«ԱՐՑԱԽՈՒՄ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՁԵՐ՝ ՏԱՍՆԵԱԿ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՏՈՒԻՐԱԿՆԵՐԻԴ ՀԱՅՐԵՆԱՆՈՒԷՐ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ». ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ

0

Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանի ուղերձը` յղուած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ընդհանուր ժողովի մասնակիցներուն:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ընդհանուր ժողովի յարգելի՛ մասնակիցներ,

Ի սրտէ ողջունում եմ բոլորիդ կուսակցութեան այս գերագոյն միջոցառման մեկնարկի կապակցութեամբ: Մեծ գոհունակութեամբ ուզում եմ նշել, որ Արցախում բարձր են գնահատում ձեր` տասնեակ երկրներից ժամանած պատուիրակներիդ հայրենանուէր գործունէութիւնը:

Դաշնակցութիւնը մեր հանրապետութիւնում պարբերաբար կազմակերպում է համագումարներ, խորհրդակցութիւններ, հաւաքներ: Սակայն, Ընդհանուր ժողով` որպէս կուսակցութեան ամենակարեւոր քաղաքական միջոցառում, Արցախում տեղի է ունենում առաջին անգամ, ինչն ինքնին իւրայատուկ խորհուրդ ունի եւ վկայում է կուսակցութեան գաղափարախօսութեան ու գործունէութեան մէջ Արցախի դերի ու նշանակութեան մասին:

Դժուար է գերագնահատել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դերակատարութիւնը մեր ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականութեան վերականգնման, պաշտպանութեան, կայացման ու զօրացման, համազգային խնդիրների լուծման գործում:

Դաշնակցութիւնն ու նրա տարբեր կառոյցները հանդիսանում են նաեւ մի հզօր կամուրջ, որն ամուր է պահում Հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ կապերը` լինելով աշխարհասփիւռ հայութեան ազգային ինքնութեան պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակման կարեւորագոյն ինստիտուտներից:

Արցախի պետականութեան ամրապնդումը, արցախեան հիմնախնդրի արդարացի լուծումը, մեր հանրապետութեան միջազգային ճանաչումն առանցքային նշանակութիւն ունեն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար, ինչը մենք մշտապէս զգում եւ արժեւորում ենք:

Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկուած հարցերը, բնական է, ունեն կարեւորագոյն նշանակութիւն ձեր կուսակցութեան համար, եւ կ’ուզենայի ցանկանալ, որ դրանց բազմակողմանի ու համապարփակ քննարկումները, համապատասխան որոշումների կայացումը յուսալի հիմք հանդիսանան հաստատուած ծրագրերի եւ ՀՅԴ հետագայ գործունէութեան իրականացման համար:

Կրկին ողջունում եմ բոլորիդ եւ մաղթում ակտիւ ու արդիւնաւէտ աշխատանք եւ ամենայն բարիք:

Share.

Leave A Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.