Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, կոպտօրէն խախտելով միջազգային իրաւունքի ձեւաչափերը ՝ 2020-ի 9 Նոյեմբերի Եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտականութիւնները, Դեկտեմբերի 12-ից սկսած բնապահպանական կեղծ պատրուակով խորացնում է Արցախի շրջափակման քաղաքականութիւնը:
Շարունակուող լիակատար շրջափակման եւ ձմրան պայմաններում ելեկտրական ուժանիւթի, համացանցի, իսկ 2023-ի Յունուարի 17-ից նաեւ կազի մատակարարման հերթական խափանումները Արցախի Հանրապետութեան ազգաբնակչութեանը կանգնեցնում են մարդկային աղէտի եզրին։ Դրան գումարուել է նաեւ Յունուարի 17-ի լոյս 18-ի գիշերը խաղաղապահների ուղեկցութեամբ Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխաների նկատմամբ «բնապահպանման աշխատակիցներ»-ի ահաբեկչական գործողութիւնները, եւ այդ ամէնը ատրպէյճանական մամուլում ու հասարակական ցանցերում տարածելը:
Արցախի Հանրապետութեան ազգաբնակչութեան նկատմամբ Ատրպէյճանի իշխանութիւնների կողմից շարունակուող սողացող պատերազմը տեղի է ունենում աշխարհի՝ գրեթէ լուռ համաձայնութեամբ: Այն նպատակ ունի կոտրել արցախահայութեան կամքը ՝ տասնեակ հազարաւոր մարդկանց ցեղային զտումների միջոցով բռնատեղահանել իրենց պատմական հայրենիքից։ Նմանօրինակ քայլերով Ատրպէյճանը փորձում է նաեւ ձախողել տարածաշրջանում պատերազմի օջախների մարմանն ու հակամարտութիւնների կարգաւորմանն ուղղուած միջազգային կառոյցների ՝ տարբեր երկրների ջանքերը։
2020-ի Նոյեմբերի 9-ի յայտարարութեան կողմեր հանդիսացող Հայաստանի Հանրապետութեանը ՝ Ռուսաստանի Դաշնութեանը կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկելու Արցախը ապաշրջափակելու ՝ մարդկային աղէտը կանխելու համար:
Յորդորում ենք միջազգային կառոյցներին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին յայտարարութիւններից եւ կոչերից զատ գործնական քայլերով կանխել Ատրպէյճանի ցեղասպանական գործողութիւնները:
Արցախի Հանրապետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրները արժանապատուութեամբ յաղթահարելու նպատակով դիմում ենք համայն հայութեանը՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու սանձելու Ատրպէյճանի յարձակողական գործողութիւնները ՝ պաշտպանելու սեփական հողում ապրելու արցախահայութեան օրինական իրաւունքը։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցութիւն
«Միասնական hայրենիք» խմբակցութիւն
«Արդարութիւն» խմբակցութիւն
«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութիւն
«Արցախի ժողովրդավարական 
կուսակցութիւն» խմբակցութիւն
Ստեփանակերտ
18/01/2023