ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների գործունէութեան ամփոփագրեր, որոնք լրատուամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրոյթներին հնարաւորութիւն են տալիս կենտրոնացուած եւ հաւաստի տեղեկատուութիւն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան վերաբերեալ, իրազեկ լինել Սփիւռքի քաղաքական գործունէութեան ընթացիկ արդիւնքներին եւ առաջադրուած խնդիրներին։

 

ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

2021 թուականի Փետրուարի 10ին, Ազգային ժողով-կառավարութիւն հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարը Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերաբերեալ արել էր խնդրայարոյց յայտարարութիւններ, որոնք Հայ Դատի Կենտրոնական խորհրդի մօտ լուրջ մտահոգութիւնների տեղիք էին տուել։ Այդ առիթով Կենտրոնական խորհուրդը Փետրուարի 11ին հանդէս եկաւ պաշտօնական յայտարարութեամբ՝ ուշադրութիւն հրաւիրելով Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ դրսեւորուող ռազմաքաղաքական վարքի եւ նենգամիտ քաղաքականութեան վրայ։ ՀՀ ԱԳՆին կոչ է արուել չտրուել թշնամական երկրի նենգամիտ սադրանքներին եւ գաղափարական հակասութիւններ չստեղծել ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների եւ հայրենի երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան միջեւ։ Նոյն օրը երեկոյեան Կենտրոնական խորհրդի յայտարարութեան վերաբերեալ պաշտօնական մեկնաբանութեամբ է հանդէս եկել ՀՀ արտգործնախարարի մամուլի խօսնակը։

 

ԱՒՍՏՐԱԼԻԱ

 

Հարաւային Աւստրալիայի կողմից Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման փաստը կարեւոր ձեռքբերում է ապակենտրոն մակարդակում Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման համար եւ անգամ եւս ցուցում է, որ Արցախի անկախութեան միջազգային ճանաչումը որեւէ այլընտրանք չունեցող անբեկանելի գործընթաց է։

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը նաեւ պաշտօնապէս դիմել է երկրի ֆեդերալ (դաշնակցային-Խմբ.) կառավարութեանը՝ Հայաստանին օժանդակութեան տրամադրման համար։ Իբրեւ հիմնաւորում նշուել է Արցախի նկատմամբ ագրեսիայի (յարձակման-Խմբ.) կիրառման հետեւանքով առաջացած հումանիտար (մառդասիրական-Խմբ.) ճգնաժամը, որն աւելի է սրւում կորոնավիրուսային համավարակի առկայութեան պայմաններում։

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

 

Հայ Դատի Ամերիկայի Միացեալ նահանգների յանձնախումբը նախաձեռնել է համայնքային ուժերի եւ գործընկեր կազմակերպութիւնների մոբիլիզացիա (զօրաժարժ-Խմբ.), որպէսզի քաջալերեն հնարաւորինս մեծ թուով կոնգրեսականների՝ միանալու ԱՄՆ նոր վարչակազմին ուղղուած երկկուսակցական գրութեանը, որով Վաշինգտոնից պահանջւում է օժանդակել Արցախին ու Հայաստանին։

Պետական եւ պաշտպանութեան քարտուղարներին ուղղուած գրութեամբ՝ ընդգծւում է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծուած հումանիտար ճգնաժամը, ակնկալւում է ԱՄՆ ներգրաւուածութեան բարձրացում, այնպիսի ոլորտներում եւ խնդիրներում, ինչպիսիք են ԱՄՆ արտակարգ օժանդակութիւն Արցախին, Արցախի անվտանգութեան ապահովումը երաշխաւորող ու պատերազմի բռնկումը բացառող կարգաւորման տարբերակի մշակում՝ հիմնուած ինքնորոշման իրաւունքի իրացման վրայ, հայ ռազմագերիների եւ բանտարկեալների ազատ արձակում, Թուրքիայի եւ Ատրպէյճանի դէմ պատժամիջոցներ, Հայաստանի տնտեսական զարգացմանն օժանդակութիւն, նախագահ Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչում։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը քննադատութեան է ենթարկել Բաքւում ԱՄՆ դեսպան Ըրլ Լեցենբերգերին, քանի որ վերջինս շնորհաւորել էր Ադրբեջանի էկոնոմիկայի (տնտեսութեան-Խմբ.) նախարարի հետ հանդիպման ժամանակ նրան շնորհաւորել էր այսպէս կոչուած «տարածքային ամբողջականութեան վերականգնման առիթով»։ Շերմանը նկատել է, որ դեսպանի կեցուածքը հակասում է ԱՄՆ պետքարտուղար Էնթնի Բլինքենի՝ Կոնգրեսում կատարած դիտարկումներին, ըստ որոնց ԱՄՆ նոր վարչակազմը «Արցախում վերջին բռնութիւնների հետեւանքով վերանայելու է Ադրբեջանին տրուող օժանդակութիւնը», ինչպէս նաեւ «Կոնգրեսի հետ աշխատելու է որոշելու ամերիկեան աջակցութեան մակարդակը՝ Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգութեան կարիքները բաւարարելու համար»։

 

ԵՒՐՈՊԱ

 

2021թ. Փետրուարի 10ին Եւրոպական Միութիւնը ծանուցել է Հայաստանի Հանրապետութեանը՝ ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրի վաւերացման գործընթացի աւարտի մասին։ Համաձայնագիրը լիարժէքօրէն ուժի մէջ կը մտնի ս.թ. Մարտի 1ից: Այս առիթով, իբրեւ Եւրոպական Միութեան անդամ 13 երկրներում գործող եւ ԵՄ քաղաքացի հանդիսացող հայերից բաղկացած Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքը համադրող կազմակերպութիւն՝ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ԵՄ ղեկավար ինստիտուտների (այստեղ՝ կառոյցներուն-Խմբ.)  ուշադրութիւնն է հրաւիրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ Ղարաբաղեան հիմնախնդրին վերաբերող ձեւակերպումների վրայ, մասնաւորապէս ժողովուրդների իրաւահաւասարութեան ու ինքնորոշման իրաւունքի իրացման։

Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը, ուշադրութիւն հրաւիրելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում բանակցութիւնների վերսկսման վրայ՝ Եւրոպական Միութիւնից, ի դէմս Ֆրանսիայի, ակնկալել է միջնորդական ներգրաւածութեան մեծացում եւ ստանձնած յանձնառութիւնների կատարում։

 

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

 

Փետրուարի 8ին Մեծ Բրիտանիայի Հայ Դատի յանձնախումբը, Մեծ Բրիտանիայի կիպրացիների դաշինքը, Բրիտանիայի քրդական ժողովուրդների ժողովդրավարական ասամբլէան (համագումարը-Խմբ.) եւ «Խաղաղութիւն Քրդստանում արշաւը» համատեղ յայտարարութեամբ բրիտանական կառավարութեանը կոչ են արել ցեղասպան վարչակազմերի հետ առեւտրային արտօնեալ յարաբերութիւնների մէջ չմտնել այդպիսով յստակ ուղերձ յղելով ամբողջ աշխարհին, որ Բրիտանիան երբեք մեղսակից չի եղել ցեղասպանութեանը, մարդու իրաւունքների ոտնահարմանը եւ մարդկութեան նկատմամբ յանցագործութիւններին։

Յայտարարութիւնը համատեղ ստորագրած կազմակերպութիւնները կոչ են արել իրենց համայնքներին կապուելու պահպանողական խորհրդարանականների հետ եւ քաջալերելու նրանց, որպէսզի պաշտպանեն յիշեալ պահանջը։

Փետրուարի 12ին Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը, երկրի արտաքին քարտուղար (արտգործնախարար) Դոմինիկ Ռաաբին հասցէագրուած նամակով, խիստ քննադատութեան է ենթարկել Բաքւում Միացեալ թագաւորութեան դեսպան Ջէյմս Շարպին` Արցախի վերաբերեալ Թուիթերում կատարուած անտեղի գրառման առիթով, որում նա տեղադրել էր լուսանկար եւ վերնագրել «ազատագրուած տարածքներ»։ Յանձնախումբը նշել է, որ դեսպանի գրառումը հակասում է Միացեալ Թագաւորութեան արտաքին քաղաքականութեանը, պաշտպանում է Ատրպէյճանին Արցախի ժողովրդի նկատմամբ ագրեսիայի գործում, ինչպէս նաեւ անզգայուն վերաբերմունք է Բրիտանիայի հայ համայնքի նկատմամբ։ Յանձնախումբը խնդրել է Դոմինիկ Ռաաբին՝ յստակեցնել Արցախի հարցում Բրիտանական քաղաքականութիւնը՝ ուղիղ հարց տալով, թէ արդեօք բրիտանական կռավարութիւնն օժանդակո՞ւմ է Ատրպէյճանին Արցախ ներխուժման եւ օկուպացիայի գործում։

 

ԿԻՊՐՈՍ

 

Ի շարունակումն դեռեւս նախորդ ամիս սկսուած գործընթացի՝ Հայ Դատի Կիպրոսի յանձնախումբը երկրորդ նամակն է հասցէագրել Լառնակայի քաղաքապետին եւ քաղաքային խորհդրին՝ վերստին պահանջելով քաղաքի՝ «Գորշ Գայլեր» անուանումը կրող փոխոցն անուանափոխել։ Նամակում հանգամանօրէն ներկայացուել է «Գորշ Գայլեր» արմատական կազմակերպութեան գործունէութեան էութիւնը, դրա հակահայ եւ հակահոյն բնոյթը, ինչպէս նաեւ երկու ժողովուրդների նկատմամբ իրականացուած յանցագործութիւնները։

 

ԱՒՍՏՐԻԱ

 

Հայ Դատի Աւստրիայի յանձնախումբը, նախորդ տարուայ յաջող փորձից յետոյ, նախաձեռնել է haytadology (հայդատոլոգիա) խորագիրը կրող սեմինարների երկրորդ շարքը, որի ընթացքում մասնակիցները, առաջին ձեռքից, հիմնաւոր տեղեկութիւններ են ստանում Հայ Դատի էութեան, գործունէութեան ոլորտների, աշխատելաոճի, ներհայաստանեան, արցախեան եւ միջազգային քաղաքական զարգացումների եւ հայ կեանքին վերաբերող այլ ոլորտների վերաբերեալ։ Հայդատոլոգիա 2ը կը սկսուի Փետրուարի 21ին եւ կ՛աւարտուի նոյն ամսուայ 27ին։ Սեմինարներին մացնակցել կարող են 18-35 տարեկան, երոպական երկրներում ապրող, հայերէնին եւ անգլերէնին տիրապետող երիտասարդները:

 

ՔԱՆԱՏԱ

ՀՅԴ Քանատայի Կենտրոնական կոմիտէի որոշմամբ, Հայ Դատի Քանատայի յանձնախմբի կարիքները բաւարարելու, օրէցօր ընդլայնուող գործունէութիւնն առաւել արդիւնաւէտ դարձնելու համար՝ յանձնախմբի համար ձեռք է բերուել եռայարկ գրասենեակ։ Հայ Դատի Քանատայի յանձնախումբը գործում է սկսած 1965թ. եւ խոշոր դերակատարում է ունեցել կանադահայ համայնքի կազմակերպման, քաղաքականացման եւ ընդհանրապէս հայապահպանութեան գործում։ 2006 թ.ից Օտտաւայում գործում է Հայ Դատի յանձնախմբի գրասենեակը, նոր գրասենեակը նոյնպէս Քանատայի մայրաքաղաքում է, քաղաքի կենտրանական հատուածում։

 

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքները՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ատրպէյճանաթուրքական յարձակումը դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք արդէն իսկ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունումների։

Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների կողմից շարունակւում են արտասահմանեան պատուիրակութիւնների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելութիւնների կազմակերպումը դէպի Արցախ, որպէսզի նրանք տեղում ծանօթանան առկայ իրավիճակին եւ առաւել առարկայօրէն կարողանան օգտակար լինել եւ/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաութեանը։

 

ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

15.02.2021 թ.