ԴԵԿՏԵՄԲԵՐԵԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԵԾ ՍԽԱԼԸ

0

Որ ժողովրդային շարժման արդիւնքները թելադրում էին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնել, կարծէք, ոչ ոք չէր ընդդիմանում: Բայց, յատկապէս ի՞նչ նպատակով և ինչպէ՞ս պետք է արտահերթ ընտրութիւններ անցկացուէին, այսօր էապէս անտեսուել է: Այս առումով, հանրային մտայնութեան մէջ մնացել է միայն հնի մերժումն ու Փաշինեանի իշխանութեան ամրապնդումը. նոր իշխանութիւնը, յանուն շուտափոյթ և հնարաւորինս շատ ձայների ու աթոռների, զոհեց հաւասար հնարաւորութիւնների ապահովումն ու ընտրական օրէնսգրքի բարելաւումը՝ վերջինի առումով խաղարկելով կիսատ-պռատ ճիգեր, որոնց իրագործումը կարող էր աւելի խաթարել ժողովրդավարութիւնն ու ընտրական համակարգը: Սա մեծագոյն սխալ էր, որ արդէն անխուսափելի ընթացքի մէջ է՝ պարտադրուած Փաշինեանի կողմից: Եւ այս սխալը կարող է հանգեցնել նոր քաղաքական անկայունութեան:

 

Վերյիշենք ոչ հեռու անցեալի խոստումներն ու ծրագրերը՝ հնչեցուած ամենաբարձր ամպիոններից ու, հիմնականում, ամրագրուած կառավարութեան ծրագրում:

ԱԺ արտահերթ ընտրութիւնների անցկացման առաջին փաստարկն այն էր, որ ներկայիս խորհրդարանը չի արտացոլում հանրային իրական տրամադրութիւնները և դա խոչընդոտ է արդիւնաւէտ կառավարման և երկրի զարգացման համար:

 

Երկրորդ կարևոր, փաստարկն այն էր, որ 1991-ից յետոյ Հայաստանում ընտրութիւնները անցել են խախտումներով, ճնշումներով, կաշառքով, վարչական միջոցների օգտագործմամբ և այլ արատաւոր միջոցներով, ինչը խաթարել է հանրութեան վստահութիւնն ընտրութիւնների և իշխանութեան հանդէպ: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է վերականգնել այդ վստահութիւնը՝ անցկացնելով ազատ, արդար, օրինական ընտրութիւններ:

 

Երրորդ նպատակադրումը՝ ընտրական օրէնսգիրքի բարելաւումն էր, որ կը նպաստէր աւելի լաւ որակի ընտրութիւնների կայացմանը: Մասնաւորապէս, անձերի միջև պայքարը՝ տարածքային ռեյտինկային (վարկանշային-«Գ.») համակարգով պայմանաւորուած, պէտք է վերացուէր՝ դուռ բացելով քաղաքական ուժերի և նրանց ծրագրերի մրցապայքարի համար:

Չորրորդ կարևոր պայմանը՝ քաղաքական ուժերին բաւարար ժամանակ յատկացնելն էր, որ մեղմուէր յեղափոխական զգացմունքայնութիւնը, իսկ կուսակցութիւնները պատրաստ լինէին նոր ընտրութիւններին՝ ունենալով հաւասար հնարաւորութիւններ:

 

Հինգերորդ կարևոր քայլը՝ գերվարչապետական լիազօրութիւնների թուլացումն էր, մասնաւորապէս ոստիկանութեանը հաշուետու դարձնելը ԱԺ-ին. սա ոստիկանութեան համար կ՛ապահովէր առաւել անաչառ դիրքորոշում և կը սահմանափակէր գործող վարչապետին՝ ընտրութիւնների ընթացքում չարաշահել լծակները:

Վերջապէս, վեցերորդ պայմանն այն էր, որ ընտրութիւնները թեքնիքապէս կազմակերպուէին աւելի լաւ, ցուցակները լինէին աւելի մաքուր, բացառելով կրկնաքուէարկութիւնները, բացակաների քուէարկութեան դէպքերը՝ բարձրացնելով գործընթացների թափանցիկութեան մակարդակը:

 

Եւ այս ամէնի իրագործման համար, որպէս տրամաբանական ժամկէտ, սահմանուեց մինչև մէկ տարին:

 

Երևանի ավւգանու ընտրութիւններից յետոյ, վարչապետ Փաշինեանը առաջադրեց նոր մօտեցումներ, մասնաւորապէս՝ ԱԺ ընտրութիւնները Դեկտեմբերին անցկացնելու պահանջով, բերելով 3 հիմանակն փաստարկ.

 

  1. Երևանի աւագանու ընտրութիւնները, ըստ վարչապետի, ցոյց տուեցին, որ ժողովուրդը պահանջում է ընտրութիւններն աւելի շուտ անցկացնել և ձգձգելու որևէ լուրջ պատճառ չկայ,

 

  1. Հայաստանի տնտեսական զարգացման համար այս ընտրութիւնների շուտափոյթ անցկացումը չափազանց կարևոր է, քանզի ներդրողները պէտք է իրենց աւելի շուտ վստահ ու պաշտպանուած զգան,

 

  1. Հին «սև» և «հակայեղափոխական» ուժերը կարող են ամէն պահի դաւադրական քայլեր իրականացնել՝ վտանգելով «յեղափոխական» իշխանութեան գործունէութիւնը, ամրապնդելու իրենց դիրքերը:

 

Այսպիսով, ընտրութիւններն ու դրանց արդիւնքները պէտք է լինեն յեղափոխութեան հռչակած սիրոյ և համերաշխութեան հերթական արտացոլանքը:

 

Նկատենք, որ հանրային վստահութիւն վայելող խորհրդարանի ձևաւորումը՝ արդար և օրինական ընտրութիւնների միջոցով, հիմնական նպատակ են: Սակայն, հնարաւո՞ր է «անբացատրելի» շտապողականութեամբ իրագործել դէպի այդ նպատակ տանող քայլերը, թէ՞ կունենանք մի նոր պիւռոսեան յաղթանակ՝ դուռ բանալով նոր ցնցումների համար:

Ընտրութիւնների ժամկէտը արհեստականօրէն առաջ բերելը բացառեց նշուած գրեթէ բոլոր նպատակադրումների իրականացումը.

 

  1. ընտրական բարեփոխումները հնարաւոր չէր լիարժէք կատարել այս ժամկէտում, հետևաբար աւելի լաւ համակարգով չենք գնում ընտրութիւնների.

 

  1. եթէ նոյնիսկ խորհրդարանն ընդունէր մասնակի ընտրական փոփոխութիւնները, ապա դրանց կիրարկումը կը լինէր անարդիւնաւէտ. քաղաքական ուժերն ու ընտրական համակարգը ուղղակի չէին կարող պատրաստ լինել այդ փոփոխութիւններին: Դա նման կը լինէր գնացքի գծերի փոփոխութեանը՝ գնացքի ընթացքի պայմաններում,

 

  1. քաղաքական դաշտի անկայունութեան պայմաններում շուտափոյթ ընտրութիւնները կը հանգեցնեն հանրային աշխոյժ մասի մասնակցութեանը՝ ի մերժումն հին իշխանութեան, իսկ նոր իշխանութիւններից դժգոհ բնակչութիւնը, էապէս կարող է մեկուսանալ՝ խուսափելով հրապարակայնօրէն դէմ գնալ նոր ռեժիմին,

 

  1. գերվարչապետական լիազօրութիւններից նոր իշխանութիւնները չեն ցանկանում հրաժարուել նախընտրական փուլում՝ հակասելով իրենց իսկ պահանջներին: Այդ լիազօրութիւններն անհրաժեշտ են Փաշինեանին՝ երկրում ամբողջական իշխանափոխութիւն իրականացնելու համար:

 

Ստացւում է, որ այս ընտրութիւնները՝

 

  1. լիարժէք չեն արտացոլի հանրային իրական տրամադրութիւնները, քանզի ընթանում են ոչ թե համերաշխութեան, այլ՝ մերժման մթնոլորտում,

 

  1. քաղաքական ուժերը մրցապայքարին կը մասնակցեն անհաւասար պայմաններում՝ ժողովրդային ալիքի չմարած յորձանուտում,

 

  1. նոր ձևավորուած իշխանութիւնը կարող է ունենալ պիւռոսեան յաղթանակ՝ շատ քուէներ, որոնք արագ կարող են վերածուել մեծ հիասթափութեան: Եւ կարճ ժամանակում կարող է նոր խորհրդարանն էլ չարտայայտէ հանրութեան իրական տրամադրութիւնները,

 

  1. ստեղծուած իրավիճակը կարող է դուռ բացել նոր մենիշխանութեան համար՝ հրապարակի իշխանութեան լօզունքների ներքոյ (բոլոր մենիշխանութիւնները հաստատուել են ժողովրդի անունից և «ժողովրդի համար»).

 

  1. քաղաքական կուսակցութիւնները, իրենց ուժերը վերականգնելուց յետոյ, կարող են հայտ ներկայացնել՝ արտահերթ խորհրդարանական նոր ընտրութիւններ անցկացնելու պահանջով. նրանց հակազդեցութիւնը կարող է լինել համարժէք, իսկ հրապարակը՝ թեքուել նրանց կողմ:

 

Պատկերաւոր ասած՝ ժողովրդային շարժումը Հայաստանի քաղաքական դաշտը նաքաութ հասցրեց, տապալեց գետնին և հիմա նոր հարուածներ է հասցնում: Օպյեկտիւօրէն, նոր հարցեր են առաջ գալիս. բացի Փաշինեանից ու նրա աջակիցներից է՞լ ում է անհրաժեշտ, որ Հայաստանում ընտրութիւններն անցնեն այսպիսի պայմաններում: Արդեօ՞ք դրանք կապուած չեն Իրանի ու Ռուսաստանի դէմ կիրառուող պատժամիջոցների նոր ալիքի հետ: Արդեօ՞ք սա Իրանի ու Ռուսաստանի շուրջ օղակի նոր սեղմման քայլ չէ: Արդեօ՞ք Արցախի հարցի շուրջ սա նոր գործիք չէ ու ճնշում՝ գնալու զիջումների: Հայաստանի քաղաքական դաշտն ու պետական համակարգը ցնցումների մէջ են, Փաշինեանի բարձր հեղինակութեանն ուղիղ բացասական համեմատական են պետական համակարգի անարդիւնաւէտ աշխատանքն ու քատրային քաղաքականութիւնը: Այս ցնցումային վիճակում հանպատրաստից ընտրութիւնները որքանո՞վ կը նպաստեն երկարաժամկէտ կայունութեանը և արդեօ՞ք կը ստեղծուի ներքաղաքական համերաշխութիւն, ինչպէս խոստացուել էր:

 

Ցաւօք, արտահերթ ԱԺ ընտրութիւններում աւելորդ շտապողականութիւնը կարող է ոչ հեռու ապագայում յանգեցնել նոր անկայունութեան և սա է դեկտեմբերեան մեծ սխալը, որն արդէն ճամբայ է ընկել՝ դառնալով պարտադրանք բոլորիս համար:

 

Արտակ Սարգսեան

 

Share.

Leave A Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.