ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

0

Ազգային-պետական կեանքը, ինչպէս առարկայական, այնպէս էլ ենթակայական գործօններով պայմանաւորուած, ժամանակ առ ժամանակ նորոգման, եթէ չասենք՝ թարմացման, յայտ է ներկայացնում, որը միանգամայն օրինաչափ է: Այդ նորոգում-թարմացումները նախ՝ տեւականօրէն խմորւում են հասարակութեան խորքային շերտերում, ապա միայն դրսեւորւում նպաստաւոր մի պահի: Ժողովրդավարական հասարակութեան մէջ փոփոխութիւնների տրամադրութիւն-ցանկութիւնները վերածւում են իրողութեան, եթէ դառնում են հասարակական ընդհանուր պահանջ: Ըստ էութեան, նմանօրինակ հասարակական պահանջի դրսեւորում էր 2018-ի Ապրիլի ժողովրդային շարժումը, որի մակընթաց ալիքը Հայաստանի Հանրապետութիւնում յանգեցրեց իշխանափոխութեան (կամ, ինչպէս ընդունուած է ասել, իշխանական վերնախաւի փոփոխութեան): Ժողովրդային շարժումը (կամ այսպէս կոչուած «թաւշեայ յեղափոխութիւնը») երկրի ղեկը ափսէի վրայ մատուցեց պետական կառավարման փորձից զուրկ, երբեմն նոյնիսկ աշխատանքային զրօ կենսագրութեամբ, բայց շատ յաւակնոտ երիտասարդների մի խմբի, որոնք փորձում են պետական կառավարման ոլորտում հեծանիւ յօրինել այն դէպքում, երբ նախքան իրենք արդէն իսկ կային անհամեմատ աւելի կատարելագործուած փոխադրամիջոցներ: Բայց դա դեռ ոչինչ: Նրանց անփորձութեան հետեւանքները, որքան էլ՝ ծանր, նոյնպէս կարող են յաղթահարուել (ժամանակի խնդիր է), եթէ, ի հարկէ, դրանք միայն անփորձութեան սխալներ են, եւ հեղինակներն էլ չեն տառապում անսխալականութեան բարդոյթով: Սակայն մտահոգիչ երեւոյթները գնալով ձեռք են բերում նոր որակներ եւ ծրագրային մօտեցման կամ, որ գրեթէ նոյնն է, ծրագրի ի սպառ բացակայութեան տպաւորութիւն են թողնում, որը չի կարող լրջօրէն չանհանգստացնել: Խօսքս առաջին հերթին վերաբերում է ազգային արժեհամակարգի բաղադրիչների նկատմամբ նոր իշխանութիւնների, մեղմ ասած, ոչ գրագէտ վերաբերմունքին: Եթէ, օրինակ, պետութեան տնտեսական զարգացման մոտելի ոչ ճիշդ ընտրութեան դէպքում մեր երկրի տնտեսութիւնը ինչ-որ ժամանակ նահանջ կ’արձանագրի՝ իր խիստ բացասական հետեւանքներով (օր.՝ կը սկսուի արտագաղթի նոր ալիք), ապա ազգային արժեհամակարգի նկատմամբ մեղանչումները պարզապէս անդառնալի հարուածներ կը հասցնեն ազգի ողնաշարին: Իսկ ազգային արժեհամակարգից շեղումների պատճառները կարող են տարբեր լինել: Դրանցից են.
1) Ազգային արժեհամակարգի չիմացութիւնը: Սա ամէնից մեղմն է եւ կարող է պայմանաւորուած լինել ինչպէս սեփական պատմութեան չիմացութեամբ, այնպէս էլ համաշխարհային պատմութեան, մասնաւորապէս՝ համաշխարհային քաղաքական պատմութեան համաթեքստում նրա ոչ ճիշդ իմաստաւորմամբ: Ընդ որում՝ պատմութեան իմացութիւնը պարզապէս իրադարձութիւնների ժամանակագրութեան իմացութիւն չէ, այլ՝ պատմութեան տրամաբանութեան ըմբռնում: Այսինքն՝ ոչ միայն «ինչ»ի եւ «ինչպէս»ի, այլեւ «ինչու»ի ըմբռնում:
2) Այլ արժեհամակարգի հետեւելը: Այդպիսին էր, օրինակ, հայկական պոլշեւիզմը 20-րդ դարի սկզբին: Այս երեւոյթի շուրջ բանավէճերը ունեն մօտ մէկ դարի պատմութիւն, եւ այստեղ մեր նպատակից դուրս է դրանց նորից ընթացք տալը, բայց անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ մի իրողութեան՝ որպէս նշուած երեւոյթի բնութագրական օրինակի: Վաղուց յայտնի ճշմարտութիւն է, որ 1920-ին Կովկասում սկիզբ առած տարածաշրջանային իրողութիւնների պայմաններում (այն է՝ Քեմալական Թուրքիայի ծաւալապաշտական շարժումը դէպի իր արեւելեան թուրք եղբայրները՝ մի կողմից, եւ պոլշեւիկեան Ռուսաստանի նոյնատիպ շարժումը դէպի նոյն տարածքները՝ միւս կողմից), Հայաստանի առաջին Հանրապետութիւնը չէր կարող գոյատեւել որպէս անկախ պետութիւն: Հետեւաբար, «պոլշեւիկեան մուրճի եւ թուրքական սալի միջեւ» (Ս. Վրացեան) գտնուող Հայաստանի խորհրդայնացումը միայն ժամանակի խնդիր էր: Օրուայ իշխանութիւնների առջեւ ծառացած հիմնական հարցը, նախ՝ հայ ժողովրդի ֆիզիքական անվտանգութեան ապահովումն էր իր հայրենիքի մի մասում, ապա՝ այդ հայրենիքի տարածքային ամբողջականութեան պահպանումը, մինչեւ կ’որոշակիանար աշխարհաքաղաքական զարգացումների ուրուագիծը: Այսօր միանշանակ կարելի է ասել. եթէ չլինէր պոլշեւիկեան բարոյալքող քարոզչութիւնը ազգաբնակչութեան, այդ թւում՝ զօրքերի շրջանում, Հայաստանի Հանրապետութիւնը կը խորհրդայնանար առնուազն Կարսի նահանգով, եթէ ոչ՝ աւելի մեծ տարածքով: Այլապէս ինչով բացատրել, որ 1918-ի վերջին (Դեկտեմբեր) հայկական վատ զինուած, վատ պարէնաւորուած եւ կիսաբոպիկ զօրամասերը Դրոյի գլխաւորութեամբ պարտութեան մատնեցին թուաքանակով մօտ երկու անգամ իրենց գերազանցող եւ լաւ զինուած ու հանդերձաւորուած վրացական զօրքը, իսկ երկու տարի յետոյ՝ 30 Հոկտեմբեր 1920-ին, լաւ զինուած ու հանդերձաւորուած հայկական զօրամասերը առանց կռուի Կարսի անառիկ համարուող ամրոցը, որի պաշտպանութեան հրամանատարն էր զօր. Դանիէլ բեկ Փիրումեանը՝ Սարդարապատի հերոսամարտի ղեկավարներից մէկը, յանձնեցին թուրքերին: Ընդ որում, այն դէպքում, երբ յարակից՝ Սուրմալուի ռազմաճակատում, որի հրամանատարը դարձեալ լեկենտար Դրօն էր, թուրքական զօրամասերին չյաջողուեց առաջ շարժուել եւ ոչ մի քայլ:
3) Օտար ուժերի հետ համագործակցութիւնը յանուն իշխանութիւնը ձեռք ձգելու կամ զայն պահպանելու: Ուժեր, որոնց հետաքըրքրութիւնների բուն նպատակը ոչ միշտ է յայտնի եւ ոչ միշտ է անկեղծ:
Այժմ մեր բուն մտահոգութեան մասին:
Վերջերս նոր իշխանութեան տարբեր ներկայացուցիչներ, առաջնորդուելով, թերեւս, յեղափոխութիւններին բնորոշ ամենայն հինը մերժելու եւ դրանք նորերով փոխարինելու մղումով, ի թիւս այլ «սպառնալիքների», խօսում են նաեւ գործող պետական օրհներգը Խորհրդային Հայաստանի օրհներգով փոխարինելու մասին: Իսկ մինչ այդ կառավարութեան ղեկավարը հանդէս էր եկել որոշ նախարարութիւններ, այդ թւում՝ Սփիւռքի եւ Մշակոյթի, կրճատելու նախաձեռնութեամբ: Հարկ չենք համարում անուանապէս յիշելու այդ նախաձեռնութիւնների հեղինակներին (ինչպէս ընդունուած է ասել շօ պիզնեսի բառապաշարում, նրանք գտնւում են այսօր ամէնից աւելի յայտնի դարձած հայերի թափ տասնեակում), որովհետեւ տուեալ դէպքում հիմքեր կան մտածելու, որ գործ ունենք ոչ թէ անհատական նախաձեռնութիւնների, այլ նոր իշխանութիւնների կողմից հռչակուած ներքաղաքական քուրսի հետ:
Մենք միշտ հպարտացել ենք մշակութային ազգ լինելով եւ կարծում եմ՝ դա արդարացուած է եղել: Վկան մեր՝ համաշխարհային ճանաչման արժանացած մշակոյթի գործիչներն են ու նրանց ստեղծած արժէքները ամենատարբեր ոլորտներում: Ամէն ժողովրդի մշակոյթ մարդկութեան համար հետաքրքրութիւն է ներկայացնում իր ինքնատիպութեամբ, համաշխարհային մշակութային գանձարանում իր աւելացրած ուրոյն երանգով: Ճիշդ է՝ իւրաքանչիւր նկարիչ, քանդակագործ կամ գրող ստեղծագործում է ըստ իր պատկերացումների, եւ դրա համար նա պետական կառոյցի օժանդակութեան կամ ցուցումի կարիք չունի, բայց պետական կառոյցն անհրաժեշտ է, մի կողմից, ազգային մշակոյթի լաւագոյն արտայայտութիւնները միջազգային ասպարէզ դուրս բերելու, դրանցով աշխարհին ներկայանալու համար, իսկ միւս կողմից՝ ներքին քարոզչութեան եւ մշակութային արժեհամակարգ ձեւաւորելու, այն հարստացնելու համար: Այլ կերպ ասած՝ պետական մշակութային քաղաքականութիւն իրականացնելու համար: Եթէ պետական մշակութային կառոյցը պատշաճ մակարդակով չի իրականացնում իր գործառոյթները, խնդրի լուծումը այն վերացնելը չէ, այլ ոլորտի պատասխանատուներին գիտակներով փոխարինելը, թերեւս՝ նաեւ մշակութային ռազմավարութեան յստակեցումը: Իսկ եթէ պետական կառոյցի առանձին օղակների կրճատման բուն նպատակը միջոցներ խնայելն է, ապա դա չպէտք է վերաբերի ոչ մշակոյթի, ոչ էլ կրթութեան ու գիտութեան նախարարութիւններին: Առանց ազգային դիմագծով մշակոյթի եւ ազգային արժեհամակարգի վրայ խարսխուած կրթութեան, նոյնն է՝ թէ պետութիւն առանց ազգային ինքնութեան գիտակցումով քաղաքացու: Եթէ բանակը անհրաժեշտ է մեր ֆիզիքական գոյութիւնը ապահովելու համար, ազգային մշակոյթն ու կրթութիւնը անհրաժեշտ են հայրենիքին գաղափարապէս հասուն եւ ոգով թրծուած, յանուն բարձր արժէքների զոհաբերութեան ունակ քաղաքացիներ դաստիարակելու համար: Հետեւաբար՝ նաեւ բանակին իր առաքելութեանը պատրաստ զինուոր տալու համար: «Մշակոյթ» եւ «Կրթութիւն» բառերի կողքին «ազգային»ի շեշտադրումը ամենեւին չի նշանակում մտահորիզոնի նեղացում եւ մեր մշակութային ու կրթական համակարգերի՝ համաշխարհային զարգացման միտումներից խզում: Դա կը լինէր միւս ծայրայեղութիւնը, որովհետեւ այդպիսի խզումը մեզ անընկալելի կը դարձնի աշխարհում եւ կը տանի դէպի մեկուսացում: Ի հարկէ, բարդ է ազգային մշակոյթի կամ կրթական համակարգի բանաձեւ առաջարկելը, բայց ընդհանուր գծերով այն կարելի է սահմանել որպէս սեփական մշակութային եւ կրթական աւանդոյթներից բխող սկզբունքների եւ համաշխարհային առաջադէմ փորձի ներդաշնակ համադրում՝ ազգայինի հիմքին վրայ: Այլ կերպ ասած՝ մերը եւրոպական կրթութեամբ Աբովեանն է ու Կոմիտասը, մենք գնահատում ենք Վալտեր Սքոթին, բայց մերը Րաֆֆին է, սովորում ենք Ուիթմենից եւ Փոլ Էլիւարից, բայց մերը Թումանեանն ու Չարենցն են, ընդունում ենք Պիքասոյի արուեստը, բայց մերը Մ. Սարեանն ու Է. Քոչարն են եւ այլն:
Կարծում ենք՝ նոյն տրամաբանութեամբ պիտի վերաբերուել նաեւ պետական օրհներգին ու զինանշանին, որոնց շուրջ եւս ժամանակ առ ժամանակ կրքեր են լարւում: Անկախ պետականութեան հռչակման գործընթացի փուլում, երբ օրհներգի եւ զինանշանի ընտրութեան հարց էր դրուած, քիչ չէին թեր եւ դէմ կարծիքները, բայց, ի վերջոյ, օրուայ քաղաքական մեծամասնութեան շարքերում յաղթեց դէպի ազգային արժեհամակարգը հակուելու միտումը եւ նախապատուութիւնը տրուեց Առաջին Հանրապետութեան խորհրդարանի կողմից ընդունուած օրհներգին ու զինանշանին: Դրանով Հայաստանի երրորդ (անկախ) հանրապետութիւնը իրեն հռչակեց Առաջին (անկախ) Հանրապետութեան կողմից ընդունուած ազգային-պետական արժեհամակարգի ժառանգորդ:
Գործող օրհներգի փոփոխութեան մերօրեայ կողմնակիցներից ոմանց հիմնաւորումները տարբեր ձեւակերպումներով յանգում են մի բանի՝ արդիական չէ: Եթէ առաջնորդուենք արդիականութեան չափանիշով, ապա պիտի ընդունենք, որ արդիական չէ նաեւ Խ. Աբովեանի «Վէրք Հայաստանին»: Առաջին հերթին արդիական չէ «վէրքի» լեզուն. գրուած լինելով Արարատեան բարբառի Քանաքեռի խօսուածքով՝ այն ընկալման դժուարութիւն է ներկայացնում ոչ միայն արեւմտահայերի, այլեւ արեւելահայերի համար: Բայց «վէրքի» առաջաբանը հայ նոր գրականութեան մանիֆէստն է, իսկ բուն վէպը՝ այդ մանիֆէստի գեղարուեստական իրագործումը: Հրաժարուե՞նք «վէրքից»։ «Մեր հայրենիքին» դէմ արտայայտուողները, հակաքարոզչական նպատակներով դիմելով մանր խորամանկութեան, հիմնահարցին անտեղեակ մարդկանց օրհներգը մատուցում են «Մեր հայրենիք, թշուառ, անտէր» բնագրային տողով, որը եղել է օրհներգի՝ Առաջին Հանրապետութեան ժամանակ ընդունուած տարբերակում, բայց այժմեան՝ գործող տարբերակում փոխարինուած է «Մեր հայրենիք, ազատ, անկախ» տողով: Աւելին, իրենց իրական մտադրութիւնները քօղարկելու նպատակով նրանք ասում են, թէ օրհներգի երաժշտութիւնը հայկական չէ, այլ՝ պալքանեան: Ի հարկէ, այդպէս չէ: Ակնյայտ է, որ գործ ունենք նաեւ անտեղեակութեան հետ: Սակայն, մի պահ ընդունենք, թէ այդպէս է եւ «Մեր հայրենիք»ի երաժշտութեանը օտար ծագում վերագրողներին հարց տանք՝ ձեզանից քանիսի՞ անուններն են հայկական: Եւ առհասարակ, հայկական համարուող անձնանուններից քանի՞սն են բնիկ հայկական: Հայկակա՞ն են մեր Արտաշէսը, Տիգրանը, Արշակը, Կարէնը, Սուրէնը, Վարդանը, Գուրգէնը, Աշոտը, Դաւիթը, Գրիգորը, Գէորգը, Լեւոնը, Աշխէնը, Անահիտը, Փառանձեմը, Մարիամը, Գոհարը եւ ուրիշ շատերը, որոնք մենք համարում ենք հայկական: Դարերի խորքից եկած մեր անձնանունների մեծ մասը ունեն իրանական, հրէական, յունական, լատինական կամ արաբական ծագում, բայց ժամանակի ընթացքում նրանք հայացուել են՝ դառնալով մեր ազգային արժեհամակարգի մի մասը: Իրանական (իմա՝ պարթեւական) ծագում են ունեցել Արշակունիները եւ Լուսաւորչի տունը: Հայ պատմագրութեան մէջ հրէական ծագում է վերագրւում Բագրատունեաց նախարարական տոհմին եւ չինական ծագում՝ Մամիկոնեաններին: Նրանցից նոյնպէ՞ս հրաժարուենք: Բայց չէ՞ որ դա կը նշանակի հրաժարուել մեր պատմական ժառանգութեան մի շատ կարեւոր մասից:
Գործող օրհներգի մասին հնչող քննադատութիւնների իրական պատճառների մէջ խորամուխ լինելու դէպքում կը տեսնենք, որ հիմքում դրանք քաղաքական են եւ անձնական: Ազնիւ չի լինի ժխտել Ա. Խաչատրեանի գրած օրհներգի արժէքը իբրեւ երաժշտութիւն, բայց այն գրուել է Խորհրդային Հայաստանի համար, որի թեքստը սկսւում է «Սովետական, ազատ աշխարհ, Հայաստան» տողով: Հիմա ինչպէ՞ս վարուենք. ՀԽՍՀ օրհներգն ընդունենք Սարմէնեա՞ն թեքստով, թէ նոր թեքստի մրցոյթ յայտարարենք: Չէ՞ որ ՀՍԽՀ օրհներգին տեղեակների գիտակցութեան մէջ խաչատրեանական երաժշտութիւնը զուգակցւում է Սարմէնեան տեքստի հետ: Այդ երկուսը միաձոյլ ամբողջութիւն են: Ոմանց, աւելի ստոյգ՝ նոր օրհներգի ստուերային ջատագովների համար, ի հարկէ, ցանկալին խաչատրեանական երաժշտութիւնն է նոր տեքստով: Աւելին ասեմ. ոմանք դէմ չէին լինի նոյնիսկ նոր երաժշտութեանը, բայց քանի որ այդ տարբերակը արդէն փորձարկուել է, եւ նրա իրական նպատակները բացայայտուել են, այդ մասին լռում են: Նկատի ունենալով պետական օրհներգը փոխելու նախորդ փորձերը՝ կարող ենք ասել, որ այսօր նոյնպէս այդպիսի հասարակական պահանջ գոյութիւն չունի, հետեւաբար այդ օրակարգը մտացածին է, շինծու: Ըստ ամենայնի, ոմանց կողմից այն ասպարէզ է նետուել իրական խնդիրներից ուշադրութիւնը շեղելու, հասարակական միտքը այլ բաներով զբաղեցնելու նպատակով: Առանձին դէպքերում այդ խայծը աշխատում է: Այն է՝ օրհներգի խօսքերի կամ երաժշտութեան հեղինակ դառնալը մշակոյթի որոշ գործիչների համար իրենց չբաւարարուած յաւակնութիւններին յագուրդ տալու հնարաւորութիւն է, իսկ նոր իշխանութիւնների համար՝ գործ ցոյց տալու եւ իրենց իշխանութեան շրջանը հայոց քաղաքական պատմութեան մէջ նոր խորհրդանիշների միջոցով կարեւորելու հնարաւորութիւն: Չմոռանանք՝ Խորհրդային Հայաստանի օրհներգի հեղինակը Ե. Չարենցը, Յ. Շիրազը կամ Պ. Սեւակը չէ, այլ Սարմէնը, որի անունը՝ իբրեւ բանաստեղծի, եթէ յիշատակւում է մեր գրականութեան մէջ, միայն իբրեւ ՀԽՍՀ օրհներգի խօսքերի հեղինակ է յիշատակւում:
Օրհներգի խօսքերի ընտրութիւնը պարզապէս լաւ բանաստեղծական տեքստի ընտրութիւն չէ: Եթէ այդպէս լինէր, ապա Առաջին Հանրապետութեան հիմնադիրները ոչ թէ կը դիմէին Մ. Նալբանդեանի «Իտալացի աղջկայ երգի», այլ կը պատուիրէին ժամանակի մեր մեծ բանաստեղծներին, օր.՝ Յ. Թումանեանին կամ Ա. Իսահակեանին, գրել համապատասխան խօսքեր: Չմոռանանք նաեւ, թէ ինչու մեր նոր գրականութեան Մեծ լուսաւորիչը իր վէպի հերոս ընտրեց «մեռած Աղասուն», այլ ոչ թէ մէկ ուրիշ քաջի, որոնցից շատերը «վէրք»ը գրելու ժամանակ դեռեւս ողջ էին: Ինչպէս խօսքերի հեղինակի, այնպէս էլ բուն խօսքերի ընտրութիւնը ունի յատուկ խորհուրդ. Մ. Նալբանդեանն է ազատութեան մեր մեծ երգիչը, իսկ նրա «Իտալացի աղջկայ երգը» բանաստեղծութիւնը առանձնայատուկ նշանակութիւն է ունեցել մեր ազգային ազատագրական պայքարի ճանապարհին. նրանով դաստիարակուել է հայոց ազատամարտի մի քանի սերունդ: Իսկ մեր պայքարը դեռ չի աւարտուել: Այլապէս, եթէ ուղենիշ ընդունենք լաւագոյն տեքստի ընտրութիւնը, ապա այդ բանավէճին երբեք վերջակէտ չի դրուի: Ի՞նչ չափանիշներով պիտի ընտրութիւն կատարուի, օրինակ, Յ. Թումանեանի «Հայրենիքիս հետ» եւ Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութիւնների միջեւ՝ իբրեւ օրհներգի տեքստի: Մէկին կամ միւսին նախապատւութիւն տուող չափանիշները միշտ կը լինեն սուպյեկտիւ, հետեւաբար՝ ոչ համոզիչ: Ովքեր չեն գիտակցում այս պարզ իրողութիւնը, պետութեան կառավարման ղեկին մօտենալու իրաւունք չունեն: Իսկ եթէ գիտակցում են, բայց եւ այնպէս փորձում են չարաշահել ժողովրդի վստահութեան քուէով իրենց տրուած հնարաւորութիւնը, պիտի նկատի ունենան, որ իրենց իշխանութիւնը նոյնպէս յաւերժական չէ, ինչպէս որ յաւերժական չէին նախքան իրենք եղած իշխանութիւնները: Աւելին. անխոհեմ վարքագիծ դրսեւորելու դէպքում այդ իշխանութեան տեւողութիւնը կարող է էականօրէն կրճատուել: Պատմութիւնը դրա օրինակները նոյնպէս ունի:
Սովորեցնելուց առաջ պիտի սովորել:
Ոչինչ չունենալով խաչատրեանական օրհներգի դէմ՝ իբրեւ երաժշտական արժէքի, չենք կարող չասել. նախապատուութիւնը տալով այդ օրհներգին՝ ինքնաբերաբար դէմ էք արտայայտւում անկախ պետականութեան գաղափարին եւ այդ գաղափարի հիմքում ընկած ազգային արժեհամակարգին: Ընտրութիւնը ձերն է, պարոնա՛յք իշխանաւորներ, բայց մի՛ մոռացէք, որ Հայոց պատմութիւնը նոյնպէս ունի ընտրութեան օրակարգ:

Share.

Leave A Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.