Սիրելի Հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփիւռքում,
Աշխարհասփիւռ հայութիւնը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամեայ պատմութեան ամենաշրջադարձային պահերից մէկը։
Այն նպատակները, որոնց ազգովին ձգտում էինք Մայր Հայրենիքի բաղձալի անկախացումից յետոյ, սասանուած են։
Մենք պարտուեցինք մեզ պարտադրուած պատերազմում ՝ ինչպէս ռազմի դաշտում, այնպէս էլ դիւանագիտական և միջազգային հանրային հարթակներում։
Կրկին ցաւակցում եմ զոհուածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրաւորներին մաղթում եմ շուտափոյթ ապաքինում:
Մենք զաւակներն ենք Ցեղասպանութիւնը վերապրած և յաղթահարած ժողովրդի:
Կարելի է պարտուել ճակատամարտը, բայց անթոյլատրելի է պարտուել որպէս ազգ:
Սեփական ձեռքերով վառած տունը և կորցրած հայրենիքը կարելի է վերականգնել միայն մի ձևով՝ վերագտնելով մեր յաղթանակը և կառուցելով այն պետութիւնը, որով բոլորս իրապէս հպարտ կը լինենք:
Եւ մենք դա վստահաբար կարող ենք անել՝ սթափ գնահատելով իրավիճակը, դասեր քաղելով թոյլ տրուած սխալներից և համախմբուած լծուելով ազգային վերածնունդին։
Ինչպիսին էլ լինեն անցեալի վերաբերեալ մեր գնահատականների տարբերութիւնները, ակնյայտ է, որ յայտնուել ենք աննախադէպ խնդիրների առջև:
Արցախը ծանր վիրաւոր է:
Ունենք ալեկոծուած հասարակութիւն:
Վիրաւոր տնտեսութիւնը ծանրաբեռնուած է սոցիալական վիթխարի խնդիրներով:
Արցախից Հայաստան տեղափոխուածների մեծ հոսքի արդիւնքում առկայ է մարդասիրական աղէտ:
Չափազանց բարդ է նաև համաճարակով պայմանաւորուած իրավիճակը:
Ի վերջոյ, խոցուած է հայի ոգին՝ աշխարհի ցանկացած անկիւնում։
Մեր երկիրն այսօր այլևս այն երկիրը չէ, որն ունէինք սեպտեմբերի 26-ին, և նոյնիսկ այն չէ, ինչ ունէինք նոյեմբերի 8-ին:
Մենք չենք կարող անտեսել այս իրականութիւնը և շարունակել ապրել սովորական կեանքով։
Վերջին մի քանի օրերի ընթացքում, պահի հրամայականին համահունչ, քաղաքական խորհրդակցութիւններ և մի քանի տասնեակ հանդիպումներ եմ անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպութիւնների ու անհատների հետ: Հեռախօսազրոյցներ եմ ունեցել Սփիւռքի տարբեր կառոյցների և մեր հայրենակիցների հետ:
Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնութիւնը համակարծիք են մէկ հարցում՝ Սահմանադրութեանը համապատասխան Վարչապետի հրաժարական կամ պաշտօնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:
Ակնյայտ է, որ չնայած պատերազմի դադարեցմանը, Արցախի Հանրապետութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնը և ողջ հայ ժողովուրդը թևակոխում են նոր փորձութիւնների շրջան, որում իւրաքանչիւր սխալ կարող է աղետալի հետևանքներ ունենալ:
Ստեղծուած իրավիճակում հայ ժողովրդի համար այլընտրանք չկայ, քան լինել միասնական և համախմբուած:
Այս օրերին, մեզանից իւրաքանչիւրը, յատկապէս քաղաքական գործիչները և պետական պաշտօնեաները պէտք է դրսևորեն բարձր պատասխանատւութիւն և զսպուածութիւն՝ ջանքերը կենտրոնացնելով բացառապէս ստեղծուած ճգնաժամը յաղթահարելու ուղիներ փնտռելու վրայ:
Այս իրավիճակում, ուզում եմ դիմել իրաւապահ մարմիններին:
Դուք այսօր շատ մեծ պատասխանատւութիւն ունէք՝ նախ և առաջ մեր երկրում ապահովելու կարգուկանոն, լինել ամուր, վճռական, բայց, միևնոյն ժամանակ, իւրաքանչիւր անգամ, իւրաքանչիւր առիթով յիշելով, որ ձեր դիմաց ձեր քոյրն է կամ եղբայրը:
Որևէ շեղում, օրէնքի և օրինականութեան որևէ խախտում, անընդունելի և աններելի է: Կոչ եմ անում ձեզ՝ պահպանել ու պաշտպանել օրէնքը և օրինականութիւնը:
Հանդիպումների և խորհրդակցութիւնների արդիւնքում ձևաւորուած իմ դիտարկումները հետևեալն են՝
Հաշուի առնելով ստեղծուած իրավիճակը և այն արժանապատւօրէն յաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնյայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջոյ անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնները:
Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մօտեցումը կարող է լինել կառավարութեան և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբիեկտիւ (առարկայական) գնահատելը և սեղմ ժամկէտում ճանապարհային քարտէզ ներկայացնելը, որով կը նախատեսուեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկէտները, որոնց արդիւնքում հնարաւոր կը դառնայ իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններ, իսկ մինչ այդ կառավարումը կը յանձնուի բարձր որակաւորում ունեցող Ազգային Համաձայնութեան Կառավարութեանը:
Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան ու աշխարհի տարբեր երկրներում բնակուող ողջ հայ ժողովրդի համար այս դժուարին օրերին ճգնաժամը յաղթահարելուն ուղղուած իմ վերոնշեալ դիտարկումները բխում են բացառապէս համապետական և համազգային շահերից:
Յուսով եմ, որ քաղաքական բոլոր ուժերը կը գիտակցեն պահի պատասխանատւութիւնը և արժանապատւօրէն կ՚իրականացնեն պատմական առաքելութեան իրենց մասը։
Ուզում եմ յիշեցնել, որ այսօր Հայաստանին հետևում են բոլորը՝ թէ՛ մեր բարեկամները, և թէ՛ մեր թշնամիները:
Մենք ուրիշ պարտականութիւն չունենք, բացի մեր երկիրը հզօրացնելը:
Մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը՝ տուրք չտալով հասարակութեան պառակտման վտանգ պարունակող որևէ խօսքի և քայլի:
Միայն միասնականութեամբ մենք կը կարողանանք պարտութեան բեռի տակ ճկուած վիճակից ուղղել մեր մէջքը, և թէ՛ մեզ, թէ՛ ապագայ սերունդներին ու համաշխարհային հանրութեանը ներկայանալ որպէս զաւակներն այն ժողովրդի, որին յաղթելն անհնարին է:
Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատուով և յաղթական դուրս կը գայ ստեղծուած դժուարին իրավիճակից:
Աստուած պահապան բոլորիս:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ
Նախագահ Հայաստանի Հանրապետութեան
Նոյեմբեր 16, 2020
Երեւան