ձեր գնահատանքին համար. հենց այս պահին, շատ պատահաբար բացայայտուեց մեր պետական գործիչներից մէկի ժառանգներին մասին, որ երբեք չէինք լսել։ Պարզուեց որ Պաքւում եւ Թիֆլիսում մեր դեսպան Տիգրան  Բեկզաթեանը ունէր ժառանգներ Ֆրանսիայում, իսկ նրա եղբայրները՝  Ռուսաստանում: Բոլորը հաւաքուեցին իմ շուրջ, իմացան արդէն որ ես այսպիսի աշխատանք եմ տանում: Այսպէս անընդհատ եւ անասելի մեծութեամբ արխիւներ են տրամադրւում, նոր նիւթեր, Սփիւռքի զանազան շրջաններից: Դրանք հաւաքելը ժամանակ է պահանջում, դրա համար ալ ես որոշել եմ արդէն յուշամատեանը աւարտին հասցնել մինչեւ Հոկտեմբերի վերջը, յոգնել եմ արդէն, որովհետեւ անհնար է այդքան նիւթ հաւաքել ու հաւաքել, պէտք է վերջացնել: Աշխատում ենք անել մեր առաւելագոյնը, որ յուշամատեանը ամբողջական լինի:

«Գ.» Հայաստանի Հանրապետութեան կերտման պատմութիւնը բացի Ս.Վրացեանի ծաւալուն հատորէն, գիտական անկողմնակալ ուսումնասիրութեան արժանացա՞ծ է նախապէս, իսկ եթէ ոչ՝ ինչո՞ւ:

Մ.Բ.- Սիմոն Վրացեանի ծաւալուն հատորէն ետք, հրատարակուեց նաեւ Խատիսեանի յուշագրութիւնը,  30-ականներին, 40-ականներին հրատարակուեց մի շարք այլ պետական գործիչների յուշեր, թերթերում շատ գրուեցին յօդուածներ, եւ գրուեց հիմնական իրադարձութիւններին, Փետրուար 18-ին, Սեւրին, Հայաստանի սովետականացման մասին, գրուեց հայ-թուրքական պատերազմին մասին: Բայց հայ-թուրքական պատերազմի գործօնը որպէս մեծ դաւադրութեան արդիւնք, լոյսի էր բերւում արդէն 50-ական 60-ականներին: Դա նկատում ենք «Ալիք»ի, «Յառաջ»ի եւ «Յուսաբեր»ի մէջ: Այդ ժամանակ սկսեցին գրել, թէ պոլշեւիկների դաւադրութիւնը ո՞ւր հասաւ եւ ինչի՞ հասցրեց Հայաստանի Հանրապետութիւնը եւ հայ ժողովուրդը: Ինչի՞ համար էին դա անում, որովհետեւ այդ ժամանակ արեւմուտք եւ ԽՍՀՄ յարաբերութիւնները լարուել էին, եւ յատկապէս իրանահայութեան կողմից նկատւում էր այդ ձգտումը հարուածելու Սովետական Միութեանը այն մասով, որ իրականութիւնը երկաթեայ վարագոյրի լայնքով որքան կարճ է եղել պատմութիւնը ներկայացնելու առումով, եւ դրա համար սկսեցին հրատարակել այն մարդկանց յուշերը, որոնք որ գրել էին այդ  պատերի ներքեւ, օրինակ Յովհաննէս աւագ քահանայ Հաճեանը գրել է յուշագրութիւն եւ գիրք, «Ալիք»ը հրատարակել է յուշագրութեան շարք մը, ուր բացայայտւում է,  թէ ինչպէ՞ս Կարսը յանձնուեց: Նմանատիպ յուշեր գրել է նաեւ նահանգապետ Ղորղանեանը եւ այլ մարդիկ:

20-ական թուականներին հայ-թուրքական պատերազմին առնչուող յուշագրութիւններ կան, ուր ի յայտ են գալիս, թէ պոլշեւիկները ինչպիսի՞ դաւադրութիւններ սարքեցին, ինչպէ՞ս թուրքերին օգնեցին, ինչպէ՞ս համատեղ ուժերով եկան եւ կործանեցին Հայաստանը, ինչպէս զինուորականութեանը, ճակատի հրամանատարութեանը գնեցին ու կործանեցին Հայաստանը, սրանց բոլորին փաստաթղթերը կան: Այս մարդիկ վաճարուել են դեռ մայիսեան ապստամբութեան օրերին: Այդ յուշագրութիւնները Հայաստանի վերջին 20 տարուան ղեկավարութիւնն էլ յատուկ չէր բերում ասպարէզ, որպէսզի ցոյց չտար որ իրականում ովքեր էին մեղաւորները:  Յաճախ ասւում էր, որ Դաշնակցութիւնն է մեղաւոր, քանդեց երկիրը, վաճառեց երկիրը եւ այլն: Իրականում ամենամեծ սուտը հենց դա է:

Բաւականին լաւ յուշագրութիւններ կան, պատմագիտական նիւթեր կան, եւ պէտք է ըսեմ, որ Սփիւռքում է գրուել միակ ճշմարիտ պատմութիւնը  Հայաստանի Հանրապետութեան 1918-1921 թուականների իրադարձութիւնների, ուրիշ տեղ չի գրուել:

Հայաստանում սովետական 70 տարիներից յետոյ գրուել է սկզբում պոլշեւիկեան, ապա մերձսովետական պատմութիւն, որովհետեւ դուք գիտէք արդէն որ  սովետական միութեան փլուզումից յետոյ արխիւները բացուեցին եւ սկսեցին գրուել հեքիաթներ: Օրինակ՝ հրապարակուեցին Անդրանիկի նուիրուած 3 հատորներ, որոնց մէջ աշխարհի լուտանքը թափեցին Դաշնակցութեան հասցէին, Յովհաննէս Քաջազնունու հասցէին, նրան ներկայացրեցին որպէս Անդրանիկի թշնամին եւ այդ ամբողջը շատ կեղտոտ ձեւով էր արւում: Անդրանիկի այդ երեք հատորները այսօր ամենապահանջուածն են Հայաստանում, բայց դրանց մէջ խայտառակ ստաբանութիւն կայ, թէ ինչպէ՞ս Քաջազնունին Խատիսեանի հետ նամակներով անձնական վիրաւորանքներ է փոխանակել: Անդրանիկին Էնվէր Փաշային ուղղած կեղծ նամակը եւս յայտնուեց: Պատահական չէր այդ ամէն ինչը, ամբողջը նպատակաուղղուած հակադաշնակցական պայքար էր, որ կազմակերպած էին այդ ժամանակուայ գիտական շրջանակները՝ հաճոյանալու համար երկրի իշխանութիւններին, որովհետեւ այդ հատորները լոյս էին տեսնում 1994-1995 թուականներին եւ պարզ է որ այդ ժամանակ Դաշնակցութիւնը արգիլուած էր, փակուած էր, դրա համար էլ այդ ամբողջը արեցին եւ առաջին հանրապետութիւնը քարկոծելով, այդ շրջանի պետական գործիչներին էին քարկոծում, որ ցոյց չտային իրենց միջակութիւնը, իրենց փոքրութիւնը, քանի որ այդտեղ տիտաններ կային, հսկաներ կային, ուստի պէտք էր ամէն ինչ անել նրանց լաւ արարքները ցոյց չտալու համար: Նոյն այս ընթացքը շարունակուել է վերջին 20 տարիներին, նոյն հալածանքները պետական այդ շրջանի գործիչներին հանդէպ, նրանց անտեսելով: Արամ Մանուկեանի տունը վկայ, Քաջազնունու տունը վկայ: Գիտէք այդ մարդկանց գերեզմանները ինչ վիճակում էին, Արամ Մանուկեանի գերեզմանը գիտէին, որովհետեւ Դաշնակցութիւնը այցելում էր այնտեղ, Քաջազնունու ընտանեկան գերեզմանը ամբողջ ծառերով պատուած էր, խայտառակ վիճակում էր, քանատահայ բարերար Զօհրապ Սարգսեանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա.-ի եղբայրը, ֆինանսաւորեց բարեկարգումը ու լրագրող Թաթուլ Յակոբեանի հետապնդումով իրականացաւ բարեկարգման աշխատանքը։ Այս տարի Քաջազնունու մահուան 80-ամեակին, ծննդեան 150-ամեակին եւ Մայիս 28-ին գերեզմանին մօտ յարգանքի տուրք է մատուցուել: Մայիս 28-ին այնտեղ ներկայ են եղել դաշնակցականներ եւ այլ ակնառու դէմքեր:

 

«Գ».- Խօսինք ձեր փորձառութեան մասին: Ինչպէ՞ս ճամբայ ելաք, ի՞նչն էր որ ձեզ մղեց ընտրել այս շրջանի գործիչներուն պատմութիւնը յատկապէս:

Մ. Բ.- 2013 թուականին ես ընդունուեցի համալսարան եւ այդ ժամանակ արդէն հետաքրքրուած էի այս ամէնի մասին, սակայն չնչին բաներ գիտէի, բայց ես զգում էի, որ կարիքը ունեմ նորը իմանալու: Ժամանակին ես ուսումնասիրած էի Ռուսական Կայսրութեան պատմութիւնը, յետոյ արդէն Վրաստանի ու Ատրպէյճանի պատմութիւնը, վերջը նրանք մի կողմ դրեցի եւ ուշադրութիւնս կեդրոնացրի հայոց պատմութեան վրայ, բնականաբար ես շատ էի սիրում հայոց միջնադարեան պատմութիւնը, շատ էի ուսումնասիրում, յետոյ այդտեղից տեղափոխուեցի Հանրապետական Հայաստան, մէկ-երկու նիւթեր ընկան ձեռքս, կարդացի, իմացայ որ այսպիսի ժողովածուներ են լոյս տեսել, ու այդ գրքերից ես տեղեկացայ որ այսպիսի պետութիւն ենք մենք ունեցել, այսպիսի իշխանութիւն, օրէնսդիր մարմին եւ սկսեցի իմ ուսումնասիրական աշխատանքներին:

2013-ի Սեպտեմբերէն  Ազգ. գրադարան սկսեցի յաճախել եւ այդ օրուանից մինչեւ այս տարի բազմաթիւ արխիւներ հաւաքեցի: Ու համոզուեցի, որ ես պէտք է այդ ամբողջը վերածեմ գիտական աշխատութեան, այսինքն պէտք է մարդոց տալ ոչ թէ իմ ուսումնասիրութիւնը, այլ հում նիւթերի, սկզբնաղբիւրների համալիր մը, որ ընթերցողը ինքն իր համար պատկերացնի, թէ ովքե՞ր էին այս մարդիկ եւ ի՞նչ գործ էին տարել:

Այսինքն` ես տալիս եմ հում նիւթ, ես չեմ ցանկանում իմ սուպյեկտիւ մօտեցումները ներկայացնել, ես թողում եմ ընթերցողին, թող ընթերցողը ինք բացի, կարդայ այդ նիւթերը, որ տեսնի թէ ովքե՞ր են այդ մարդիկ: Հում նիւթերը, լուսանկարները կենդանութիւն են տալիս աւելի քան խօսքերը, աւելի գրաւիչ են ու պատկերաւոր:

 

«Գ.»- Որեւէ կողմէ վերապահութիւն նշմարեցի՞ք ձեր աշխատանքին ընթացքին:

Մ.Բ.- Անշուշտ, խանգարողներ, վերապահութիւն ունեցողներ: Իսկ հիմա այնպիսի նիւթեր եմ հաւաքել, որ ոչ ոք չի կարող արդէն խանգարել ինձ, կախուածութիւն չունեմ, անկախ եմ:  Աշխատանքս խանգարել փորձեցին նաեւ հակագիտական շրջանակներ, յատկապէս Դաշնակցութեան թանգարանին հետ իմ գործակցութիւնը խափանելու, որովհետեւ ես պետական գործիչների ժառանգներից ստացած արխիւները նուիրում էի ՀՅԴ թանգարանին, դա պոռթկում առաջացրեց նրանց մօտ, յատկապէս ազգային արխիւի շրջանակներ, կամ աւելի ճիշդ՝ անհատներ, նպատակ էին դրել խանգարել իմ այս աշխատանքը: Նրանք չէին ուզում որ Սփիւռքէն հասած Դաշնակցութեան գործիչների արխիւները ՀՅԴ պատմութեան թանգարան հասնեն:

Ինձ հասել են նաեւ թուայնացած արխիւներ, որոնք էլ տրամադրելու եմ թանգարանին: Պետական գործիչների ժառանգներին էլի հասանք եւ հսկայական նիւթ հաւաքեցինք, ժառանգները մէկը միւսին ետեւից նիւթ տրամադրեցին, սփիւռքի տարածքին աշխոյժ գործակցութեան հսկայ ցանց մը ստեղծուեց ու հսկայածաւալ նիւթեր տրամադրուեցին այս աշխատանքին:

 

«Գ.»- Դուք հիմնադիրներէն էք նաեւ Երիտասարդ Պատմագէտներու Միութեան: Ձեր կարծիքով պատմագիտութիւնը, պատմագրութիւնը գիտական ինչպիսի՞ մօտեցում կը պահանջէ, իսկ ի՞նչ վիճակ կը պարզէ այս ոլորտը Հայաստանի մէջ:

Մ.Բ.- Հայաստանում պատմագիտութիւնը եւ պատմագրութիւնը լաւ վիճակում չեն: Ունենք բազմաթիւ խնդիրներ եւ մարդուժի տագնապ: Համալիր մօտեցում պէտք է ցուցաբերել այս հարցերին: Այսօրուան պատմագիտութիւնը հիմնուած է նէոպոլշեւիկեան սկզբունքների վրայ, իսկ նէոպոլշեւիզմը չարիքների չարիքն է, յատկապէս գիտական պատմագիտութեան ոլորտում: Այդ պոլշեւիկեան մօտեցումը իսկապէս խանգարում է մեզ՝ բնական, գիտական, անկախ Հայաստանի յարիր պատմագրութիւն ունենալու համար:Եթէ բնական պատմագրութիւն չունենաս, պատմագիտութիւնը չի կարող բնական լինել: Ի՞նչ են մեզ հրամցնում, ի՞նչ գրքեր են մեզ հրամցնում, ի՞նչ սկզբունքներով, դրանք խայտառակութիւն են: Դպրոցական դասագրքերում ինչ խեղաթիւրումներ գոյութիւն ունեն, Դաշնակցութեան պատմութեան այլանդակում, նրա արժէքների նուազեցում, նրա պատմութեան կրճատում, Հայաստանի Հանրապետութեան պետական գործիչների նսեմացում, վարկաբեկում: Ես ուղղակի չեմ պատկերացնում, թէ ինչպէ՞ս կարելի է գիտական գիրք գրել ինչ որ մի գործիչի մասին եւ այդտեղ ներկայացնել պոլշեւիկեան մօտեցումներ, այն ինչ որ գրուել է 70 տարի տեղափոխել այդ գրքին մէջ: Երկրորդը, ձեր ասածի շարունակութեան հետեւեալն է. ես շատ եմ կարեւորում որ մենք հիմնեցինք Երիտասարդ Պատմագէտների Միութիւն ու այդ փորձը ունեցանք, ինչ որ չափով յաջողուեց, ինչ որ չափով ձախողուեց, բնականաբար երիտասարդ ուսանողներ են, դասերի հետ կապուած խնդիրներ ունեն, չեն հասցնում: Այսօրուայ երիտասարդութիւնը այնքան էլ հակուած չի պատմագիտութեան, որովհետեւ հասկանում է, թէ այս ոլորտը այդքան էլ լաւ վճարովի ոլորտ չի, գումար չեն կարողանում աշխատել, բայց մեր պատմագիտութիւնը կաղում է, որովհետեւ համայնավարութեան շրջանի թողած հետքերը կան այնտեղ: Պատմութեան ճիւղը աւարտող ուսանողներից շատերը դժուարութիւններ ունեն, նրանք մեր պատմութեան նորագոյն ծալքերը չեն կարող ուսումնասիրել, աղբիւրներ չկան: Ինչ որ ես հաւաքեցի, դրանք չունեն, դա է խնդիրը, չունեն պարզապէս, չկայ, փակում են, խանգարում են արխիւում, դա նորութիւն չի, որովհետեւ այդ մարդիկ սովետական օրերէն մինչեւ իշխանափոխութեան օրեր բազմել էին պետական այդ հիմնարկներում եւ խանգարում էին, ուսանողներին վերցնում էին իրենց թեւի տակ ու աշխատեցնում էին, փորձում էին ատենախօսութիւնները միայն իրենք ղեկավարել, որպէսզի ուսանողները կախուած լինեն: Չէինք պատկերացնում որ այդպիսի համակարգ ունենք եւ այդ ամբողջ համակարգը այսօր ջարդւում է, որովհետեւ յեղափոխութիւնը նաեւ դրա վրայ է ազդել: Ամբողջ մտածողութեան փոփոխութիւն է տեղի ունենում այսօր, որ հրամայական է, դա շատ կարեւոր է: Եւ հիմա, դուք գիտէք որ աշխոյժ հակադաշնակցական պայքար է գնում. պէտք է այստեղ զգուշութիւն ցուցաբերեմ նաեւ ես, որովհետեւ ես չեմ կարող բոլոր քննադատներին հակադաշնացական համարել, նրանք, ինչպէս «Ասպարէզ» թերթում էր գրուած, երեք խմբի են բաժանւում, առաջին խումբը այն մարդիկն են, որոնք սրտացաւ քննադատողներ են, եւ դրանք ուղղուած են գիտական մօտեցումներով պատմութեան սխալները ուղղելու, սրանց պէտք է քաջալերել, պէտք է ճիշդ մօտենալ, զանազանել, եւ պէտք է իմանալ որ յետ-յեղափոխական շրջանում սրանք անխուսափելի են, կան նաեւ պատեհապաշտներ, որոնք օգտուելով այս վիճակից, պատմութիւնը այլանդակելով ուզում են բերել հասցնել ներկայ եւ ներկան փաթաթել անցեալի միջոցով, այսինքն՝ Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնը կեղծում են, նենգափոխում են, բերում են այսօրուան Դաշնակցութեան վզին են փակցնում այդ կեղծիքը եւ ուզում են ասել, որ դուք միշտ այդպիսին էք եղել եւ ձեր բոլոր գործիչները այդպիսին են եղել: Սրանք ապակառուցողական մօտեցումներ են:

Այսպիսի պայքարի ու հակաների մէջ բոլոր կողմերը խանգարւում են արդէն եւ շեղւում են իրենց էական ուղղութիւնից՝ ներքաշուելով այդ ամբողջ քարոզչական պատերազմի մէջ, դա շատ վատ է: Այդ մթնոլորտը պէտք է փոխուի, չի կարելի ընդդէմի պայքար տանել, պէտք է տանել յանունի պայքար: Յանուն ինչի՞, յանուն այն արժէքների, որոնք կային առաջին հանրապետութեան օրերին: Մենք այդ արժէքները պէտք է վերականգնենք, ոչ թէ հեքիաթներ պատմենք: Այդ արժէքները այսօր մեռած են, չկան:

Առաջին Հանրապետութեան արժէքները ցայսօր չկան, պէտք է նրանք դնել պետական կառավարման համակարգի հիմքում եւ այդ արժէքներով շարժուել ու կը տեսնէք, թէ ինչքան օգուտ են բերում, բացի օգուտից վնաս չկայ, որովհետեւ վեհագոյն արժէքներ կան այդտեղ: Հիմա սկսել են կիրառել այդ արժէքները արդէն, յուսանք կ’արմատանան ու համալիր կը դառնան: Եթէ այդ արժէքները մենք կիրառենք, դրանք մեզ կ’օգնեն ամբողջական ճշմարտութեան հասնելու համար:

«Գ.»-Համառօտ գիծերու մէջ կը ներկայացնէ՞ք յուշամատեանը:

Մ.Բ.- Յուշամատեանը բաղկացած է հետեւեալ երեք գլուխներից.- գործադիր իշխանութիւն, օրէնսդիր իշխանութիւն, դատական իշխանութիւն, այսինքն՝ կառավարութիւն, խորհրդարան, դատաիրաւական համակարգ: Մենք նաեւ դատական համակարգի մասին ցայսօր ոչինչ գիտենք, ինչպիսի՞ դատաւորներ ենք ունեցել, ինչպիսի՞ դատախազներ, քննիչները ովքե՞ր էին, ի՞նչ էին անում, ինչ համակարգ էր դա: Պէտք է այդ ամբողջը իմանալ: Ուրեմն կառավարութիւն, խորհրդարան, կառավարութեան գլխին մէջ հինգ կառավարութիւն իրենց վարչապետներով, նախարարներով, իրենց բաժիններով, նոյնը երկու խորհրդարանները՝ իրենց պատգամաւորներով, բաժիններով: Մենք սկզբունքով մամուլում, համացանցում շատ տարածուած նկարները չենք օգտագործում, որովհետեւ նիւթը ծաւալուն է, դրա համար կը դնենք բացառիկները: Այս ամբողջը մեզ կտայ նոր գիտական աշխատութիւն, որ իր նմանը չունի այս ձեւաչափով: Այս յուշամատեանը կը լինի այս տարուայ ամենակարեւոր հրատարակութիւնը: Արձագանգները, որոնք գալիս են յատկապէս հայկական Սփիւռքից, մեծ խանդավառութիւն են ստեղծում, պահանջարկը մեծ է, ինձ խնդրում են որ համացանցով եւս տրամադրեմ գիրքը: Արդէն կան շնորհանդէսների առաջարկներ, ես բոլորին ասել եմ որ սպասէք, թող գիրքը լոյս տեսնի: Ես գովազդով չեմ զբաղւում, իմ անունը նոյնիսկ չեմ գրել, իմ նպատակն է, որ այս ամբողջ արխիւները հրատարակուեն եւ մարդիկ օգտուեն, ուսումնասիրութիւններ կատարեն, որովհետեւ այստեղ չկան խեղաթիւրումներ: Պէտք է պատմութիւնը մաքրել ամէն տեսակ խեղաթիւրումներից եւ տալ ամբողջ ճշմարտութիւնը: Յոյսով եմ որ Հոկտեմբերի վերջում կը հրատարակենք յուշամատեանը:

 

«Գ».- Շնորհակալ եմ եւ յաջողութիւն կը մաղթեմ ձեր աշխատանքներուն: Յուսանք որ սոյն հրատարակութիւնը Միջին Արեւելքի հայ ընթերցողներուն ալ հասանելի կը դառնայ:

 

Հարցազրոյցը վարեց

Զարմիկ Պօղիկեան

Share.

Leave A Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.