ՆԱԽԱՐԱՐ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ. «ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ  ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵԴՐՈՆ ՄՕՏԵՑՈՒՄԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ Է ՍՓԻՒՌՔԱԿԵԴՐՈՆ ՄՕՏԵՑՈՒՄ»

0

 ՀՀ Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանի Հալէպ կատարած աշխատանքային այցելութեան ընթացքին, «Գանձասար» հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ մեծարգոյ նախարարին հետ.

 

«Գանձասար».- Բարի եկաք Հալէպ, մեծարգոյ պրն. Հայրապետեան: Նախքան Սուրիա այցելութիւնը ի՞նչ պատկերացում ունէիք պատերազմական երկրի մէջ մաքառող սուրիահայ համայնքին մասին եւ ի՞նչ տպաւորութեամբ պիտի վերադառնաք:

 

Մխիթար Հայրապետեան- Իմ պաշտօնավարման սկզբից ես իմ առջեւ նպատակ էի դրել առաջին այցս կատարել Սիրիա՝ մի քանի հանգամանքներով: Սիրիական հակամարտութեան հետեւանքով Սիրիայում բնակուող մեր հայրենակիցները բազմաթիւ մարտահրաւէրների, դժուարութիւնների առաջ էին կանգնած եւ ես գտնում էի, թէ քանի որ 2011 թուականից այս կողմ որեւէ բարձրաստիճան պաշտօնական այց չի կատարուել Հալէպ, ուստի սփիւռքի նախարարը անպայման պէտք է գայ, այցելի, անկախ այն բանից որ տակաւին որոշակի վտանգներ գոյութիւն ունեն: Յունիսին, ցաւօք սրտի, քաղաքական որոշակի պատճառներով չյաջողուեց կազմակերպել այցս, բայց արդէն Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 27-րդ տարեդարձին օրը յաջողուեց՝ շնորհիւ Արտաքին Գործերի Նախարարութեան, Սիրիայում Հայաստանի Դեսպանատան եւ Հալէպում Հայաստանի Գլխաւոր Հիւպատոսութեան ու գործընկերների շնորհիւ:

Երկրորդ պատճառը այն էր, որ Սիրիայի, յատկապէս Հալէպի հայ համայնքը Սփիւռքի Մայր օճախն է համարուել եւ չափազանց  կարեւոր էր, որ ես ինքս գայի եւ իմ աչքերով տեսնէի, որովհետեւ, հաւատացնում եմ, որքան էլ որ հեռուից լսում ես, տեսնում ես, որքան էլ որ պատմում են, այնուամենայնիւ զգացողութիւնները բոլորովին այլ են,  երբ քո աչքերով ես այդ ամէնը տեսնում: Զգացողութիւններս, լինեմ անկեղծ, հակասական էին՝ ե՛ւ տխրութիւն, ե՛ւ հպարտութիւն: Ես ականատես եղայ պատերազմի հետեւանքով աւերուած քաղաքի, հայկական  թաղամասերի, լքուած տների, բայց հպարտութիւն զգացի, երբ հանդիպեցի իւրաքանչիւր հայի: Մարդիկ ասես իրենց առօրեայ, սովորական կեանքով են ապրում: Մարդիկ ուժեղ են, վճռական, կեանքով լցուած են, նոյնիսկ մի քանիսը  իրենց ընտանիքի մի մասն են կորցրել, սակայն ուժեղ են եւ յոյսով են նայում ապագային: Այս համաթեքստում ուզում եմ ասել որ  իսկապէս հիացած եմ այն կամքի ուժով, որ նկատեցի Սիրիայի մեր հայ համայնքին մօտ: Դա խորհրդանշում է առհասարակ հայ մարդուն: Պատմութեան ողջ ընթացքում մեր ժողովուրդը ծանր զրկանքների միջով է անցել, բայց այսօր մենք ունենք անկախ պետականութիւն եւ ես մեծ հպարտութեամբ այստեղ եմ տօնում այդ պանծալի օրը: Հալէպահայերը իրենք իրենց օրինակով են ցոյց տալիս, որ պատերազմի ծանր օրերի ընթացքում, բազմաթիւ զրկանքներ կրելով հանդերձ, նրանք  կան, ուժեղ են:

«Գ.»- Հայաստան, թաւշեայ յեղափոխութենէն ետք,  նոր փուլի մը սեմին է: Սփիւռքի Նախարարութիւնը Սփիւռք-Հայրենիք յարաբերութեան ամրապնդման ուղղութեամբ ի՞նչ պատկերացումներ ունի:

Մ.Հ.- Թաւշեայ Յեղափոխութիւնից յետոյ, այս ուղղութեամբ մեր գլխաւոր մօտեցումը հետեւեալն է՝ Սփիւռքի Նախարարութիւնը  այսուհետ հայաստանակեդրոն մօտեցումին զուգահեռ որդեգրելու է նաեւ սփիւռքակեդրոն մօտեցում: Սա նշանակում է  որ, եթէ նախկինում միայն Հայաստանն է ապաւինել Սփիւռքի աջակցութեանը եւ մենք յիշել ենք Սփիւռքի մասին միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք կարիք,  ապա իմ նշանակումով մի ամբողջ տրամաբանութիւն է փոխուել: Ես գտնում եմ որ Հայաստանը, որպէս հայրենիք, ինքը եւս պէտք է սկսի հոգ տանել իր զաւակներին, որոնք նաեւ երկրի սահմաններից դուրս են ապրում՝ բնականաբար մեր հնարաւորութիւնների, ուժերի սահմաններում, բայց պէտք է վերաբերմունք ու մօտեցում փոխուի սփիւռքահայերի նկատմամբ պետական ամենաբարձր մակարդակներով: Մեր յառաջիկայ ծրագրերից մէկը, օրինակ, որը կոչւում է ՆերՈւժ, պետական ծրագիր է, որը իրականացւում է 18-35 տարեկան սփիւռքահայ երիտասարդների համար եւ կոչ է անում առեւտրական գաղափարներ ունեցող երիտասարդներին գալ Հայաստան, հաստատուել Հայաստանում, մասնակցել մրցոյթին եւ շահելու դէպքում ստանալ դրամաշնորհ՝ մինչեւ 15.000.000 դրամ, որը կարծում եմ որ բաւարար է իրենց սթարթափ (սկզբնական-«Գ.») ծրագիրը մեկնարկելու համար: Սա մէկ օրինակ է մի ամբողջ տրամաբանութեան փոփոխութեան, որովհետեւ այսօր Հայաստանը, կրկնում եմ, պէտք է փորձի նաեւ աջակցել Սփիւռքի կրթական խնդիրներին, տարատեսակ վտանգների ու մարտահրաւէրների դիմագրաւման եւ  խորը գիտական-հետազօտական աշխատանքների շնորհիւ հասկանայ, թէ որո՞նք են այդ խնդիրները, որո՞նք են նրանց արմատները եւ ինչպէ՞ս կարելի է լուծումներ գտնել: Այս իմաստով, կրկնում եմ, Սփիւռքը եւս ունի Հայաստանի աջակցութեան կարիքը եւ շատ յաճախ Սփիւռքին նիւթական աջակցութիւն պէտք չի եղել.  ուշադրութիւնը, վերաբերմունքն ու հոգատարութիւնը բաւարար կը լինէին այս կամ այն խնդիրների լուծման համար, որը, ցաւօք սրտի, երբեմն չի դրսեւորուել հայկական կողմից:

Այսինքն մեր պատկերացումը հետեւեալն է: Հայաստանը ուժեղ կը լինի, եթէ ունենայ ուժեղ Սփիւռք, Սփիւռքը ուժեղ կը լինի, եթէ իր կողքին ունենայ ուժեղ Հայաստան՝ փոխշահաւէտ համագործակցութեան, փոխադարձ պատասխանատուութեան զգացումով՝ Հայաստանը Սփիւռքի առաջ, Սփիւռքը Հայաստանի առաջ՝ փոխադարձ սիրոյ ու հոգատարութեան մթնոլորտում: Սրա շուրջ է կառուցուելու Սփիւռքի Նախարարութեան եւ Հայաստանի Հանրապետութեան ռազմավարութիւնը՝ Հայաստան-Սփիւռք կապի առողջացման, որովհետեւ, այո՛, մենք դեռ առողջացնելու խնդիր ունենք, այնուհետեւ ամրապնդելու, հզօրացնելու նպատակ՝ Սփիւռքում հայկական համայնքների խնդիրների լուծման եւ Հայաստանում Սփիւռքի ներուժի ներդրման, օգտագործման ուղղութեամբ: Մի քանի հայեցակարգեր կան, որոնք մեզ համար յստակ են, որոնց  շուրջ մենք ունենք օրակարգ եւ աշխատելու ենք այդ ուղղութեամբ:

«Գ.»-Խօսինք այն սուրիահայերուն մասին, որոնք Հայաստան հաստատուեցան, անոնցմէ ոմանք, տնտեսական դժուարութիւններու բերումով, ուղղուեցան արեւմտեան ափեր: Միջին Արեւելքի տագնապային այս իրավիճակին լոյսին տակ, երբ տակաւին գաղթողներ ու հայրենիք տեղափոխուողներ կան, ինչպիսի՞ ծրագիրներ կը նախատեսէք մշակել Հայաստան ներգաղթող հայերը հայրենիքի մէջ պահելու համար:

Մ.Հ.- Մենք ասում ենք՝ սիրելի՛ սփիւռքահայ, եթէ դու ինչ-ինչ պատճառներով ցանկանում ես գալ Հայաստան, ապա մենք պետութիւն ենք, ձեզ համար երկրորդ տուն ենք, որը պատրաստ է ընդունել ձեզ եւ իր ունեցած լաւագոյնը ներդնել, որպէսզի դուք հաստատուէք Հայաստանում եւ զգաք որ ձեր տանն էք: Բայց եթէ դուք միեւնոյն ժամանակ մտադիր էք մնալ Սիրիայում, շարունակել ձեր կեանքը Սիրիայում, ստեղծագործել այստեղ, ապա դա եւս նշանակում է, որ մենք այնուամենայնիւ պիտի փորձենք օգնել ձեզ, ձեր համայնքներին: Սա է մեր մօտեցումը: Մենք չենք կարող բոլորին ասել որ եկէ՛ք, վերադարձէ՛ք Հայաստան: Խնդիրը հետեւեալն է. մենք ստեղծում ենք մի պետութիւն, որը պատրաստ պիտի լինի իր այն հայրենակիցներին ընդունելու, որոնք ցանկութիւն կ’ունենան վերադառնալ Հայաստան: Ինչ վերաբերում է հիմնախնդիրներին այն սիրիահայերի, որոնք տեղափոխուեցին Հայաստան… 2011-ի վերջից 2012-ի սկզբից, երբ սկսուեց տասնեակ հազարաւոր մարդոց հոսքը Հայաստան, Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստ չէր: Պատրաստ չէր, որովհետեւ նախկինում չէին մշակուել այդ ռազմավարութիւններն ու քաղաքականութիւնները եւ Հայաստանը կանգնեց դժուարութիւնների առաջ, բայց իր ունեցած հնարաւորութիւնների սահմաններում փորձեց սատար կանգնել սիրիահայերին:  Այսօր կացութիւնը հետեւեալն է. բացի այն, որ մենք զուգահեռաբար փորձում ենք աջակցել սիրիահայերին, բայց նաեւ նոր ռազմավարութիւնների, քաղաքականութիւնների մշակման  խնդիր ունենք: Մենք, որպէս պետութիւն, իրաւունք չունենք պատրաստ չլինելու ամէն մի ֆորսմաժորային (անկանխատեսելի ուժեղ պատահար-«Գ.») իրավիճակի, յատկապէս երբ խօսքը վերաբերում է Մերձաւոր Արեւելքին, որտեղ գիտենք որ բարդ տարածաշրջան է, համայնքները նօսրանում են, քրիստոնեաների ներկայութիւնը փոքրանում է, որոշակի ծայրայեղական մօտեցումներ եւ տրամադրութիւններ աւելանում են: Այսինքն պետութիւնը պէտք է պատրաստ լինի ընդունել իր զաւակներին: Սա մեզ համար գերակայ խնդիր է, որի վրայ մենք պէտք է աշխատենք: Ինչ վերաբերում է բնակարանային խնդիրներին, սրանք միայն մասամբ լուծուած խնդիրներ են, այո՛, եւ պետութիւնը, ցաւօք սրտի, չունի այն միջոցները, որպէսզի կարողանայ ապահովել բոլորին բնակարանային վարձքերը, այս հարցը մենք յաճախ տեղական, միջազգային կազմակերպութիւնների հետ համատեղ գործակցութեամբ ենք փորձում լուծել: Բայց կրկնում եմ, նոյնիսկ այդ աջակցութիւնները, ամբողջովին չեն ծածկում բոլորի խնդիրները: Դրանք կրում են կարճաժամկէտ բնոյթ:

«Գ.»-Իմ խօսքը սոսկ օժանդակութեան մասին չէ , պրն.նախարար, որովհետեւ օժանդակութիւնը հարցերու ժամանակաւոր լուծում է եւ պետութեան համար ալ դժուար է մշտապէս օժանդակութիւն ապահովել: Ըսել կ’ուզեմ աշխատանքի առիթներ ստեղծել՝ դիւրացնելու սուրիահայերուն համարկումը հայաստանեան միջավայրին մէջ:

Մ.Հ.- Այո՛, սակայն նմանատիպ խնդիրներ հայաստանցիները իրենք եւս ունեն: Այսինքն՝ քայքայուած տնտեսութիւն, ծանր քաղաքական ժառանգութիւն, անարդարութիւն, արմատացած կոռուպցիա (փտախտ-«Գ.»): Հետեւաբար լուծելով այդ խնդիրները մենք նաեւ հող ենք նախապատրաստում Սփիւռքից ժամանած մեր հայրենակիցների համար, լաւ պայմաններ ենք ստեղծում իրենց համար հաստատուելու, նամանաւանդ որ սիրիահայերը իրականում աշխատանքային նոր մշակոյթ են բերել Հայաստան եւ օրինակ են ծառայում, թէ ինչպէս մարդ պէտք է աշխատի չնայած դժուարութիւնների ու խոչընդոտների: Եւ ես կարծում եմ, որ մեր հասարակութիւնը մեծապէս շահեց, ի հարկէ ցաւօք սրտի պատճառները սիրիահայ համայնքի նօսրացումն ու արտագաղթն էին, բայց արդիւնքում, սիրիահայերը հաստատուելով Հայաստան, օրինակ են ծառայում, թէ ինչպէ՞ս մարդ կարող է աշխատել սեփական ձեռքերով, ստեղծագործել եւ այն ներկայացնել աշխատանքի շուկայում՝ ապահովելու իր կեանքը: Դուք ասում էք ինչպիսի՞ ծրագրեր. ընդամէնը մի քանի օր առաջ, Երեւանի սրտում տեղի ունեցաւ սիրիահայերի ձեռագործ աշխատանքների ցուցահանդէս-վաճառքը Սփիւռքի Նախարարութեան նախաձեռնութեամբ: Ի հարկէ սա բաւարար չի, որպէսզի նրանք յայտ ներկայացնեն, իրենց ապրանքը ամբողջ Հայաստանով մէկ սպառողներին ներկայացնելու համար: Նրանք կարիք ունեն որոշակի  արտօնեալ պայմաններով տաղաւարներ ձեռք բերելու: Այս առումո՛վ Սփիւռքի Նախարարութիւնը տեսնում է իր անելիքը: Մենք մտածում ենք, թէ ինչպէ՞ս կարող ենք աջակցել, որպէսզի առնուազն արտօնեալ պայմաններով վարձակալութեան տարածքներ կամ հնարաւորութեան դէպքում գոնէ մի քանի ամսով անվճար տարածքներ տրամադրուեն նրանց: Բացի այդ, Սփիւռքի Նախարարութեան կողմէ աշխատանքներ տարուել են առողջապահութեան եւ տարատեսակ ոլորտներում խորհրդատուական ծառայութիւններ մատուցելու համար: Բայց դեռ խնդիրներ կան եւ անշուշտ նրանք մեր խոշորացոյցի տակ են: Ամէնօրեայ դրութեամբ մեր գերատեսչութիւնը զբաղւում է դրանցով, որպէսզի հեշտացնենք սիրիահայերի համարկումը, հասարակութեան լիիրաւ անդամ դառնալու գործընթացը, ծանօթանանք դժուարութիւններին, կարիքներին եւ այլն:

«Գ.»- Խօսեցաք հայաստանեան դաշտի դժուարութիւններուն մասին, իսկ  Ձեր կարծիքով ի՞նչ է Թաւշեայ Յեղափոխութեան գլխաւոր ձեռքբերումը այդ դժուարութիւններու յաղթահարման ուղղութեամբ: Դէպի ո՞ւր կ’ուղղուի Հայաստանի քաղաքական կեանքը յատկապէս:

Մ.Հ.- Ուզում եմ նախ ասել, որ վերջապէս Հայաստանի Հանրապետութիւնը ունի իր կառավարութիւնը, որը ձեւաւորել է ժողովուրդի թեկնածուն՝ խօսքը վարչապետ Նիկոլ Փաշինեանի մասին է: Յեղափոխութեան հիմնական ձեռքբերումը այն է,  որ Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութիւնը անցել է ժողովրդին եւ ժողովուրդը ի՛նքն է որոշում կայացնում: Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին վերանուաճել է իր հպարտութիւնը, դարձել է պահանջատէր, ինձնից՝ որպէս սփիւռքի նախարարի, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին ամէն օր պահանջում է հաշուետու, թափանցիկ աշխատանք, եւ ես ինքս դա քաջ գիտակցում եմ: Եւ ժողովրդից կտրուելու, իմ սկզբունքներից շեղուելու պարագայում, այլեւս մենք ունենք քաղաքացիներ, ունենք հասարակութիւն, որը ինձ չի հասկանայ եւ ինձ անմիջապէս կը փոխարինի մէկ ուրիշով՝ ով էլ աւելի լաւ կը կատարի այս աշխատանքը: Այսինքն՝ ինձ համար գլխաւոր նուաճումը այն է, որ ժողովուրդը վերանուաճել է իր վստահութիւնը, իր ուժը, իր հպարտութիւնը եւ այլեւս երբեք չի լինելու, ինչպէս նախկինում էր: Թէ՛ վարչապետը, թէ՛ կառավարութիւնը եւ թէ միւս նախարարները թերանալու դէպքում, ես խնդիր չեմ տեսնում, ժողովուրդը կը փոխարինի մեզ եւ ում կը ցանկանայ նրան էլ կը տեսնի կառավարութիւնում: Հետեւաբար, այսօր, կառավարութիւնը ներկայացնում է ժողովրդի կարիքները, ժողովրդի դէմքն է իր բազում-բազում խնդիրներով, ինչու եմ ասում խնդիրներ,  որովհետեւ քաղաքական ժառանգութիւնը, որ մենք ստացել ենք նախկիններից, աննկարագրելի ծանր է, աննկարագրելի քայքայուած համակարգ ենք ստացել, առանց ինստիտուտների (հաստատութիւններ-«Գ.») գոյութեան: Ինստիտուտները, ըստ էութեան, հակաինստիտուտներ են եղել, որտեղ գործել միայն անհատներ: Գերատեսչութիւններ, որոնք եղել են բացառապէս անհատների շուրջ, ասոցացուել են (զուգորդուել-«Գ.») անհատների հետ, հետեւաբար մենք համակարգային մեծ փոփոխութիւնների, կառուցուածքային լուրջ, բովանդակային փոփոխութիւնների անհրաժեշտութիւն ունենք, բայց կրկնում եմ, բոլորս էլ դրականօրէն տրամադրուած ենք, որովհետեւ վայելում ենք հասարակութեան աջակցութիւնը, ընդ որում թէ՛ ՀՀ-ի ներսում եւ թէ Սփիւռքում ենք զգում այդ աջակցութիւնը ու վստահութիւնը մեր կառավարութեան նկատմամբ: Դա, ի հարկէ, պարտաւորեցնող է եւ մեծ պատասխանատուութիւն է, բայց մենք չենք վախենում պատասխանատուութիւնից, որովհետեւ, կրկնում եմ, մենք միայնակ չենք, մենք եկել ենք ժողովրդի միջից եւ լինելու ենք ժողովրդի հետ: Ես որեւէ կերպ ինքզինքս չեմ պատկերացնում որ մէկ սմ. կը կտրուեմ հասարակութիւնից, հետեւաբար սա է յեղափոխութեան գլխաւոր նուաճումը: Եթէ մի քիչ աւելի ճշգրիտ ասեմ՝ մի քանի  խնդիրներ կան, որոնք յուզել են հասարակութեանը, նրանցից գլխաւորը օրինականութեան հաստատումն է, կոռուպցիայի դէմ պայքարն է, ապօրինութիւնների, սանձարձակութիւնների դէմ պայքարն է, որին մենք լծուել ենք: Այո, խնդիրները շատ-շատ են, տարատեսակ հակայեղափոխականներ կան, սակայն կրկնում եմ, մենք վճռակամ ենք ու հաստատ:

 

«Գ.»- Շնորհակալութիւն, պարո՛ն նախարար, մեր փափաքն է համերաշխութեան մթնոլորտի մէջ տեսնել Հայաստանի քաղաքական կեանքի զարգացումը:

Հարցազրոյցը վարեց

Զարմիկ Պօղիկեան

 

 

 

 

Share.

Leave A Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.