ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱՅ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՈՒՆ

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան ուղերձ յղած է Սեւրի պայմանագիրի ստորագրութեան 100-ամեայ տարեդարձին նուիրուած գիտաժողովի մասնակիցներուն.
«Յարգելի՛ հայրենակիցներ,
Ողջունում եմ Սեւրի պայմանագրի ստորագրման 100-ամեայ տարեդարձին նուիրուած գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտութիւնն եմ յայտնում այս կարեւորագոյն միջոցառումը նախաձեռնելու համար:
Սեւրի հաշտութեան պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմութեան մէջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրութիւնների եւ վերլուծութիւնների առարկայ: Ուստի յոյժ կարեւոր է, որ մէկ դար առաջ կնքուած այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձութիւնների եւ յաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնակալ վերլուծութիւնները հասանելի լինեն թէ՛ մեր ժողովրդին եւ թէ՛ միջազգային լայն հանրութեանը: Այսօրուայ գիտաժողովը ծառայում է հէնց այդ նպատակին, եւ ես յաջողութիւն եմ մաղթում դրա աշխատանքներին` ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ եւ նոր կարեւոր բացայայտումներ:
Սեւրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարեւոր: Ինչու՞ է այն առ այսօր մեր ուշադրութեան կենտրոնում:
Նախ` Սեւրի պայմանագիրը կնքուեց մարդկութեան պատմութեան ամենադրամատիկ էջերից մէկի` Առաջին համաշխարհային պատերազմի արդիւնքների հիման վրայ, դրա աւարտից շուրջ երկու տարի անց: Ինչպէս Վերսալի պայմանագիրը խաղաղութիւն էր հաստատում Եւրոպայում, այնպէս էլ Սեւրի պայմանագիրը` Օսմանեան կայսրութեան նախկինում պատկանող Առաջաւոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքներին եւ զրկանքներին: Այն ,անիծեալ տարիներիէ աւարտն էր ազդարարում:
Ինչպէս Վերսալի պայմանագիրը Եւրոպայում, այնպէս էլ Սեւրի պայմանագիրը միջպետական յարաբերութիւնների նոր համակարգ էր ձեւաւորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժէքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղութիւն, այլ նաեւ արդարութիւն էր հաստատում Առաջաւոր Ասիայում:
Պայմանագիրը կազմուել էր ժամանակի ամենաառաջադէմ գաղափարների հիման վրայ: Առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման եւ իրաւահաւասարութեան սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրութիւնների պարտադրած դարաւոր ստրկութեանը եւ ազատութիւն ու անկախութիւն պարգեւում տարածաշրջանի ժողովուրդներին:
Աւելին, պատմական տարածքներում ազգային պետութիւններ հիմնելու իրաւունք տրամադրելով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջանում մուսուլման եւ քրիստոնեայ ժողովուրդնե
րի համակեցութեան, խաղաղ գոյակցութեան եւ տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանութեան պահպանման եւ հետագայ զարգացման համար:
Երկրորդ` Սեւրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց եւ ամրագրեց Հայաստանի անկախութիւնը: Հայաստանի Հանրապետութիւնը հանդէս էր գալիս որպէս այդ փաստաթղթի իրաւահաւասար կողմ: Անկախութեան կորստից դարեր անց Հայաստանի իշխանութիւններն առաջին անգամ աշխարհի մեծ տէրութիւնների հետ մէկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետութիւնը պայմանագրում նախանշուած սահմաններում ճանաչւում էր որպէս միջազգային յարաբերութիւնների լիիրաւ անդամ եւ միջազգային իրաւունքի իրաւահաւասար սուբյեկտ:
Պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի ներդրումը` Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետութիւնների կրած յաղթանակի եւ խաղաղութեան հաստատման գործում: Ընդգծւում եւ հաւուր պատշաճի գնահատւում էր հայ ժողովրդի դերակատարումը միջազգային յարաբերութիւններում եւ աշխարհի ետպատերազմեան կառավարման գործում:
Երրորդ` Սեւրի պայմանագիրն իր 89-րդ յօդուածով փաստում եւ ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչութիւնը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամեակներ ի վեր ծնուել, ապրել եւ պետականութիւն ու մշակոյթ էր կերտել հայ ժողովուրդը:
Եւ վերջապէս, Սեւրի պայմանագիրը կնքուեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին յաջորդած ժամանակաշրջանում, երբ Օսմանեան կայսրութիւնը փորձում էր հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծել ‹‹հայկական հարցը››: Հայ ժողովուրդը ենթարկուել էր ամենադաժան եւ անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները: Մինչդեռ Սեւրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման համար: Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականութեան ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում «Հայկական Հարցը»: Վերականգնւում էր պատմական արդարութիւնը: Բարենպաստ պայմաններ էին ստեղծւում մեր ժողովրդի տնտեսական եւ ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման եւ առաջընթացի համար:
Չնայած Սեւրի պայմանագիրն այդպէս էլ կեանքի չկոչուեց, այն շարունակում է գոյութիւն ունենալ որպէս պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականութեան վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է յիշել այն, գիտակցել եւ պահպանել նրա խորհուրդը»:

Share.

Leave A Reply