Իմ ընկերներն են, չէ՝ որդիները` Գոռ Սարգսեանը, Գոռ Մաթէոսեանը, Գերասիմ Վարդանեանը, Տարօն Մանուկեանը, Արսէն Մարտոյեանը։
2020-ի Սեպտեմբերի քսանութին, երբ նրանք Արամ Մանուկեանի արձանի մօտ, ռազմաճակատ գնալուց առաջ, երդւում էին յանուն Արցախի ու Հայրենիքի, ես հազիւ էի թաքցնում հպարտութեան արցունքներս ու մի քիչ էլ մեղաւոր զգում, որ չեմ կարող նրանց պես զէնք վերցնել։
Ամաչում էի ու հպարտանում, որ իմ հնարաւոր զաւակի տարիքն ունեցող, իրականում ինձ համար զաւակի չափ թանկ այդ տղաներն անթարթ հայեացքով ու կամքով գնում էին յանուն Հայրենի հողի, յանուն մեր արժանապատուութեան, յանուն մեզանից իւրաքանչիւրի․․․
Պատերազմի բոլոր օրերին, շնչառութիւնս պահած, աղօթում էի իւրաքանչիւրի և ամէն մէկի համար։ Նրանք իմ չունեցած զաւակների չափ թանկ էին ու թանկ են․․․
Նրանք նաև ինձ ուժեղ ու անկոտրում լինելու դաս էին տալիս, մենք սովորում ենք նաև նրանցից, ապրում նրանցով․․․
Նրանց ընկերներից շատերը չվերադարձան․ ամբողջ կեանքում ապրելու եմ այդ գոյժը լսելու, անանց կորստի ու մեղքի դառը բեռով, նրանց բացակայութեան երբեք չամոքուող ցաւով․ մեր երեխեքն իրենց կեանքը տուեցին մեր Հայրենիքի ու մեր համար, նրանք հաւատում էին և նուիրուեցին յաւերժական Հայաստանին։ Վերադարձածները պայքարը շարունակեցին, ճակատամարտը չէր աւարտուել․ էլի յանուն Հայրենիքի ու մեր բոլորի արժանապատուութեան նրանք առաջին գծում էին՝ Տարօնը, Գոռը, Գերասը, Արսէնը, միւս Գոռը։
Ես էլի հպարտ եմ ու էլի մեղաւոր։ Իմ թանկ երեխեքն են շարունակ մահակի, վահանի, ոստիկանական անողոք ճզմիչի, ձեան ու փոթորիկի տակ, գիշեր-ցերեկ․․․իմ ու ձեր փոխարէն, բայց մեր համար․․․
Նրանց կեանքի իւրաքանչիւր օրը կարող էինք աւելի լաւը դարձնել, աւելի սիրուն, ազնիւ, բայց մեր տղեքն աննահանջ են։ Նրանք արդէն տեսել են պայրաքտար, էտ աներեւոյթ պայրաքտարն հիմա Հայաստանում է, ամէնուր է․ նժարին Հայրենիք ունենալն ու չունենալն է։
Նրանց ազնիւ պայքարին հակադրւում է սուտն ու սադրանքը, ատելութիւնն ու մերժումը, ուրացումը, խարդաւանքն ու բռնութիւնը․ իսկ մեր երեխեքն անկեղծ են, աննահանջ, տաք, նուիրեալ, համոզուած․․․
Նրանք մեր ծինի ու տեսակի, մեր պետականութեան պահապաններն են․․․ Տղեք ջան, դուք միևնոյնն է՝ ճիշդ էք, եթէ անգամ սադրանքը ձեզ հանել է ափերից․․․ Մեր պայքարն է ճիշդ։
Շուտով կը հանդիպենք․․․ Մեռնեմ ձեր/մեր պայքարի ճշմարտութեանը․․․
Լիլիթ Գալստեան