Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանը, բովանդակ հայ ժողովուրդը կրկին յայտնուել է աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին, նրան հարուածում են դրսից` նրա արտաքին թշնամիները, նրան ջլատում են ներսից` օտարների կառքին լծուած եւ Հայաստանի իշխանութեան աթոռներին բազմած ապիկար իշխանաւորները:
Արցախը կործանելուց եւ հայաթափելուց յետոյ, այժմ սկսուել է Հայաստանի Հանրապետութիւնը բզկտելու ընթացքը: Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ իբր «օրինական ու իրաւական» սահմաններ գծելու բանակցութիւններ են տեղի ունենում Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան տառին ու ոգուն, միջազգային բոլոր օրէնքներին եւ հիմունքներին հակասող եղանակով, Ազրպէյճանի եւ Թուրքիայի ծաւալապաշտական նկրտումների եւ ուժի սպառնալիքների ներքոյ, ինչին համաձայնուել են ՀՀ գործող իշխանութիւնները. նրանք անտեսելով Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ անվտանգութեան բոլոր նախադրեալներն ու հիմունքները, մեր ազգաբնակչութեան կենսական պահանջներն ու ազգային-պետական շահերը, ցաւօք, որոշել են գնալ մինչեւ վերջ նահանջելու պարտուողական քաղաքականութեամբ ու գործողութիւններով, խորտակել` մեր ժողովրդի դիմադրութեան բոլոր սիւները, սահմանադրութիւնը, պետական համակարգը, բանակը, դիւանագիտութիւնը:
Հայաստանի իշխանութիւնները առաջնահերթ են դասել իրենց անձնական ու նեղխմբակային շահերն ու օտար` մեծապետական ուժերի աշխարհաքաղաքական նպատակներն ու նրանց միջոցով ուղղակիօրէն ֆինանսաւորուող ծրագրերը, որոնք խոստանում են կեղծ խաղաղութիւն, առանց որեւէ անվտանգային միջազգային երաշխիքի, որի մասին խոստովանում են հէնց իրենք:
Այս ստոր քաղաքականութեան իրական գինը վճարում է հայ ժողովուրդը` կանգնած պետականութեան կորստի սպառնալիքի, հայրենի տնից տարագրուելու ու կրկին ցեղասպանութեան ենթարկուելու ողբերգական հեռանկարի առջեւ:
Ի տես այս ցաւալի հեռանկարի, մեր ժողովուրդը փորձում է ելք գտնել` կասեցնելու այս կործանարար ընթացքը: Այս անգամ իր որոշիչ խօսքն է բարձրաձայնել Հայաստանեայց առաքելական եկեղեցին` իր նուիրեալ սպասաւորների միջոցով եւ արթուն կեցուածքով, որի շուրջ համախմբումի աննախընթաց օղակ է ձեւաւորուել: Մեր եկեղեցու շուրջ երկուհազարամեայ ճանապարհը ազգային եւ հոգեւոր ծառայութիւն է, մեր ինքնութեան անբաժանելի մասը:
Ականջալուր հայրենի Տաւուշից սկիզբ առած, Հայաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում ծաւալուող եւ դէպի հայութեան մայրաքաղաք Երեւան ուղեւորուող ժողովրդային շարժման խորհրդին, մեր զօրակցութիւնն ու աջակցութիւնն ենք յայտնում Հայաստանի ինքնիշխանութեան, հողային ամբողջականութեան ու անվտանգ սահմանների պահպանման պայքարին, որը Տաւուշի թեմի առաջնորդ եւ շարժումն առաջնորդող Բագրատ արք. Գալստանեանի միջոցով իրաւամբ բնութագրուել է` երթ ճշմարտութեան եւ հասարակական լայն հաշտութեան համար` յանուն հայրենիքի եւ պատուի:
ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ
7 Մայիս 2024