ԵԱՀԿ պատուիրակության անդամ Լիլիթ Գալստեանի ելոյթը ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի յանձնաժողովի նիստին “Յարգելի գործընկերներ, Աւաղ, Ատրպէյճանի պատուիրակութիւնը երբեք չի խուսափում միջազգային հարթակներում կեղծել պատմութիւնն ու տարածել ապատեղեկատուութիւն։ Ցանկանում եմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեան շուրջ ձեւաւորուած նոր իրողութիւնների վրայ։ Ես իսկապէս հաւատում եմ, որ ԵԱՀԿ-ի շահերի եւ պատասխանատուութիւններից է բխում՝ բարձրաձայնել եւ բացայայտել այն յանցագործութիւններ և միջազգային իրաւունքի խախտումները, որ ինչպէս Արցախում, այնպէս էլ Հայաստանում իրականացուել են հայ ժողովրդի նկատմամբ։ Ցաւօք, ԵԱՀԿ-ն եւ նրա անդամ երկրները գերադասեցին լռել, չդատապարտելով եւ չկանխելով Ատրպէյճանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծուած յարձակումը։ Եւ այս ձախողումը նոր բռնութիւններ եւ ուժի գործադրման նոր հնարաւորութիւններ ծնեց ։ Անվտանգութիւնը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենակենսական խնդիրը։ Շուրջ 10 ամիս ատրպէյճանական զօրքերը հատելով ՀՀ պետական սահմանը՝ շարունակում են բռնագրաւուած պահում Հայաստանի տարածքները։ Եւ կրկին ԵԱՀԿ անդամ ոչ մի երկիր չդատապարտեց Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան նկատմամբ այս ոտնձգութիւնները։ Մարդկային զոհերի կողքին ահռելի են նաեւ մշակութային կորուստները։ Ատրպէյճանի՝ էթնիկ զտումների և մշակութային արժէքների ոչնչացման քաղաքականութիւնը սպառնալիք է Հայաստանի և Արցախի բնակչութեան։ Լեռնային Ղարաբաղի բռնագրաւուած տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրօնական ժառանգութեան նկատմամբ վանտալիզմի, ոչնչացման եւ գիտական զեղծարարութեան դէպքերը շարունակական են։ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը յստակ պարտաւորեցրել է Ատրպէյճանին․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանտալիզմի ու պղծման գործողութիւններն՝ ուղղուած հայկական պատմամշակութային մշակութային ժառանգութեան, ներառեալ՝ եկեղեցիների եւ այլ պաշտամունքի վայրերի, յուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների դէմ»։ Բայց ատրպէյճանական իշխանութիւնները կոպտօրէն խախտելով անգամ միջազգային դատարանի որոշումը, ստեղծել են աշխատանքային խումբ, որը Արցախի Հանրապետութեան ներկայումս բռնագրաւուած տարածքներում «հայկական հետքերը» վերացնելու նպատակ է հետապնդում։ Թուրք-ատրպէյճանական յարձակումի արդիւնքում մօտ 90 հազար հայեր են, տեղահանուել, այդ թուում Շուշիից եւ Հադրութի շրջանից եւ ժամանակաւոր բնակութիւն հաստատել Հայաստանում։ Հազարաւոր կանայք եւ երեխաներ ամէն օր բախուում են հումանիտար ճգնաժամի հետեւանքներին։ Հակառակ եռակողմ հրադադարի համաձայնագրին, նրանց անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր չի իրականացուում, քանի որ այդ տարածքները ներկայումս գտնուում են Ատրպէյճանի վերահսկողութեան ներքոյ։ Յարգելի գործընկերներ, Հայաստանում եւ նրա շուրջ ստեղծուած իրավիճակը պահանջում է աւելի մեծ ներգրաւուածութիւն։ Եթէ մենք ազնիւ եւ նուիրուած ենք մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղութիւն և կայունութիւն հաստատելու մեր մտադրութիւններում, ապա պէտք է հրատապ եւ արդիւնաւէտ քայլեր ձեռնարկուեն։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը չի կարող լուծուած համարուել յարձակումի եւ պատերազմի միջոցով. Հակամարտութիւնը սպասում է իր արդար լուծմանը, որը պէտք է ներառի նաեւ Արցախի կարգավիճակի որոշումը։ Մենք կոչ ենք անում Մինսքի խմբի համանախագահներին անյապաղ քայլեր ձեռնարկել՝ ԵԱՀԿ-ի կողմից ստացուած մանդատի համաձայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացը վերսկսելու համար։

25 Փետրուարի 2022թ․”