«Արմէնփրէս».-Մոսկուայի մէջ տեղի ունեցած  վարչապետ Նիկոլ Փաշինեանին, Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինին եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւին եռակողմ հանդիպումէն ետք  ընդունուած  է միատեղ յայտարարութիւն:

Յայտարարութիւնը կը ներկայացնենք ստորեւ.

«Ատրպէյճանի Հանրապետութեան նախագահի, Հայաստանի Հանրապետութեան վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի յայտարարութիւն, 11 Յունուարի 2021.

Մենք` Ատրպէյճանի Հանրապետութեան նախագահ Ի․Հ․Ալիեւը, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Ն․վ․ Փաշինեանը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վ․Վ․Փութինը յայտարարում ենք հետեւեալի մասին․

2020 թ.-ի նոյեմբերի 9-ի յայտարարութեան` տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ երթեւեկային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կէտի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետութեան, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ատրպէյճանի Հանրապետութեան փոխվարչապետների համատեղ նախագահութեամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վ.Վ. Փութինի առաջարկը:

Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կ’անցկացնի մինչեւ 2021 թ.-ի Յունուարի 30-ը, որի արդիւնքների հիման վրայ կը կազմի Յայտարարութեան 9-րդ կէտի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղութիւնների ցանկը` որպէս գերակայութիւններ ընդունելով երկաթուղային եւ ճանապարհային հաղորդակցութիւնները, ինչպէս նաեւ կսահմանի Ատրպէյճանի Հանրապետութեան, Հայաստանի Հանրապետութեան ու Ռուսաստանի Դաշնութեան (այսուհետ` Կողմեր)  միջեւ համաձայնեցուած այլ ուղղութիւններ:

Գործունէութեան հիմնական ուղղութիւններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կը հաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կը ներառուեն Կողմերի իրաւասու մարմինների ներկայացուցիչներ եւ կազմակերպութիւնների պաշտօնատար անձինք: Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից յետոյ մէկամսեայ ժամկէտում կը ներկայացնեն նախագծերի ցանկ, որում կը ներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման եւ Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:

Աշխատանքային խումբը մինչեւ 2021 թ. Մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կը ներկայացնի Ատրպէյճանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքով իրականացուող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգութեան ապահովման համար անհրաժեշտ նոր երթեւեկային ենթակառուցուածքների տուեալներու վերականգնման եւ կառուցման միջոցառումների իրականացման ցանկ եւ ժամանակացոյց, նոյն կերպ Ատրպէյճանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան կողմից իրականացուող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ատրպէյճանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքները»: