Խորը շունչ եմ քաշում: Թանձր ու սուր օդը սովորականից թոքերումս պահելուց յետոյ ածխաթթու կազի հետ արտաշնչում եմ նաեւ ներսումս եղած կարօտն ու չապրած՝ բացակայ օրերիս թախիծը:
-Շը՜խկ. Վրաստանի սահմանային անցակետում մուտքը հաստատող կնիքի ձայնը լսելուն պէս շտապում եմ տուն…
Ամուր կանգնած եմ հողին վրայ: Արդէն կեղտոտուած սպիտակ կօշիկներս կիսով չափով հողի մէջ են, բայց ինձ դա բնաւ էլ չի մտահոգում, քանզի հայրենի հողն ինձ՝ ես էլ իրեն մի անբացատրելի սիրով ենք սիրում ու սա էլ մեր գրկախառնուելու իւրօրինակ տարբերակն է: Հայրենի գիւղին երկար, անթարթ նայելուց յետոյ քայլերս դէպի տուն են տանում, տուն որտեղ ամեն ինչ ճիշդ չորս հաւասար մասերի էր բաժանւում՝ քոյրերիս, եղբօրս ու իմ միջեւ: Այդ յուշերը փազլի (հանելուկի – ՅՄ) նման հաւաքւում են ամէն անգամ երբ չորսս նորից հայրական տանն ենք հաւաքւում: Իսկ հայրական տունն ու հայրենիքը մօր նման են՝ ամէն ինչ ներում են, անգամ երկար բացակայութիւնից յետոյ գրկաբաց ու սիրով ընդունում, առաջին հերթին կերակրում, յետոյ մի լաւ հարցուփորձ անում, ու միայն դրանից յետոյ թողնում հանգստանալու…
Իսկ հիմա ամէն ինչ սկսեմ ամենասկիզբից: Ծնուել եմ Ջաւախքում, սահմանամերձ Կարզախ գիւղում: Այստեղ ուր երկրի սահմանները յստակ ուրուագծուած են, գիտակցում ես դրա անսահմանութիւնն ու աւելի լայն, ընդարձակ ու տարածական սիրում այն:
Իսկ հայրենի հողը յիշողութիւն ունի, կարօտել գիտի, որքան էլ որ բացակայենք միեւնոյնն է՝ գրկաբաց է ընդունում: Այդ հողի վրայ աւելի կանգուն ես, քայլերդ աւելի վստահ, յետոյ ինչ որ սպիտակ կօշիկներդ կիսով չափ հողի մէջ՝ հողի հետ գրկախառնուած:
Հողը երգ ունի, այդ երգը ցանկացած գիւղացու շուրթին է՝ արօտում աշխատելիս, հունձք անելիս, ծառ տնկելիս, դաշտերում ու արտերում պարզապէս քայլելիս, այդ երգն ամէնուր է, անգամ լռութեան մէջ այդ երգը կայ:
Հոմ հորովել հորի լորի լուրա լորիիի լոր հորովել…
Հողը սիրել գիտէ, անսահման ու անվերադարձ սիրով: Հողը ներել գիտէ, հողը խօսել, լսել, տեսնել գիտէ, իսկ ամէն սերմնացու իր հողում է աճում: Իսկ ես թէկուզ երկար բացակայութիւնից յետոյ էլ, պարտադիր վերադառնում եմ հայրենիք, որովհետեւ բոլոր ճանապարհներս միեւնոյնն է բերում են Ջաւախք…
Ճամպրուկս եմ բացում, օտարութեան բոյրը դեռ զգում եմ: Խնամքով հանում եմ շորերս՝ փռում արեւին, յետոյ փաթաթւում ու արեւի շողերով ես եմ ջերմանում: Ինչ-որ տեղ շտապող ամպերի հետ եմ խօսում, յետոյ անթարթ իմ տեսած գիշերներից ամենաաստղազարդ երկնքին եմ նայում, ամէն ընկնող աստղի հետ՝ երազանք պահում, մինչեւ որ մայրս յիշեցնում է, որ ճամպրուկս դեռ ինձ է սպասում:
Շորերիս տակ խնամքով պահած Աստուածաշունչն եմ հանում, դնում անկողնուս կողքի դարակին, այն իմ մշտական ուղեցոյցն է՝ բոլոր ճանապարհներին: Պարտադիր ընթերցանութեան գրքերս եմ հանում, պատահական ընտրում դրանցից մէկն ու պատահական մի էջ բացում, կարդում…
Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,
Որ ազատօրէն տեղաւորել եմ սրտիս մէջ,
Որ չկորցնեմ յանկարծ…
Հայրենիքն այնտեղ չէ որտեղ քո տունն է, հայրենիքն այնտեղն է որտեղ քո սիրտն է, իսկ իմ սիրտը Ջաւախքի լեռներում է, հայեացքս Ապուլ լերան է, միտքս՝ Ջաւախքի հորիզոններում: Ճամպրուկումս՝ Աստուածաշունչն է, իսկ ճանապարհները բոլոր միշտ Ջաւախք են բերում:
Հերմինէ Կարապետեան
Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝
Յարութիւն Մսըրլեան
* Լոյս տեսած է Aliq Media -ի Օգոստոս 30, 2020-ի համարին մէջ: