ՀՀ նախագահի մամուլի ծառայութենէն կը տեղեկացնեն, որ 18 Յունիսին տեղի ունեցած է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի եւ տեղական մարմիններու 28-րդ միատեղ նիստը, զոր վարած է խորհուրդի նախագահ, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան:
Մինչ օրակարգի հարցերու քննարկման անցնիլը, Հանրապետութեան նախագահին առաջարկով ներկաները մէկ վայրկեան լռութեամբ յարգած են հոգաբարձուներու խորհուրդի նախկին անդամ, անցեալ տարի կեանքէն հեռացած Շառլ Ազնաւուրի յիշատակը:
Նախագահ Արմէն Սարգսեան բացման խօսքով հանդէս գալով ըսած է.
«Մեծարգոյ պարոն վարչապետ,
Արցախի Հանրապետութեան մեծարգոյ նախագահ,
Հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների յարգելի անդամներ եւ ներկայացուցիչներ,
Յարգելի հիւրեր,
Տիկնայք եւ պարոնայք,
Նախ, ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, որն առիթ է ստեղծում կրկին հաւաքուել Հայրենիքում եւ քննարկել համազգային կարեւորութեան հարցեր:
բարի գալուստ եմ մաղթում Սփիւռքից ժամանած մեր բոլոր հայրենակիցներին:
Շնորհակալութիւն եմ յայտնում բոլորիդ այս մէկ տարուայ ընթացքում կատարած աշխատանքի համար: Գիտէք, որ այդ տարին այդքան դիւրին չէր «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար: Տարուայ սկզբում ստեղծուել էր մտահոգիչ վիճակ, որը համատեղ ջանքերով կարողացանք պատուով յաղթահարել եւ վերականգնել Հիմնադրամի բարի անունը եւ համբաւը:
Այս իմաստով ես ուզում եմ յատուկ շնորհակալութիւն յայտնել Ֆրանսայի Հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզեանին եւ Հիմնադրամի անձնակազմին` նորընտիր տնօրէնի գլխաւորութեամբ, նաեւ բոլոր նրանց, ովքեր տեղերում գործեցին յստակ եւ շիտակ` իրավիճակը կարգաւորելու համար:
Աւելի քան 25 տարի է, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է իր համազգային առաքելութիւնը` որպէս Հայաստանը, Արցախը եւ Սփիւռքը միաւորող բացառիկ կառոյց: Այն Արցախի զարգացման կարեւորագոյն դոնորն է այսօր եւ այդպիսին էլ պէտք է մնայ ապագայում:
2018 թուականի ընթացքում Հիմնադրամն իրականացրել է տարբեր ոլորտների եւ ծաւալի ընդհանուր շուրջ 100 ծրագիր, որոշ ծրագրեր դեռ շարունակւում են: Անշուշտ, իր ելոյթում հիմնադրամի գործադիր տնօրէնը մանրամասն կը ներկայացնի թէ՛ անցեալ տարուայ ընթացքում կատարած աշխատանքը, եւ թէ՛ ապագայ անելիքները: Որպէս Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինձ պարբերաբար զեկուցուել է այդ ամէնի մասին: Սակայն հիմնադրամն անհրաժեշտութիւն ունի դառնալ աւելի դինամիկ, աւելի մոբիլ, աւելի ճկուն եւ աւելի հզօր կառոյց: Իսկ դրա համար պէտք է կարողանալ փոխուել` նախ եւ առաջ հոգեբանութեամբ, մտքով, գործելակերպով, կառուցուածքով, ծրագրերով, կանոնադրութեամբ, անգամ հոգաբարձուների խորհրդի կազմով: Փոխուելուց պէտք չէ վախենալ, յատկապէս երբ աշխարհն է փոխւում շատ մեծ արագութեամբ:
Հիմնադրամը չպէտք է մեր գիտակցութեան մէջ ընկալուի որպէս միայն ճանապարհ կամ ոռոգման ցանց կառուցող հիմնարկ: Այն պէտք է ընդունուի, ընկալուի եւ հաստատուի առաջին հերթին որպէս համազգային վստահութեան ինստիտուտ, որն ապրում է ոչ թէ անցեալ ժամանակով, այլ` ապագայով:
Այսինքն` արժեւորենք անցեալում կատարուած աշխատանքը եւ ներկայի միջոցով մտածենք ապագայի մասին, շարժուենք դէպի ապագայ:
Հիմնադրամի գործունէութեանը վերաբերող ցանկացած փոփոխութիւն` իրաւականից մինչեւ բարոյահոգեբանական, պէտք է մէկ յստակ ուղերձ ունենայ: Եւ այդ ուղերձը հետեւեալն է` «Հայաստան» համահայկական հիմնադրամը պէտք է լինի կասկածներից, ենթադրութիւններից, շահարկումներից վեր կառոյց` «Հայաստան, Արցախ, Սփիւռք» եւ «Հայութիւն» նպատակակէտերով:
Անցեալ տարուայ մայիսին, եթէ յիշում էք, Հոգաբարձուների խորհրդի նիստում նշել էի, որ Հիմնադրամի ստեղծումից աւելի քան քսան տարի անց ժամանակն է վերանայել անցած ճանապարհը, գնահատել յաջողութիւններն ու թերութիւնները: Այսինքն` անհրաժեշտ է նոր տեսլական եւ նոր գործունէութեան ծրագիր:
Ես ասել եմ ու այժմ էլ կրկնում եմ` 20-րդ դարում ստեղծուած հիմնադրամը մեծ յաջողութիւնների է հասել: Ժամանակն է, որ այն դառնայ 21-րդ դարի ազգային ինստիտուտ:
Յարգելի գործընկերներ,
Անցած մէկ տարուայ ընթացքում հիմնադրամի կեանքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձութիւններից յետոյ, որոնց վերաբերեալ իւրաքանչիւրս ունենք մեր գնահատականը, այդուհանդերձ, գոհունակութեամբ ուզումեմ արձանագրել, որ հիմնադրամի նոր ղեկավարութեան գործունէութեան արդիւնքում 2018 թուականի հեռուստամարաթօնին հիմնադրամին սատարողների թիւն աւելացել է մօտ 20 տոկոսով: Իսկ նուիրատուութիւնները շարունակուեցին նաեւ հեռուստամարաթօնից յետոյ, շարունակւում են նաեւ այսօր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կառուցուածքը, որը հաստատուել է Հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի ժամանակ, բարելաւուել է: Այն նպատակ ունի աւելի ճկուն դարձնել հիմնադրամի գործունէութիւնը, ինչպէս նաեւ արտասահմանեան գործընկերների հետ յարաբերութիւնները: Այդ գործընթացը պէտք է շարունակական լինի:
Կարծում եմ նաեւ, որ հիմնադրամի աշխատանքներում հոգաբարձուների խորհրդի անդամների ներգրաւուածութեան աստիճանը պէտք է բարձրանայ, եւ խորհրդի անդամները հիմնադրամի դրամահաւաքի հետ կապուած աւելի շօշափելի եւ կոնկրէտ գործունէութիւն պէտք է ծաւալեն:
Հիմնադրամի աւանդական ծրագրերին զուգահեռ` պէտք է ծնուեն ու կեանքի կոչուեն նոր, այդ թւում` փորձնական ծրագրեր` ժամանակի պահանջներին համահունչ: Հիմնադրամը չպէտք է ասոցացուի դրամահաւաք կառոյցի հետ, եւ Սփիւռքում գործող` հիմնադրամի կառոյցները չպէտք է աշխատեն որպէս գանձապետական գրասենեակներ:
Ժամանակն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր վրայ վերցնի նաեւ համահայկական ցանցն ամրացնելու եւ սերտացնելու առաքելութիւնը: Ի վերջոյ, մենք հայապահպանութեան` հայոց լեզուի, ինքնութեան, պատմութեան ու արժեհամակարգերի պահպանման խնդիր ունենք, որը գլոբալիզացիայի պայմաններում աւելի սուր դրսեւորում է ստանում: Հաշուի առնելով կ’առուցուածքային լայն աշխարհագրութիւնը` հիմնադրամը կարող է նաեւ նմանատիպ ծրագրեր իրականացնել` ամրացնելով հայկական համայնքները եւ հայկական արժէքները: Հէնց այդ համայնքներն են շահառու-նուիրատու-աջակից շղթայի ամենակենսական օղակները: Սա կարող է դառնալ հիմնադրամի ռազմավարական նպատակներից մէկը:
Ես յուսով եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ազգանուէր գործունէութիւնը շարունակելու է նոր ծրագրերով ու նոր ոգեւորութեամբ:
Մաղթում եմ բոլորիս արդիւնաւէտ աշխատանք եւ կառուցողական քննարկումներ:
Ի գործ»:
Ելոյթով հանդէս եկած է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեան:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Հայկակ Արշամեան ներկայացուցած է 2018թ. կատարուած աշխատանքներու մասին »Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչութեան հաշուետուութիւնը: