ՀՀ Արտաքին Գործոց Նախարարութիւնը Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցին առիթով հանդէս եկած է հետեւեալ յայտարարութեամբ.
«Իւրաքանչիւր տարի Ապրիլի 24-ին աշխարհասփիւռ հայութիւնը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների յիշատակը:
1915-1923թթ. Օսմանեան Կայսրութիւնում ապրող հայերը ենթարկուեցին երիտթուրքական կառավարութեան կողմից ծրագրուած եւ իրականացուած աննախադէպ զանգուածային ոճրագործութիւնների՝ դաժան սպանութիւնների, բռնարարքների եւ բռնի տեղահանութեան: Շուրջ 1,5 միլիոն տղամարդ, կին, ծեր եւ երեխայ սպանուեցին միայն այն պատճառով, որ հայ էին, հարիւր հազարաւորները զրկուեցին իրենց տնտեսական, կրթական եւ հոգեւոր սեփականութիւնից:
Ի հեճուկս բոլոր զրկանքների եւ դժուարութիւնների՝ հայ ժողովուրդը համազգային համախմբման, տարբեր ժողովուրդների, հասարակութիւնների եւ անհատների մարդասիրական աջակցութեան շնորհիւ վերապրեց եւ յաղթահարեց Ցեղասպանութեան արհաւիրքը, յաջողեց աշխարհի տարբեր երկրներում կազմել համայնքներ, պահպանել եւ ամրապնդել իր ազգային ինքնութիւնն ու ամենակարեւորը՝ վերակերտել իր անկախ պետականութիւնը:
Հայոց Ցեղասպանութիւնից մէկ դար անց կարեւոր է արձանագրել, որ ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման  գործում միջազգային հանրութիւնը ցուցաբերում է առանցքային նշանակութիւն ունեցող համերաշխութիւն, որի դրսեւորումն է շուրջ երեք տասնեակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, ինչպէս նաեւ մի շարք միջազգային կազմակերպութիւնների եւ միջազգային կառոյցների կողմից համապատասխան հռչակագրերի եւ բանաձեւերի ընդունումը:
Կարեւոր է նաեւ արձանագրել, որ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ուղղուած է մեր տարածաշրջանում անվտանգութեան երաշխիքների համակարգի ամրապնդմանը, այդ թւում՝ նոր ցեղային զտումներ իրականացնելու նկրտումների զսպմանը, ինչպէս նաեւ առհասարակ աշխարհի որեւէ այլ անկիւնում մարդկութեան դէմ նմանատիպ յանցագործութեան կրկնութիւնը կանխելուն:
Երիտթուրքական կառավարութեան կողմից հայերի դէմ իրականացուած ոճրագործութիւնը հետագայում հիմք դարձաւ «Ցեղասպանութեան Յանցագործութիւնը Կանխելու եւ Դրա Պատիժի Մասին» միջազգային համաձայնագրի սահմանման համար:
«Յանցանքների յանցանք» Ցեղասպանութիւնը, շարունակում է տեղի ունենալ նաեւ մեր օրերում՝ խլելով հարիւր հազարաւոր անմեղ մարդկանց կեանքեր: Հայաստանի Հանրապետութիւնը հաստատակամօրէն պայքարում է արդարութեան եւ զոհերի իրաւունքների վերականգնման համար՝ իր ծանրակշիռ ներդրումը եւ առաջնորդութիւնն ունենալով մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման գործում:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակներ ի յիշատակի առջեւ եւ վերահաստատում մեր յանձնառութիւնը ճշմարտութեան ճանաչման, արդարութեան վերականգնման եւ նոր ցեղասպանութիւնների ու մարդկութեան դէմ յանցանքների կանխարգելման գործին»: