ՀՀ Արտաքին Գործոց Նախարարութեան մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանի յայտարարութիւնը Ատրպէյճանի Զինեալ ՈՒժերու կողմէն լրագրողներու թիրախաւորման մասին.
« 8 Հոկտեմբերին Ատրպէյճանի զինուժը կրկին ռմբակոծել է Շուշիի կեդրոնում գտնուող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որի արդիւնքում վիրաւորուել եւ մարմնական վնասուածքներ են ստացել օրուայ առաջին կէսին նոյն տաճարի ռմբակոծման հետեւանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնուող օտարերկրացի լրագրողներ Իւրի Կոտեօնոկը, Լեւոն Արզանովը եւ նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադեանը:
Ատրպէյճանի կողմից խաղաղ բնակավայրերում իրենց մասնագիտական գործունէութիւնը ծաւալող լրագրողների թիրախաւորումը կրում է միտումնաւոր բնոյթ եւ նպատակ ունի խոչընդոտելու ատրպէյճանական բանակի  պատերազմական յանցագործութիւնների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրութեանը:
Մաղթում ենք շուտափոյթ ապաքինում տուժած լրագրողներին եւ խստօրէն դատապարտում Ատրպյճանի հերթական պատերազմական յանցագործութիւնը:
Միաժամանակ հրաւիրում ենք ողջ միջազգային հանրութեան, մարդու իրաւունքների եւ խօսքի ազատութեան բնագաւառում մասնագիտացուած կառոյցների ուշադրութիւնը տեղեկատուութեան ձեռքբերման իրաւունքը բռնի միջոցներով ոտնահարելու այս աղաղակող փաստին»: