Մարդկութեան ինքնութեան կարեւորագոյն նուաճումներից մէկը՝ տարաբնոյթ քաղաքակրթութիւնների ստեղծումն է, որոնք, իրենց հերթին, կերտել են հասարակութեան բաղկացուցիչ մասերի՝ ազգերի մշակութային եւ բարոյահոգեբանական նկարագիրը:

Այսօր, շատ կաեւոր է հասկանալ, որ անընդհատ պայքարը՝ տարբեր քաղաքակրթութիւնների միջեւ, ընդունելով հերթական, գուցէ եւ ոչ նոր, որակական երանգներ՝ որպէս պատմական անխուսափելիութիւն, շարունակում է մնալ մարդկութեան զարգացման ընթացքի շարժիչ ուժը, իր արդիւնքում, այնուամենայնիւ, ակնկալելով արդարացի հասարակութեան ստեղծման անհրաժեշտութիւնը, դառնալով Բարու եւ Չարի  յաւերժական կռուի խորհրդանիշը:

Անցած հազարամեակների ընթացքում տեղի ունեցած իրադարձութիւնների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ արդարացի հասարակարգի ստեղծման բազմաթիւ փորձերի ընթացքում, բնական եւ աշխատանքային պահուստների, աշխատուժի եւ աշխատանքի արդիւնքի բաժանման եւ վերաբաժանման, արդարացի կամ անարդար գործընթացն, որպէս կանոն, բնորոշւում է մարդկային որոշակի արժէքների, ըստ էութեան, անվերապահ կորստով եւ, ըստ այդմ, անդառնալի կորած քաղաքակրթութիւնների մասին այսօր կարելի է կարծիք կազմել միայն հողագնդի վրայ համասփիւռ ճարտարապետական կոթողների առկայութեամբ:

Բարեբախտաբար ոչ բոլոր քաղաքակրթութիւններն են կործանուել գոյութեան համար մղուող այս անզիջում պայքարի յորձանուտում: Համամարդկային քաղաքակրթութեան «ստորաբաժանումներից» մէկը Հին Արեւելքի /հեթանոսական, քրիստոնէական եւ մուսուլմանական/ քաղաքակրթութիւնն է, որն իր մէջ է ներառում  Հին Եգիպտոսի, Միջագետքի, Հին Յունաստանի եւ Հռոմի, ինչպէս նաեւ Հայաստանի, Իրանի եւ Արաբական աշխարհի անտիկ մշակոյթի տարրերը, եւ այսօր, իրաւամբ, մարդկութեան պատմութեան պարծանքն է համարւում, որտեղ, ի դէպ, իրենց աւանդով հպարտանալու իրաւունք ունեն նաեւ հայերն՝ որպէս Առաջաւոր /Փոքր/ Ասիայի հնագոյն եւ լիիրաւ ազգերից մէկը:

Դեռեւս անցեալ դարի 90-ական թուականներին, Հարվարդի համալսարանի փրոֆեսոր Սեմուէլ Հանթինգթոնն արտայայտել է մի միտք, ըստ որի՝ «սառը պատերազմի» աւարտից յետոյ, մարդկութիւնը ներքաշուելու է նոր հակամարտութեան մէջ, որը նա անուանել է «քաղաքականութիւների պայքար» եւ որի «սահմաններից» մէկն անցնելու է քրիստոնէական եւ մահմետական կրօններ դաւանող ժողովուրդների միջեւ շփման գծին զուգահեռ:

Ամերիկացի գիտնականի մռայլ գուշակութիւնը, կարծես թէ, իրականութիւն դարձաւ ԽՍՀՄ փլուզումից եւ, այսպէս կոչուած, միաբեւեռ աշխարհի ասպարէզ գալուց յետոյ, որն, ըստ էութեան, հակասում է հասարակութեան բնականոն զարգացման ընթացքին։ Այս առումով զարմանալի չէ, որ, հասարակութեան ներսում, զարգացման կանոնների հաւասարակշռութիւնն ապահովելու բնական նպատակին ծառայելու խնդրին համապատասխան, կրկին եւ նորովի, հանդէս է գալիս վերոյիշեալ հակամարտութիւնը քաղաքականութիւնների միջեւ, որն, ի դէպ, նորոյթ չէ իր բովանդակութեամբ, քանզի իւրաքանչիւր զարգացում, ըստ էութեան, դա հակամարտութիւն է, իսկ մարդկային հասարակութեան զարգացումն՝ այդ հասարակութեան ներսում առկայ բոլոր բացասական եւ, ինչու ոչ նաեւ դրական, երեւոյթների դէմ մարդու ընդվզումների արդիւնքն է։

Այս առումով, ներկայիս խառնափնթոր պատմաքաղաքական իրականութեան պայմաններում, առաւել կարեւորւում է հայ ժողովրդի տեղի և դերի ճիշդ գնահատման անհրաժեշտութիւնն, առանց որի անկարելի է պատկերացնել նրա ապագան համաշխարհային հանրութեան մէջ։

Ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում․այս հարցերի յստակ պատասխանները միայն թոյլ կտան մեզ կարողանալ, չկրկնելով անցեալի սխալները, յաղթող դուրս գալ գոյութեան պայքարի այս հերթական փուլում, պայքար, որի վտանգաւոր յորձանուտն ենք ներքաշուել մեր ցանկութիւնից անկախ, սակայն չենք կարող մասնակցութիւն չունենալ առկայ գործընթացներին, եթէ մտածում ենք մեր ապագայի մասին։

Այսօր «նորաձեւութեանը» տուրք տուող, այսպէս կոչուած «աջերի» կողմից հայոց պատմութեան «անաչառ» քննադատութիւնն եւ մեր պատմութիւնն արաբական «Հազար ու մէկ գիշերներ» հեքիաթաշարի անյաջող տարբերակ դարձնելու փորձն, որն իր հերթին պատճառ է դառնում «ձախ» ազգայնականների կողմից նրանց տարբեր պիտակներ շնորհելուն, բոլորովին համահունչ չէ մեր ազգային շահերին և, միաժամանակ, «ջուր է լցնում» այն ուժերի ջրաղացին, որոնք ցանկանում են օգտուել այդ երևոյթի արդիւնքում առկայ իրավիճակից, որի ենթատեքստում յոյժ կարևոր է դառնում պատմական ազգային արժէքների նկատմամբ բացառիկ վերաբերմունքը, նրանց վերըմբռնման փորձի հաւասարակշռուած իրականացումը, հաշուի առնելով ինքներս մեզ չվնասելու անհրաժեշտութիւնը։

Քաղաքակրթութիւնների առճակատման ներկայիս պայմաններում, մէկ ծայրայեղութիւնից մէկ այլ ծայրայեղութեան մէջ ընկնելը, թերեւս, ամենածանր հետեւանքները կարող է ունենալ մեր ժողովրդի եւ պետութեան համար։ Սա անառարկելի փաստ է, որի անտեսումը «յղի է» անկռահելի վտանգներով։

Ինչպէս արդէն նշուեց վերեւում, այս առճակատման ուղղութիւններից մէկն անցնում է քրիստոնեայ եւ մահմետական կրօններ դաւանող ժողովուրդների շփման առանցքին զուգահեռ և, որն աւելի կարևոր է, հայերը գտնւում են այդ առանցքի կիզակէտերից մէկում՝ հարեւանութեամբ մահմետական, առաւել ռազմատենչ, մի ազգի՝ թուրքերի, որոնց ազգային գաղափարախօսութիւնը հանդիսացող փանթուրքիզմը, տարածաշրջանային, առանց այն էլ հեղհեղուկ, կայունութեան խախտման հիմնական պատճառներից մէկն է հանդիսանում։

Հայերի հազարամեայ հարեւանութիւնը նրանց հետ, ցոյց է տուել, թէ ինչպիսի՛ խնդիրներ կարող է առաջացնել այդ գաղափարախօսութեան իրականացման փորձն։ Այն զոհերն, որը տուել է մեր ժողովուրդը այս երեւոյթի դէմ մղուած անհաւասար պայքարում, պէտք է միշտ յիշեցնեն մեզ, թէ ո՛ւմ հետ գործ ունենք եւ թէ ինչպէ՛ս պէտք է ապահովենք մեր գոյատեւումն այդ իրավիճակում։

Այսպիսով․ աշխարհում եւ տարածաշրջանում «արեւի տակ» իրենց տեղը, մէկ անգամ եւս, վերահաստատելու համար, հայերը չպէտք է մոռանան, որ իրենք, լինելով մոլորակի հնագոյն ազգերից մէկն, ապրելով Փոքր Ասիայի մասը կազմող Հայկական բարձրաւանդակի տարածքում, Արեւելքի հնաբնակ ժողովուրդների մշակոյթների հարեւանութեամբ, ստեղծելով իրենց ուրոյն ազգային մշակոյթը, պէտք է ճիշդ ընտրեն այն ուղին, որը նրանց հնարաւորութիւն կտայ գտնել շեքսպիրեան հերոսի հարցի պատասխանն և՝ ըստ այդմ, պաշտպանել իրենց և իրենց պետութեան շահերն՝ ետ չմնալով համաշխարհային առաջընթացից և չմոռանալով իրենց պատմական անցեալը։

Վարդան Յովհաննիսեան

Արեւելագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու