1 Ապրիլի լոյս 2-ի գիշերը ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութիւնը ցոյց կազմակերպած է «Մենք ենք մեր սարերը» յուշարձանին դիմաց` նուիրուած Քառօրեայ պատերազմի 5-րդ տարելիցին: Ցոյցի ընթացքին միութեան անդամները ջահերով գրած են «Recognize Artsakh», որով կոչ ուղղած են միջազգային հանրութեան ճանչնալու Արցախի անկախութիւնն ու դատապարտելու ատրպէյճանական յարձակումը, որովհետեւ  անտարբերութիւնը նոր պատերազմներու պատճառ կրնայ դառնայ:

ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութիւնը 2 Ապրիլին նաեւ յայտարարութիւն  տարածած է, ուր յիշուած է.

«Յարգելի հայրենակիցներ, Ինչպէս գիտէք այսօր լրանում է ապրիլեան քառօրեայ պատերազմի 5֊րդ տարելիցը: Ապրիլի 1 լոյս 2ի գիշերը Ատրպէյճանը լայնածաւալ յարձակում սկսեց հայկական դիրքերի վրայ: Կիրառելով իր սպառազինութեան ողջ տեսականին, ունենալով մարդուժի զգալի առաւելութիւն թշնամին չկարողացաւ յաջողութիւն գրանցել:

Աւաղ, հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար իրենց կեանքն են զոհել տասնեակ հայորդիներ:

Յաւերժ փառք նրանց:

Արցախեան շարժմամբ եւ ապա պատերազմում յաղթանակ տանելով հայը վաստակեց ազատ ապրելու իր իրաւունքը: Արցախը չճանաչեց մարդասէր աշխարհը, ինչպէս չճանաչուեցին ու չդատապարտուեցին Սումկայիթի, Պաքուի, Մարաղայի, Շուշիի ջարդերը, Հայոց Ցեղասպանութիւնը:

Աշխարհի այս անտարբերութիւնը թեւ տուեց թշնամուն, բացեց նրա ախորժակը եւ նրանք յանդգնեցին հրադադարից 22 տարի անց սուր ճօճել արցախցու դէմ եւ տեղի ունեցաւ 2016թ֊ի քառօրեայ պատերազմը: Դարձեալ լռեց աշխարհը: Չէր տեսնում խաղաղ բնակչութեան խոշտանգումները, երեխանների մահը, զինուորների գլխատումը:Լռեցին, աչք փակեցին, ներեցին: Սակայն թշնամին չհանգստացաւ: Նա մեծ ախորժակ ունէր: Եւ աշխարհի այս անտարբերութիւնը ծնեց մի նոր դաժան պատերազմ: 2020թ֊ի 44 օրեայ պատերազմում ատրպէյճանաթրքական հրոսակախմբերը, սիրիական վարձկանների եւ այլ խոշոր պետութիւնների աջակցութեամբ կարողացան ճեղքել ռազմաճակատը եւ բռնագրաւել հայկական հողերը, իսկ մի մասն էլ նուէր ստանալ:

Այս պատերազմում զոհուեցին հազարաւոր երիտասարդներ,տասնեակ խաղաղ բնակիչներ: Ու կրկին լռութիւն, ու կրկին անտարբերութիւն: Եւ այժմ էլ ադրբեջանական խուժանները սկսել են ոչնչացնել ու պղծել մեր մշակութային օճախները, սրբավայրերը` ճիշդ այնպէս, ինչպէս արւում է Թուրքիայում:

Մենք, ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութեան անդամներս, կոչ ենք անում միջազգային հանրութեանը ճանաչել Արցախի անկախութիւնը, դատապարտել Ատրպէյճանի յարձակումը, որովհետեւ ձեր լուռ անտարբերութիւնը մարդկային կեանքեր է խլում եւ ճակատագրեր է խեղում»: