«Արմէնփրէս».- Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան նամակ  յղած է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտէի (ԿԽՄԿ) նախագահ Փիթըր Մաուրերին` ակնկալելով կոմիտէի աջակցութիւնը Ատրպէյճանի կողմէն պահուող հայ ռազմագերիներու եւ քաղաքացիական անձերու շուտափոյթ վերադարձի հարցին մէջ:

Նախագահ Սարգսեան նամակին մէջ մասնաւորապէս ընդգծած է, որ Արցախի նկատմամբ Ատրպէյճանի սանձազերծած եւ Թուրքիոյ գործուն աջակցութեամբ ու ուղիղ մասնակցութեամբ իրականացուած պատերազմի ընթացքին եւ անկէ յետոյ  գերեվարուած են քանի մը հարիւր հայ զինուորական ծառայողներ եւ քաղաքացիական անձեր, որոնք ենթարկուած են խոշտանգումներու եւ  անմարդկային վերաբերմունքի Ատրպէյճանի կողմէն արժանացած են:

«Այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, եւ միջազգային հանրութեան կողմից հրատապ ուշադրութիւն է պահանջւում:

Միջազգային հանրութիւնը, ԵԱՀԿ Մինսքի խմբի բոլոր երկրները, միջազգային կազմակերպութիւնները, անհատներ պէտք է համարժէք գնահատական տան Ատրպէյճանի գործողութիւններին:

Համաձայն հրադադարի մասին 9 Նոյեմբեր 2020-ի եռակողմ յայտարարութեան` Հայաստանի Հանրապետութիւնն Ատրպէյճանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին: Այնուամենայնիւ, չափազանց կարեւոր է, որ գերութեան մէջ գտնուող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացուի ,բոլորը բոլորի դիմացէ սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհւում է Ատրպէյճանի կողմից:

Մարդու իրաւունքների եւ միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտմամբ` ներկայումս Ատրպէյճանը թաքցնում է հայ ռազմագերիների եւ պատանդների իրական թիւը, եւ շարունակում է մերժել ու խոչընդոտել պատանդառնուած քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների վերադարձին,-ընդգծել է նախագահ Սարգսեանը: -Հայաստանն աջակցութիւն է ակնկալում միջազգային գործընկերներից` բոլոր գերիների շուտափոյթ վերադարձի հարցում:

Դիմում եմ Ձեզ եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտէին` միջազգային մարդասիրական իրաւունքի համապատասխան ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների անյապաղ ազատ արձակումը եւ անվտանգ վերադարձն ապահովելու համար»: