Սոյն թուականի Յունիսի 17-ին «Տաւուշը Յանուն Հայրենիքի» շարժման հանրահաւաքում Բագրատ սրբազանը յայտարարեց, որ աւարտուեց շարժման առաջին հանգրուանը: Որպէս առաջին հանգրուանի սահմանագիծ նա մատնանշեց Յունիսի 12-ի հանրահաւաքը, որի ժամանակ, վարչապետի անմիջական յանձնարարութեամբ, ոստիկանութիւնը կիրառեց վտանգաւոր պայթուցիկ միջոցներ՝ վիրաւորելով 100-ից աւելի քաղաքացիների: Մի շարք մասնակիցներ խոշտանգուեցին բորենիների վոհմակ յիշեցնող ոստիկանական խմբերի կողմից:
Ի դէպ, սրբազանը տեղի ունեցածը համեմատեց 2008 թուականի Մարտի մէկի իրադարձութիւնների հետ, յատկապէս այն առումով, որ երկու դէպքում էլ սադրիչը նոյն մարդն էր՝ առաջին դէպքում որպէս ընդդիմադիր գործիչ, իսկ երկրորդ դէպքում որպէս իշխանութեան ղեկավար:
Ինչ վերաբերում է շարժման ընթացքը եւ յառաջիկայ անելիքները, որպէս անցած ու գալիք փուլեր, սահմանազատելուն, ապա պէտք է համարել տրամաբանական, քանի որ թէ՛ ազգային հոսանքի գործունէութեան առումով եւ թէ՛ իշխանութեան կիրառած հակամիջոցների տեսանկիւնից ակնյայտ է, որ տեղում չդոփելու, այլ նոր թափով ու մակարդակով առաջ գնալու համար անհրաժեշտութիւն կայ մի պահ կանգ առնելու, արժեւորելու ձեռք բերածը, վերադասաւորելու հնարաւորութիւնները, կազմակերպչական առումով նոր թափ հաւաքելու եւ առաւել հուժկու ձեւով շարունակելու պայքարը մինչեւ յաղթական աւարտ:
Ազգային փրկութեան սրբազան այս պայքարի մասնակիցներին եթէ կոչենք կամաւորական բանակ, ապա պէտք է նաեւ արձանագրենք, որ այս կամաւորական բանակի հաւատի ու վճռականութեան չափն են ուղիղ համեմատութեամբ պայմանաւորելու շարժման ե՛ւ յաղթանակը, ե՛ւ այդ յաղթանակի ժամկէտը: Նոյն տրամաբանութեամբ պէտք է հասկանալ, որ այս պարագայում կասկածն ու յուսալքութիւնը շարժման համար կþունենան մահացու նշանակութիւն:
Յոռետեսութեան եւ դրանից բխած կրաւորականութեան ճիրաններում չյայտնուելու համար անհրաժեշտ է ճիշտ արժեւորել առկայ իրավիճակը, գնահատել, թէ ինչն է յաջողուել ու ինչը ոչ, դրանց առարկայական ու ենթակայական պատճառները, ինչպէս նաեւ նպատակին հասնելու հնարաւորութիւններն ու մարտավարութիւնը:
Որոշ մարդիկ այն տպաւորութիւնն ունեն, թէ Նիկոլ Փաշինեանը Կիւմրիից քայլեց Երեւան եւ իշխանութիւնը գրաւեց, իսկ ազգային ուժերի հինգ տարի գործադրած ջանքերն անցել են ապարդիւն:
Նախ ազգային ուժերի դէմ Նիկոլ Փաշինեանի քաղաքական պայքարը սկսուել է դեռեւս հեռաւոր 1990-ականներին սկզբում որպէս լրագրող, այնուհետեւ քաղաքական կազմակերպութիւնների փաստացի անդամ եւ ղեկավար:
Սրանով հանդերձ, կարեւորագոյն հանգամանքն այն է, որ յեղափոխութիւնները հեշտ են արդիւնքի հասնում, երբ դրանք ունեն արտաքին հովանաւորութիւն, կամ տեղի է ունենում գործող իշխանութեան երկփեղկում: Մեզանում երկրորդի օրինակ էր 1998 թ. նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի թիմից իշխանութեան խաղաղ փոխանցումը վարչապետ Ռոպերթ Քոչարեանին ու նրա կողմնակիցներին:
Առաջինի օրինակը Նիկոլ Փաշինեանի «Թաւշեայ», իրականում «Գունաւոր» յեղափոխութիւնն էր արտաքին հովանաւորութեամբ: Իսկ արտաքին հովանաւորութիւնը նախ եւ առաջ նշանակում է, յատկապէս յեղափոխական գործի համար որոշիչ նշանակութիւն ունեցող, ֆինանսական միջոցների ապահովումը, այնուհետեւ քարոզչաքաղաքական աջակցութիւնը, միաժամանակ արտաքին փափուկ կամ կոշտ ճնշումը գործող իշխանութեան վրայ: Այդ բոլորը 2018 թ. շռայլօրէն տրամադրուած էր Հայաստանում արտաքին ուժերի դրածոներին:
Գաղտնիք չէ նաեւ, որ այդ յեղաշրջման գործում ամենակարեւոր գործօններից մէկը եղաւ դրսից հրահանգով փողոց դուրս եկած ամբոխի մեծ զանգուածը, որը բաղկացած էր ԼԳԲՏ համայնքից (իշխանափոխութիւնից յետոյ իրենք հրապարակաւ յայտարարեցին այդ մասին), աղանդաւորներից եւ իրաւապաշտպանական, բնապահպանական ու զանազան այլ, արտաքին ուժերին ենթակայ Հ/Կ-ներից, որոնք նախկինում բզկտում էին օրուայ իշխանութիւններին, իսկ 2018 թուականից յետոյ համրացան ու յարմար տեղաւորուեցին նոր իշխանութեան փափուկ ծալքերում: Բաւական է ասել, որ միայն աղանդաւորները Հայաստանում հաշուում են բնակչութեան 10 տոկոսը:
Այս իմաստով հինգ տարի պարբերաբար բռնկուած ժողովրդային շարժումների չհասնելը վերջնական արդիւնքի ակնյայտ փաստն է այն իրողութեան, որ այդ շարժումները չեն ունեցել արտաքին հովանաւորութիւն:
Աւելին, եթէ 2018 թուականին արտաքին ուժերն ակնյայտօրէն աջակցում էին Հայաստանում տեղի ունեցող «յեղափոխութեանը», ապա դրանից յետոյ եւ հէնց այս օրերին նոյնքան բացայայտօրէն աջակցում են արդէն իշխանութեան վրայ գտնուող նոյն ուժին: Ի հարկէ մենք վայրկեան անգամ չպէտք է վատ զգանք, որ ազգային շարժումն արտաքին հովանաւորներ չունի, այլապէս դա արդէն ազգային անկախ շարժում չէր լինի: Միւս կողմից, իրականութիւնը փաստում է, որ դրածոյ իշխանութիւններն իրենց քաղաքական գործունէութեամբ ամբողջովին մնում են «հովանաւորների» խամաճիկն ու ծրագրերի գործադրողը (ով վճարում է նա էլ պատւիրում է երաժշտութիւնը): Միայն նման իշխանութեան օրօք կարող էր Ամերիկայի նախագահի անվտանգութեան գծով խորհրդականի գալ, յայտարարել, Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխութեան մասին դէպի Արեւմուտք ու Թուրքիա, իսկ դրանից յետոյ Հայաստանի իշխանութիւնը պէտք է վարէր մի քաղաքականութիւն, որը հակասելու էր Հայաստանի ազգային շահերին, սակայն բխելու էր նոյն ուժերի շահերից եւ նպատակներից: Եւ այս ուղղութեամբ ամենացաւոտը եղաւ Արցախի յանձնումը, իսկ այժմ տեղի է ունենում Հայաստանի ռազմավարական հնարաւորութիւնների յանձնումը Արեւմտեան բլոկի ներկայացուցիչներ Թուրքիային եւ Ատրպէյճանին:
Բնականաբար ազգային ուժերի իշխանութեան գալը վերջին բանն է, որի, որպէս կատարուած իրողութեան հետ, կարող է հաշուի նստել որեւէ արտաքին ուժ: Հայաստանի պէս փոքր պետութեան համար մեծ շռայլութիւն է անկախ քաղաքականութեան որդեգրումը, ինչը գոյութիւն չունի արդէն վեց տարի, Հայաստանի, որպէս պետութեան, հեղինակութիւնը միջազգային թատերաբեմում հաւասարեցնելով զռոյի:
2018 թուականի «Թաւշեայ յեղափոխութեան» նպատակներն ու ծրագրերը զուրկ էին ազգային հիմքից ու
նպատակներից, նրանցում խօսք չկար Արցախի, Ցեղասպանութեան, Հայ Դատի խնդիրների վերաբերեալ, այլ տեղայնացուել էին գունաւոր յեղափոխութիւնների վերազգային կարգախօսերն ու պահանջները:
Ի դէմս սրբազան պայքարի՝ հրապարակ են բերուել ազգային, հիմնահարցեր եւ նպատակներ, որոնք էլ իրենց շուրջ համախմբել են համապատասխան մտածողութիւնն ունեցող մարդկանց: Հոգեւոր հօր կողմից այս շարժման առաջնորդութիւնը նշանակում է, որ այն նախ եւ առաջ, հետապնդում է երկրի բարոյական, ու հոգեւոր ինքնամաքրման նպատակը: Ի դէմս Բագրատ սրբազան Գալստանեանի՝ այսօրուայ ազգային շարժումն առաջնորդում է մի գործիչ, ով օժտուած է ազգային առողջ մտածողութեամբ, արեամբ ու ոսկորով կրողն է ազգային ինքնութեան: Բագրատ սրբազանի յաճախակի հնչող յայտարարութիւններն այն մասին, որ մենք մենակ ենք եւ մեր խնդիրները միայն մենք պէտք է լուծենք, զուգահեռ է գծում հարիւր տարուայ հեռաւորութեան իրադարձութիւնների հետ՝ յիշեցնելով Սարդարապատն ու անկախութիւն կերտած սերնդին: Այս սկզբունքն ամրակայելով որպէս վաղուայ Հայաստանի պետական մտածողութիւն, մենք մեր հայրենիքը ոչ միայն կարող ենք դուրս բերել այս անարգուած, ստորադա- սուած վիճակից, այլեւ ուրուագծել ապագայի լայն հեռանկար: Սրբազան հօր յաջորդ առաւելութիւնը, որը վերածւում է շարժման առաւելութեանը մինչեւ յաղթական հանգուցալուծում պայքարելու նրա վճռական ու անկոտրում կամքն է:
Պայքարի երկրորդ փուլ սրբազան շարժումը կը մտնի աւելի մաք- րուած ու բիւրեղացած, աւելի փորձառու եւ իմաստնացած: Շարժումը պէտք է շարունակի յստակեցնել իր նպատակները եւ վերջնականացնել գործողութիւնների ճանապարհային քարտէզը: Պայքարը չի կարող յաջողել, եթէ չունենայ համահայաստանեան ընդգրկում, համադրուած համազգային գործունէութիւն եթէ ի հարկէ ստեղծուեն շարժման տեղական մասնաճիւղեր ըստ բնակավայրերի եւ աշխատանքային, մասնագիտական ու այլ հանրոյթների: Սրբազան այս պայքարն օտարի դրածոներից ազատագրման ու երկրի փրկութեան համար է, հետեւաբար նրա լինել-չլինելու մասին բոլոր խօսակցութիւնները դատարկաբանութիւն են եւ չկայացած մարդկանց ինքնադրսեւորուելու առիթ՝ շարժումն այլընտրանք չունի: Կամաւորական այս բանակին չդաւաճանելով՝ մենք պէտք է փաստենք հայրենիքին մեր նուիրուածութիւնը եւ արդարացնենք մեր գոյութիւնը նախ՝ սեփական աչքում:
Կամաւոր բանակը բանակ է պայմանաւորուած, ոչ թէ իր՝ անդամների քանակով, այլ նրանց նուիրուածութեան չափով: Սրբազան պայքարը շարունակւում է: