Վերջերս յայտնի դարձաւ, որ Գերմանիայի Ֆրանքֆուրտ քաղաքին մէջ կազմակերպուած ցուցադրութիւններից մէկի ընթացքում Ուրարտուն ներկայացուել է որպէս Ատրպէյճան: Ի հարկէ կարելի է ուղղակի ծիծաղել այդ ամէնի վրայ՝ մտածելով, թէ նման դէպքերը սովորական են իր մեծ եղբօրից՝ Թուրքիայից օրինակ վերցնող այս պետութեան համար:
Սակայն իմ ծիծաղն այլեւս չի գալիս: Ընդհակառակը՝ վերջերս սկսել եմ լրջօրէն մտահոգուել, որ եթէ թուրք-ատրպէյճանական տանդեմի (օրակարգի «Գ.») այս քաղաքականութիւնը, մեր պետութեան՝ դրա դէմ որեւէ քայլ չձեռնարկելը ու միջազգային հանրութեան անտարբերութիւնը շարունակուեն, ապա ոչ շատ հեռաւոր ապագայում ի վերջոյ թուրքերը կը յաջողեն այս տարածքներում իրենց «բնիկ» լինելու մասին թէզն ապացուցելու գործում…
Իսկ ինչպէ՞ս է տարւում այդ քաղաքականութիւնը թուրքական պետութեան կողմից: Հիմնականում այդ գործն ստանձնել է Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութիւնը, որն էլ իրականացնում է ամենաազդեցիկ ձեւերով, յատկապէս թանգարանների միջոցով՝ իր ասելիքը հասցնելով լայն զանգուածներին:
Մենք՝ հայերս, բնականաբար մտածում ենք, թէ ախր ո՞ր մի արտասահմանցի լուրջ գիտնականը տուրք կը տայ այդ քարոզչութեանը… Միգուցէ կրթուած եւ ուսեալ արտասահմանցիները, տեղեկացուած լինելով պատմութեանը, չտրուեն այդ քարոզչութեանը, բայց չմոռանանք, որ թանգարաններ եւ այլ տեսարժան վայրեր այցելում են նաեւ բազմաթիւ ոչ-մտաւորական օտարերկրացիներ, եւ հէնց նրանք են դառնում այդ կեղծ թէզերի հիմնական հասցէատէրը:
Բերեմ 1-2 օրինակ:
Լինելով պատմաբան՝ բնականաբար սիրում եմ այցելել թանգարաններ, եւ երբ զուտ գործի բերումով (բայց ոչ երբեք՝ զբօսաշրջութեան նպատակով) գտնւում եմ Թուրքիայում, պարտադիր գնում եմ տեղի յայտնի թանգարանները:
Մի անգամ, երբ Իզմիթում էի (պատմական Նիկոմեդիան, որն այժմ գտնւում է Քոջաելի նահանգում), այցելեցի տեղի Հնագիտութեան թանգարանը, որը կոչւում էր «քոջաելիի հնագիտութեան եւ ժողովրդագրութեան թանգարան» (թուրք՝ «Kocaeli Arkeoloji ve Etnografya Muzesi»):
Ինձ հետաքրքում էր, թէ ի՛նչ են ցուցադրում թուրքերը այն պատմական քաղաքում, որտեղ արդէն գրեթէ ոչ մի յունական կամ բիւզանդական հետք չէին թողել: Ի դէպ՝ նախ Հռոմէական, ապա՝ Բիւզանդական կայսրութեանը պատկանած, ինչպէս նաեւ Հռոմէական կայսրութեան մայրաքաղաքը եղած այս երբեմնի հինաւուրց քաղաքում գրեթէ անհնար էր յունա-հռոմէական հետքերի հանդիպելը: Դրա փոխարէն կանգնեցուած էր մի յուշարձան, որ նուիրուած էր յոյն-թուրքական բնակչութեան փոխանակմանը, այն է՝ 1923 թ. կնքուած համաձայնագրին, ըստ որի՝ Յունաստանի թուրքերը հարկադրաբար տեղափոխուել են Թուրքիա, իսկ այստեղի յոյները՝ Յունաստան: Ուշագրաւ էր նաեւ յուշարձանի անուանումը՝ «ազգային ինքնութեան եւ դիմադրութեան յուշարձան» (թուրք՝ «Milli Kimlik ve Direnis Aniti»):
Ին՞չ թուրք ազգային ինքնութեան մասին կարող էր խօսք գնալ երբեմնի յունական քաղաքում… Գուցէ թուրքերը նկատի ունեն այն յաղթանակը, որ ցաւօք իսկապէս տարել են Թուրքիան միատարր դարձնելու, յունական, ասորական, հայկական բնակավայրերը վերջնականապէս թուրքացնելու գործում: Յիշում եմ նաեւ այն տհաճ ապրումները, որ ունեցայ Տրապիզոն քաղաքում, այդ յունական օրրանում, որի կեդրոնը լցուած էր մուսուլմանական գլխաշորեր կրող թուրք կանանցով …
Սակայն վերադառնանք «քոջաելիի հնագիտութեան եւ ժողովրդագրութեան թանգարանին»: Այստեղ, որպէս հնագիտական նիւթ, բնականաբար ցուցադրւում են հին յունա-հռոմէական, հելլէնիստական եւ բիւզանդական դարաշրջաններին պատկանող ցուցանմուշներ: Սակայն թուրքերը չէին հանդուրժի, եթէ որեւէ կերպ իրենց «ներկայութիւնը» չպարտադրէին այդ թանգարանում:
Եւ թուրքական քարոզչամեքենան այդ նպատակով ընտրել էր շատ պրիմիտիւ (նախնական «Գ.») մի հնարք, որն առաջին հայեացքից ծիծաղելի էր թւում, սակայն իրականում կարող էր եւ հասնել իր նպատակին. հնագիտական գտածոների հետ մէկտեղ, որպէս «ժողովրդագրական» նիւթ, ցուցադրուած էին արհեստականօրէն ստեղծուած          տեսարաններ՝ թուրքերի մասնակցութեամբ, օրինակ՝ լաւաշ թխելու տեսարան (միանգամից 2 նպատակի են հասնում. «պարտադրում են» իրենց ներկայութիւնը տուեալ տարածքներում եւ իրենց վերագրում իրականում իրենց հետ ոչ մի կապ չունեցող երեւոյթներ) կամ 19-րդ դարի ձեռագործ իրեր…
Ի հարկէ խելքը գլխին այցելուի մօտ հարց կ’առաջանայ՝ ի՞նչ կապ ունեն 19-րդ դարի ձեռագործ իրերը հնագիտութեան հետ: Սակայն, քանի որ թուրքական մշակութային քաղաքականութիւնն ուղղակի արգելում է առանց թուրքականի որեւէ բան հրամցնելը, նրանք դիմում են այդ հնարքին, որն իրականում ազդում է ոչ միայն շարքային թուրքերի, այլ նաեւ՝ սովորական արտասահմանցի զբօսաշրջիկների վրայ…
Թուրքերի համար շատ բնական է նաեւ հայկական տարրի անտեսումը մեր տարածքներում: Այսպէս, օրինակ, Անգարայում է գտնւում «Անատոլիայի քաղաքակրթութիւնների թանգարանը» («Anadolu Medeniyetler Muzesi»): Բնականաբար «Անատոլիայի» քաղաքակրթութիւններ ասելով` ոչ միայն հայերի, այլ ամէն մի կրթուած մարդու մտքին գալիս է նաեւ Հայաստանը: Բայց արի ու տես, որ դա չի վերաբերում թուրք «գիտնականներին»:
Երբ այցելել էի այդ թանգարան, բնականաբար ուշի-ուշով որեւէ հայկական հետք էի որոնում, որը, սակայն, չգտայ: Երբ այլեւս չդիմանալով այդ զաւեշտին, մօտեցայ թանգարանի տնօրէնին, ով իրեն «գիտնական» էր համարում, եւ հարցրեցի՝ իսկ որտե՞ղ է ներկայացուած հայկական քաղաքակրթութիւնը, նա անամօթաբար ասաց, թէ «թանգարանի ցուցանմուշները հասնում են մինչեւ 8-րդ դար, իսկ հայերն այստեղ, ըստ իր տրամաբանութեան, գաղթել են աւելի ուշ ժամանակաշրջանում…» Բնականաբար, իմ կողմից նա ստացաւ իրեն արժանի պատասխանը, սակայն ի՞նչ կարող ես անել այն բազմաթիւ, նաեւ օտարերկրեայ, զբօսաշրջիկների համար, ովքեր, տեղեակ չլինելով պատմութեանը, կարող են հանգիստ նման կարծիք ձեւաւորել՝ այցելելով Թուրքիայի մայրաքաղաքի սրտում գտնուող այդ թանգարանը…
Վերջերս էլ տեղեկացայ, որ թուրքական քարոզչամեքենան նոր հնարք է գտել. արտասահմանցի այցելուներին պէտք է պարտադիր ուղեկցեն թուրք կամ Թուրքիայի քաղաքացի ուղեկցորդները, ովքեր բնականաբար կը շարունակեն պատմութեան կեղծ թէզեր ներկայացնել օտարերկրեայ հիւրերին, մինչեւ իսկ՝ Արեւմտեան Հայաստան այցելած մեր հայրենակիցներին…
Մինչ թուրքերը շարունակում են աշխոյժ գործել նաեւ մշակութային ոլորտում, մենք վերացնում ենք Մշակոյթի մեր նախարարութիւնը, այն միացնում չգիտեմ ինչ ոլորտների հետ: Մինչ թուրքերը անգամ հայկական խմբերին պարտադրում են թուրք ուղեկցորդներ, մենք Հայոց Ցեղասպանութեան թանգարանում անվճար կայտի (ուղեկցողի «Գ.») ծառայութիւնը դարձնում ենք վճարովի, մինչեւ իսկ կարգադրում, որ այս էապէս կարեւոր թանգարանում արտասահմանցի այցելուն ուղեկցորդ պատուիրի նախապէս… Այսինքն՝ եթէ որեւէ օտարերկրացի տեղեկացուած չի լինում այդ ընթացակարգին, մնում է առանց կայտի ծառայութեան…
Ցաւով պէտք է արձանագրել, որ այս առումով շատ բան ունենք սովորելու թուրքերից, այն թուրքերից, որոնք ի տես աշխարհի ոչնչացնում են մեր մշակութային կոթողները Արեւմտեան Հայաստանում, Արցախում ու Նախիջեւանում, իսկ մենք ոչինչ չենք կարողանում դրա դէմ ձեռնարկել՝ մեր յուշարձանները Արցախից հանելուց բացի: Տեսնես հետագայում ինչպէ՞ս ենք կարողանալու ապացուցել, որ դրանք գտնուել են այդ տարածքներում…
Ես մտավախութիւն ունեմ, որ այսպէս շարունակուելու դէպքում ի վերջոյ թուրք-ատրպէյճանական այդ մշակութային քաղաքականութիւնը կը յաջողի, եւ դարեր անց մինչեւ իսկ աշխարհի «գիտնականները» չեն յիշի այս վայրերում հայկական ներկայութեան մասին: Նման փաստի առաջ չկանգնելու համար պէտք է յստակ մեքանիզմներ ստեղծել, այլապէս շատ ուշ կը լինի…
 Akunq.net
Մելինէ Անումեան
Թրքագէտ, պատմական գիտութիւններու թեկնածու