Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ Սիմոն Վրացեանի «Կեանքի Ուղիներով» յուշամատենագրական երկը իր կրկնակի հրատարակութիւններով ծանօթ է մեր յարգոյ հանրութեան։ Լուսարձակի տակ պիտի առնեմ անոր մէջ տեղ գտած Հալէպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ զանգակատան բարերարին հետ հեղինակին հանդիպումներուն առնչուած տեղեկութիւնները, որոնք տեղադրուած են Հանդիպումներ բաժինի, Ճորճ Ռըզգալլա Թահհան ենթավերնագիրին տակ։
Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ շրջափակի յարատեւ ներկային մասին հետաքրքրական տեղեկութիւններ դուրս բերելով պատմութեան էջերէն մամուլի ճամբով հասանելի կ’ուզեմ դարձնել բոլորին, յատկապէս մեր նորահասներուն, որպէսզի ճանչնան իրենց ծննդավայրի երախտաւորները։ Յիշելով նաեւ, որ Հալէպի խորհրդանիշերէն մին դարձած Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցւոյ զանգակատան աշտարակը արդէն բոլորեց կառուցման աւարտի 95-րդ տարին։
Մինչեւ ակնարկած հանդիպումիս մանրամասնութիւններու ներկայացումը, ժամանակին եւ վայրին հետ աղերսելու համար ընթերցողը, Ա. հատորէն քաղելով Վրացեանի տողերով ամփոփ կը ներկայացնեմ թէ ե՛րբ եւ ի՛նչ հանգամանքներու մէջ հանդիպած են անոնք։
Ս. Վրացեան գրած է. «1936-ին, ճակատագիրը ինձ նետեց հարաւային Ամերիկա։ Ոտքս կոխած երկիրը եղաւ Պրազիլ։ Սան Փաուլոյի հայերը արքայական ընդունելութիւն ցոյց տուին ինձ 1936- ին։ Եկել էին յատուկ գնացքով մինչեւ Սանթոս նաւահանգիստը՝ հոգաբարձութիւն, դպրոցի ուսուցիչներ, հայրենակցական միութիւններ, Հայ Կարմիր խաչ, ընկերներ ու ընկերուհիներ, համայնքի հովուի գլխաւորութեամբ, եռագոյն դրօշի հովանու ներքեւ։ Առանձնապէս յուզիչ էր ընդունելութիւնը Սան Փաուլօ քաղաքում. կայարանում խռնուած էին մեծ բազմութիւն եւ դպրոցի աշակերտութիւնը դրօշակներով եւ ծաղիկներով։ Օտարները զարմանքով դիտում էին այս եռուզեռը, բայց ամէնից աւելի ես էի զարմացած. այսպիսի ցոյցերի ես ո՛չ սպասում էի, ոչ էլ արժանի էի համարում ինձ։ Սակայն շուտով գլխի ընկայ, որ իմ անձը առիթ էր միայն։ Իմ տեղը ուրիշ այցելուի վերաբերմամբ էլ, հաւանաբար, նոյնը պատահէր։ Հայրենիքից բազմահազար մղոններով հեռու, հայրենիքի կարօտը յորդացած սրտերում Սան Փաուլոյի հայրենակիցները հոգեկան պահանջ ունէին իրենց հայրենասիրական բուռն զգացումներին ազատ ելք տալու։ Ինձ մնում էր համակերպուել եւ պարկեշտօրէն կատարել ինձ վիճակուած դերը։
Յաջորդ առաւօտից սկսուեցին պաշտօնական այցելութիւնները պատուիրակութիւնների եւ անհատների։ Արարողապետը մեծ մասամբ մեր պատուական ընկեր Գիւտ Մխիթարեանն էր, կեդրոնական դէմքը Սան Փաուլոյի հայութեան։ Անհատ այցելուներից առանձնապէս իմ ուշադրութիւնը գրաւեց միջահասակ, ամուր կազմուածքով, կենդանի աչքերով եւ լուրջ արտայայտութեամբ, եօթանասունի մօտեցող մի պարոն։
_Ճորճ Ռըզգալլա Թահհան,_ ներկայացուց Գիւտը,_ Սան Փաուլոյի հայ գաղութի ամենահին եւ յարգելի անդամներէն։ Ձեռքերի ջերմ սեղմում եւ… իմ գիտցած լեզուներից ոչ մէկը նա չէր իմանում, ես էլ անծանօթ էի նրա գիտցած փորթուկալերէնին, արաբերէնին ու թուրքերէնին։ Գիւտը ստանձնեց թարգմանի պաշտօնը մեր միջեւ։
Ինձ հետաքրքրեց այդ մարդը։ Գիւտից եւ ուրիշներից եւ վերջը նաեւ իրենից ստացայ տեղեկութիւններ։
Ճորճ Ռըզգալլան 43 տարի էր, որ ապրում էր Պրազիլում, գաղթած էր Հալէպից։ Պանդուխտ Սասունցիի զաւակ էր, արաբախօս։ Եկել էր իբրեւ երկաթագործ համեստ արհեստաւոր, աշխատել էր հայի յատուկ ջանասիրութեամբ եւ շահած դրամով աժան հողեր էր գնել Սան Փաուլոյի ծայրում։
Տարիների ընթացքում քաղաքի ծայրը դարձել էր քաղաքի կեդրոն։ Երկաթագործի փոքրիկ արհեստանոցն էլ դարձել էր մեքենայական մեծ գործարան։
Այժմ Հալէպի համեստ արհեստաւորը այլեւս Սան Փաուլոյի հարուստ քաղաքացիներից մէկն էր։ Ունէր մեծ գործարան. ունէր շքեղ ապարանք հարուստների Փաուլիստանա պողոտայի վրայ եւ բազմանդամ ընտանիք։ Որդիները շարունակում էին հօր գործը, կինը, հարսները, թոռները շենացնում են աստուածային ամէն բարիքներով լեցուն տունը։ Պատմում էին, որ մինչեւ հայերի զանգուածային ներգաղթը Պրազիլ, Ճորճ Ռըզգալլան աւելի արաբ էր զգում իրեն, յարաբերութիւն էր պահում սուրիացիների հետ եւ նիւթապէս օգնում արաբական բարեսիրական ձեռնարկներին։ Երբ 1923-ին տեղի է ունենում կիլիկեցի հայերի գաղթը դէպի հարաւային Ամերիկա, նրա մէջ արթնանում է ազգային զգացումը։ Նա լայն աջակցութիւն է ցոյց տալիս հասնող տարագիրներին, տրամադրում նրանց պատըսպարան, օգնում է գործի ձեռնարկելու։
Երբ երկրորդ անգամ Գիւտի հետ այցելութեան եկաւ Ճորճ Ռըզգալլան, ես արդէն բաւական ծանօթ էի նրա կեանքին եւ գործին։ Պակասը լրացրեց իր յաջորդական տեսակցութիւնների միջոցին։ Խնդրեցի պատմել իր անցեալի մասին։ Կրկնեց այն ինչ որ ես արդէն գիտէի։ Եւ պատմութեան ընթացքին, յաճախ առանձին շեշտով արտասանում էր Սասունլի։ Հպարտ էր որ քաջ սասունցիներից էր։ Իր յաջողութիւնը կեանքում բացատրում էր միայն մէկ բանով՝ աշխատանքով։ Աշխատող ձեռքը չի մուրայ, իսկ հայը ի ծնէ աշխատասէր է։ Աշխատանք եւ խնայողութիւն։ Հայը ընդունակ է, նախաձեռնող եւ խնայասէր։ Այս էր իր կեանքի փիլիսոփայութիւնը։
Այնուհետեւ յաճախ էր գալիս մօտս եւ երկար զրուցում էինք, մեծ մասամբ, Հայաստանի եւ Հայ ազգի ճակատագրի մասին։ Փորձառութեամբ հարուստ եւ հաճելի խօսակից էր եւ գիտէր իմաստալից եւ սրամիտ պատմութիւններ անել։
Մի անգամ ես նրան հարց տուի. պարո՛ն Ռըզգալլա, ես զարմանում եմ, ի՞նչն է կապում ձեզ հայութեան հետ. դուք հայերէն չէք խօսում, Հայոց պատմութեան ծանօթ չէք, հայերէն «Հայր Մեր» անգամ չգիտէք, ինչո՞ւ էք ձեզ հայ համարում։ Նա, յանկարծակիի եկած, մի պահ լուռ մնաց, ապա խնդրեց լաւ թարգմանել իր ըսելիքը, եւ պատասխանեց. կար ու չկար մի ագռաւ կար։ Աստուած նրան սպիտակ էր ստեղծել , բոլոր ագռաւները զարմանում էին նրա վրայ, որովհետեւ նա սպիտակ էր եւ լաւ երգիչ էր համարւում։ Երբ միւս ագռաւները կանչում էին, անճոռնի ձայնով, ղա՜, ղա՜, սա աղաւնիի պէս կուրծքը դուրս էր ցցում, աղաւնիի նման ձայնում էր՝ վո՜ւ վո՜ւ, վո՜ւ ու։
Վերջը այս խելացի ագռաւը մտածեց, թէ ինք ագռաւ չէ, այլ աղաւնի է։ Արդէն գոյնն ալ ապացոյց էր, թողեց իր ազգակիցներին եւ գնաց միացաւ աղաւնիների երամին։ Եւ ի՞նչ էք կարծում՝ ինչ պատահեց։ Երբ մեր խելացին փորձեց աղաւնիների հետ սիրաբանութիւն անել եւ վո՜ւ վո՜ւ երգել, բոլոր աղաւնիները յարձակուեցին վրան, կտցահարեցին եւ փետուրները փետեցին. խեղճը մնաց մերկ եւ հազիւ ազատեց կեանքը։ Ու երբ վերադարձաւ իր ցեղակից ագռաւներուն մօտ, սրանք էլ յարձակուեցին վրան, կտցահարեցին մնացած փետուրներն էլ փետեցին։ Եւ թշուառականը մնաց մենակ՝ ո՛չ ագռաւ, ո՛չ աղաւնի։
Միտ բանին պարզ էր։ Աստուած նրան ագռաւ էր ստեղծել, ինչպէ՞ս կարող էր աղաւնի դառնալ։ Ճիշդ է, հայերէն չեմ խօսում, հայոց պատմութիւն չգիտեմ, բայց հայի զաւակ հայ եմ Սասունլի։ Հայ եմ ծնուել, հայ էլ հող պիտի մտնեմ։ Կրցի՞ հասկցնել, սիրելի՛ բարեկամ։ Հայը նրա կարծիքով , օտարութեան մէջ եթէ լեզուն էլ, ամէն ինչն էլ կորցնի, բայց հաւատարիմ մնայ Գրիգոր Լուսաւորչի սուրբ հաւատքին, միշտ կը մնայ հայ։ Ինքը հաւատարիմ էր հայոց եկեղեցուն։ Ապացոյց, որ Հալէպի եկեղեցու զանգակատան համար կարեւոր գումար էր նուիրել։ Մեր սիրելի Գիւտը օգտուեց առիթից եւ ինձ դառնալով ասաց.
_Պարոն Ռըզգալլան Սան Փաուլոյի մէջ ալ Հայոց եկեղեցի մը պիտի շինէ։
Ռըզգալլան չպատասխանեց, ինձ թուաց, թէ նրան հաճելի չեկաւ Գիւտի խօսքը։ Ժամանակը չէր հասած այդ փափուկ հարցով զբաղելու։
Ուրիշ անգամ Ճորճ Ռըզգալլան ինք խօսք բացեց Սան Փաուլոյի եկեղեցու մասին։
_Ճիշդ է ես խոստացել էի շինել Սան Փաուլոյում, այս մարդիկ ուզում են, որ ամէն բան ես անեմ եւ իրենք միայն վայելեն։ Եթէ մարդ իր քրտինքից մի կաթիլ չդնէ գործին մէջ, այդ գործից բան դուրս չի գայ,_ բացատրեց նա,_ Ես ազգի համար ոչինչ չեմ խնայի։ Ես ասացի նրանց. եկեղեցի կը շինեմ, բայց դուք էլ պէտք է մասնակցէք, որպէսզի շինուելիք եկեղեցու յարգը իմանաք։ Եթէ չմասնակցէք, եկեղեցին պիտի լինի Ռըզգալլայի եկեղեցի։ Սրանք ուզում են որ եկեղեցին ես շինեմ բոլորովին իրենց յանձնեմ։ Այդ պայմանով ես եկեղեցի չեմ շինի։
Մի ուրիշ առթիւ ես գաղափար տուի բարեկամիս.
_ Պարո՛ն Ռըզգալլա, դուք կատարեցէ՛ք ձեր խոստումը եւ շինեցէ՛ք եկեղեցին։ Սան Փաուլոյի գաղութն էլ թող եկեղեցու կողքին դպրոց շինէ։ Դըպրոցն էլ նոյնքան անհրաժեշտ է, որքան եկեղեցին։
_ Լաւ ես ասում, բայց այս մարդիկ ազգի համար շէնք շինող չեն,_ պատասխանեց նա։ Սակայն ինձ թուաց, թէ կարծես մի բան շարժուել էր նրա հոգում»։
Ա. հատորի վերեւ մեր յիշած ենթավերնագրին տակ Ս. Վրացեանի մինչեւ Սան Փաուլոյէն մեկնումը Ռըզգալլայի եւ այլոց հետ ունեցած հանդիպումներուն եւ մնացեալ իրադարձութիւններուն ծանօթանալու վայելքը կը ձգեմ հատորը ընթերցել փափաքողներուն։
Փակելով «Կեանքի Ուղիներով» երկի Ա. հատորը, մտովի կը վերադառնամ Հալէպ, ուր Ս. Քառասնից Մանկանց եկեղեցւոյ արտաքին դարպասէն ներս մտնելով սալայատակ, լայնանիստ սանդղակներով կամարակապ անցքէն բակ առաջնորդուողի տեսադաշտին բացուող առաջին պատկերը կ’ըլլայ եկեղեցւոյ զանգակատան վեհ աշտարակը, որուն ընդելուզուած է բարերարի անդրին՝
«Կառուցաւ Զանգակատունս Նուիրատուութեամբ Բարերար ՏԻԱՐ ՌԸԶԳԱԼԼԱ ՃՈՐՃ ԹԱՀԱՆԵԱՆԻ 1912 երկլեզու արձանագրութեամբ»։
Զանգակատան աշտարակի շինարարական լուծումներն ու զարդաքանդակները այնպէս մը ներդաշնակուած են, որ աշտարակը բարերարի բարձրադիր անդրիի պատուանդանը ըլլայ կարծէք։
Պատմութենէն կ’իմանանք, որ Զանգակատան աշտարակը ամբողջացուած է կաթողիկէ գմբէթով, 1929-ին։
Պատմական իրադարձութիւններու եւ նշուած թուականներու համաձայն, կարելի է եզրակացնել, որ բարերար Ռըզգալլա Թահհան Սասունէն Հալէպ եկած ըլլալու էր 1893-էն առաջ եւ Պրազիլ տեղափոխուած, 1893-ին։
Գրիգոր Տունկեան
Լաւալ , Յուլիս 2024