ԼՈՒՐԵՐ ԱՐՈՒԵՍՏԻ ԱՇԽԱՐՀԷՆ
——————————————–
Յունիսի 10-ին Երեւանի Կոմիտասի անուան Կամերային երաժշտութեան տանը տեղի ունեցաւ 12-ամեայ դաշնակահար, կոմպոզիտոր Ալեքս Գէորգեանի համերգը, որի ընթացքում ներկայացուեցին Կոմիտասի ստեղծագործութիւնների` նրա մշակումները: Այն շնորհանդէս-համերգ էր, որի ընթացքում ներկայացուեց նաեւ Ալեքս Գէորգեանի առաջին անգամ հրատարակուող` «Լուս Ա» ալպոմը, որը նա նուիրել է իր տատիկին` Զինա Պաղտասարեանին:
 
Ձայնասկաւառակը պատանի երաժշտի շուրջ քառամեայ աշխատանքի արդիւնքն է: Նախագծի մտայղացումն ամբողջութեամբ Ալեքսինն է` սկսած Կոմիտասի ստեղծագործութիւնների ընտրութիւնից, մինչեւ այն արտիստների ընտրութիւնը, որոնց հետ ձայնագրուել են նրա մշակումները, եւ որոնց մի մասը ներկայացուեց համերգի ընթացքում:
 
«Այս ծրագիրը ստեղծելու գաղափարն առաջացաւ այնպիսի ժամանակաշրջանում, երբ ես գրում էի մեղեդիներ, ամէնուր, անընդհատ: Սակայն ես զգացի, որ այն ամբողջանալու ու լիարժէք դառնալու կարիք ունի: Այդ տարիներին ես նաեւ աշխատում էի Կոմիտասի մի շարք կոմպոզիցիաների վրայ: Ու ինձ մօտ միտք առաջացաւ` համադրելու իմ մեղեդիները Կոմիտասի ստեղծագործութիւնների հետ, ու դրա արդիւնքում ստեղծուեց այս երաժշտութիւնը: Այն դուրս է մշակման գրեթէ բոլոր ստանդարտներից: Ես շատ եմ կարեւորում դասական կոմպոզիտորական արուեստը եւ դասական կատարողական արուեստը, որն ինձ շատ է օգնում իմ այս աշխատանքում»,- նախագծի մասին պատմել է Ալեքսը:
 
«Լուս Ա»-ն նոր ոճի երաժշտութիւն է, որով, միախառնելով ամենատարբեր երաժշտական ոճերը` 12-ամեայ Ալեքսը ներկայացրել է Կոմիտասի իր ընկալումը: «Լուս Ա» ալպոմի եօթ ստեղծագործութիւններից իւրաքանչիւրն ինքնատիպ է: Դրանցում կայ էլեկտրոնային երաժշտութիւն, ինչպէս` «Մոկաց Միրզայում» եւ «Սարէն Կուգայի»-ում, բայց կան նաեւ ճազ, ազգագրական երաժշտութեան տարրեր, իսկ որոշ դէպքերում` բոլորի զուգակցում:
 
«Լուս Ա» ալպոմում Ալեքս Գէորգեանն իր մշակումները ձայնագրել է անուանի հայ երաժիշտների հետ: «Սոնա Եար»-ը Ալեքսի ու Արտօ Թունճպոյաճեանի համատեղ կատարումն է, «Քելէ Քելէ»-ում Ալեքսը նուագում է Արտեոմ Մանուկեանի հետ, «Ես Սիրեցի»-ում հնչում է Միքայէլ Ոսկանեանի թառը, «Երկինքն Ամպել Ա»-ում Ալեքսը հանդէս է գալիս «տիեզերք» պենտի հետ, իսկ «Գարուն Ա» ստեղծագործութեան մէջ երգում է ամերիկահայ երգիչ Սամ Բաբայեանը (The Dirty Diamond խմբից):
 
Ալպոմում տեղ են գտել Ալեքսի երկու մենակատարումները` «Մոկաց Միրզան», որն ամբողջութեամբ ելեկտրոնային երաժշտութիւն է, իսկ «Ես Սարէն Կուգայի»-ն ելետրոնային եւ դասական երաժշտութեան զուգակցում է:
Ձայնասկաւառակում հանդէս են եկել նաեւ յայտնի երաժիշտներ Նիկողայոս Վարդանեանը (կ’ոնթրապաս), Արման Մնացականեանը (թմբուկ) եւ Վարդան Առաքէլեանը (պաս կիթառ):
 
Յունիսի 10-ին կայացած համերգի ընթացքում ներկայացուեցին «Լուս Ա»-ի բոլոր եօթ ստեղծագործութիւնները:
 
Համերգի ընթացքում, սակայն, ալպոմում ձայնագրուած ոչ բոլոր երաժիշտներն էին հանդէս գալիս: Ինչպէս համերգի ընթացքում նշեց Ալեքս Գէորգեանը, յանկարծակի առողջական լուրջ խնդիրների` բարդ վիրահատութեան պատճառով համերգին չէր մասնակցում Արտօ Թունճպոյաճեանը: Արտոյի ներկայութիւնը համերգին, այդուհանդերձ, ապահովուած էր. «Սոնա Եար» ստեղծագործութեան կատարման ժամանակ Ալեքսի դաշնամուրին զուգահեռ` դահլիճի էքրանին ցուցադրւում էին ալպոմի ձայնագրութեան ժամանակ կատարուած քատրերը․ հանդիսատեսը հնարաւորութիւն ունեցաւ տեսնելու Արտօ Թունճպոյաճեանին բուն աշխատանքային, ստեղծագործական գործընթացում:
Համերգից առաջ եկած հանգամանքների պատճառով համերգին չէր մասնակցում նաեւ Միքայէլ Ոսկանեանը, ում կատարումը նոյնպէս ներկայացուեց տեսագրութեան միջոցով:
իսկ «Գարուն Ա» ստեղծագործութիւնը Սեմ Բաբայեանի փոխարէն` Ալեքսի հետ կատարում էր տաղանդաւոր երգչուհի Մանէ Մինասեանը:
 
«Լուս Ա»-ն ինքնատիպ նախագիծ է ոչ միայն մտայղացմամբ, ստեղծագործական իւրայատկութեամբ, այլ նաեւ բեմում գտնուող երիտասարդ երաժիշտների թիմով` Արտեոմ Մանուկեան (թաւջութակ), Սերգեյ Բալաշով եւ Արմէն Շահուերդեան (հարուածային գործիքներ), Արսէն Ժամագործեան (պաս կիթառ, կ’ոնթրապաս), Հեկտոր Լտակիրոտ (Hector Cardoso Ltacirot, էլեկտրիկ կիթառ), «տիեզերք» պենտ:
 
Համերգը Ալեքսի իւրատեսակ երկխօսութիւնն էր հանդիսատեսի հետ, որի միջոցով, ինչպէս ինքն արտայայտուեց, փոխանցում էր իր չորս տարիների հոգեվիճակը:
 
««Լուս Ա»-ն ստեղծելիս ես չեմ մտածել, որ ինքը կը լինի: Նա ինձ համար մի անյայտ կերպար է, հոգեվիճակ է, որը բաւականին բարդ է: Կամ միգուցէ մէկն է, ում նոյնիսկ ես դեռ չեմ ճանաչում: Նա ինչ-որ մէկն է, ով պտտւում է իմ գլխի շուրջը: Իմ հոգում է անընդհատ: Ու իմ մտքում է անվերջ: Նա մի իւրայատուկ ու չկրկնուող կերպար է»,- իր ալպոմի մասին ասում էր Ալեքսը` հանդիսատեսին մաղթելով` «բոլորիդ մէջ այս «Լուս Ա»-ից եմ ուզում մի քիչ: Ու կարծում եմ` նա այսօր տարածուեց այստեղ: Ու արդէն այն ձեր մէջ է: Ունեցէք ձեր անձնական լոյսը․․․ Մնացէք լոյսով»:
 
Ալեքս Գէորգեանն ուսանում է Պ․ի․ Չայկովսկու անուան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում:
«Բաւականին բարդ ու շատ պատասխանատու աշխատանք էր ինձ համար. նախ` մէկտեղել մէկ ծրագրում այս հրաշալի երաժիշտներին, ու նրանց հետ միասին Կոմիտաս ներկայացնել: Անշուշտ, մինչեւ մշակումները, ես բաւականին երկար ուսումնասիրեցի Կոմիտասին: Ալպոմում ներկայացուած մի քանի ստեղծագործութիւններ Կոմիտասի այն մեղեդիներն են, որոնք նա հաւաքագրել է իր բանահաւաքչական տարիներին, ու մեզ են հասել հէնց կոմիտասեան տարբերակները: Բայց ալպոմում կան նաեւ հէնց իր` Կոմիտասի գրած ստեղծագործութիւնները: Այս ընթացքում ես ծանօթացայ Կոմիտասի պատարագին, որը յաճախ եմ լսում:
 
Միտք կայ պատարագը կատարել երգչախմբի հետ, որովհետեւ որոշակի կտորներ ունեմ` ինքս մշակած, որոնք դաշնամուրի ու երգչախմբի համար են: Հպարտ ու շնորհակալ եմ, որ ուսանում եմ իմ դաշնամուրի ուսուցչի` Յասմիկ Անչարակեանի, կոմպոզիտոր Վաչէ Շարաֆեանի, դաշնակահար Արմէն Բաբախանեանի մօտ: Դասական երաժշտութիւնը ես բացայայտում եմ հէնց նրանց մեծագոյն օգնութեամբ:
 
Իսկ ճազը ինձ հետաքրքրեց դեռ մի քանի տարի առաջ, ու ճազի տարբեր ենթամասեր` յատկապէս bebop-ը ուսումնասիրելուց յետոյ, ինձ առաւել քան հետաքրքրեց ազգային երաժշտութիւնը: Պէտք է անընդհատ, ամէնուր խօսել հայկական ազգային երաժշտութեան մասին, պէտք է կատարել այն, ու տարածել այն, ու պրոպագանտել այն»,- լրագրողների հետ զրոյցում ասել էր 12-ամեայ Ալեքս Գէորգեանը, որը համերգի ընթացքում ոչ միայն դաշնամուրային կատարմամբ, այլեւ վոկալով էր ներկայանում:
 
Լուսանկարները` Թինա Գէորգեանի եւ Հայկօ Ոսկանեանի։