Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահի 16 Սեպտեմբերի կարգադրութեամբ` Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 30-ամեակի կապակցութեամբ Ազգային ժողովի պատգամաւորներին վճարուել է պարգեւավճար: Այսօր, երբ հարիւրաւոր անհետ կորածներ եւ չգտնուած աճիւններ ունենք, երբ հազարաւոր են որդեկորոյս ծնողներ չեն կարողանում յաղթահարել իրենց ցաւը եւ վիշտը, երբ մեր բազմահազար քաղաքացիներ չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնութիւն առողջապահութեան պետական պատուէրի գումարների սպառման պատճառով, այս իշխանութիւնը, քաղաքացիների խնդիրները մի կողմ թողած, լծուած են գունագեղ տօնակատարութիւններ կազմակերպելու եւ պարգեւատրումների գործին: «Հայաստան» խմբակցութիւնը խստագոյնս դատապարտում է գործող վարչախմբի գործելաոճը: Խմբակցութիւնը չափազանց կարեւորում է ազգային արժանապատուութիւնը եւ յատկապէս խոցուած ինքնիշխանութեան պայմաններում անկախութեան օրուայ կապակցութեամբ պատգամաւորներին տրուող պարգեւատրումները գնահատում է վիրաւորանք Հայաստանի Հանրապետութեան քաղաքացուն: Հաշուի առնելով, որ մենք այդ որոշումը համարում ենք ապօրինի, ինչպէս նաեւ այն, որ այն տարածւում է նաեւ մեր խմբակցութեան պատգամաւորների վրայ, յայտարարում ենք, որ մենք չենք օգտագործելու այդ միջոցները, միաժամանակ պարգեւավճարների օրինականութիւնը վիճարկելու ենք դատարանում: Բացի դրանից` կատարուածին քրէաիրաւական գնահատական տալու նպատակով դիմելու ենք իրաւապահ մարմիններին: «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ 17 Սեպտեմբեր 2021