ՀՅԴ Գերագոյն Մարմինը 18 Փետրուարին Փետրուարեան ապստամբութեան 100 ամեակին առիթով յայտարարութիւն տարածած է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարհիւր տարի առաջ` ճիշդ այս օրերին, Հայաստանում տեղի ունեցաւ համաժողովրդական ապստամբութիւն: Փետրուարեան ապստամբութեան պատճառը ապազգային իշխանութեան խայտառակ կառավարումն էր, որն անհնար էր հանդուրժել: Արտաքին ուժերի աջակցութեամբ, խաղաղ ճանապարհով տիրանալով իշխանութեանը, բոլշեւիկեան հեղկոմն ունակ չեղաւ ապահովելու երկրի ներքին կայունութիւնն ու զարգացումը: Մոլեռանդօրէն տարուած դրսից ներմուծուած ցնորական գաղափարներով, ապազգային այս ուժն անտարբեր գտնուեց աշնանը թուրքերի կողմից իրականացուած ագրեսիայի հետեւանքով երկրի կրած տարածքային կորուստների եւ վիրավոր ժողովրդի տառապանքի նկատմամբ:

Այն պայմաններում, երբ թուրքական զորքը դեռեւս գտնուում էր հայրենիքի փոքրացած տարածքում, իսկ Ատրպէյճանը փորձում էր վերջնականօրէն իւրացնել Արցախը, Նախիջեւանը եւ տիրանալ Զանգեզուրին, ապազգային ուժի գլխավոր մտահոգութիւնն ու գործը հայրենիքի ազատութհան համար պայքարած նախկին իշխանութեան եւ զինուորականութեան հալածանքն էր:

Բարձրագոյն հրամանատարութեամբ հանդերձ, աքսորուեց մոտ 1500 զինուորական: Երեւանի բանտում հայ եւ թուրք դահիճների ձեռքով կացնահարուում ու գնդակահարուում էր երկրի ռազմաքաղաքական ու մտաւորական ընտրախաւը: Այս անելանելի թուացող պայմաններում հայ ժողովուրդն ապացուցեց, որ չի հանդուրժի իր ազատութհան եւ արժանապատվութհան ոտնահարումն ու երկրի բախտը օտարների քմահաճոյքին թողնելը: Փետրվարի 18-ին, Դաշնակցութեան առաջնորդութեամբ բարձրացնելով ապստամբութեան դրոշ, ժողովուրդն ազատագրեց Երեւանը եւ երկրից դուրս վռնտեց ապազգային արկածախնդիր հեղկոմին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում ենք պատմական կարեւոր դասեր պարունակող ազգային յիշարժան օրուան առիթով: Հաւատում ենք, որ հայ ժողովուրդը շատ փորձութիւնների կարող է դիմանալ, բայց անհնար է մշտապէս զրկել նրան մարտունակ ոգուց, յանուն ազատութեան ու արժանապատուութեան սարեր սասանելու կամքից:

Վստահ ենք, որ դժնդակ այս օրերը նույնպէս յաղթահարուելու են, եւ միասին կերտելու ենք մեր հպարտ ու ապահով ապագան:

ՀՀԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

18.02.2021 թ.