18 Յունիսին տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի եւ տեղական մարմիններու 28-րդ միատեղ նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան հետեւեալ խօսքով հանդէս եկած է.

«Հայաստանի Հանրապետութեան մեծարգոյ նախագահ,

Արցախի Հանրապետութեան մեծարգոյ նախագահ,

հոգեւոր հայրեր, հոգաբարձուների խորհրդի յարգելի անդամներ,

տարածքային մարմինների ներկայացուցիչներ, պետական այրեր,

Ողջունում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի առիթով: Կարող եմ արձանագրել, որ թերեւս իւրաքանչիւր հայ որոշակի էմոցիոնալ կապ ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ եւ թերեւս այդ կապն արձանագրելու համար բաւական է անցնել Հայաստանն Արցախին միացնող ճանապարհներով եւ այդ ճանապարհներին տեսնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդանիշերը, հասկանալով, որ հիմնադրամի աջակցութեամբ է այդ ամէնը կառուցուել, նաեւ բազմաթիւ դպրոցներ, մանկապարտէզներ, ջրատարներ Հայաստանում եւ Արցախում: Այդպիսով հասկանալի է դառնում, թէ հիմնադրամն ինչպիսի կարեւոր առաքելութիւն է իրականացրել երրորդ հանրապետութեան կեանքում, Արցախի կեանքում` ամենադժուար եւ ամենածանր օրերին սատար լինելով Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախին:

Ես համաձայն եմ Հանրապետութեան նախագահի հետ, որ նոր ժամանակներում մենք պէտք է նորովի դիտարկենք եւ գնահատենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքները եւ տեսնենք նաեւ մետալի հակառակ կողմը:

Վերջերս մի քանի առիթներով, այդ թւում` սփիւռքի ներկայացուցիչներից մի քանի հետաքրքիր դիտարկումներ եմ լսել, որոնք կը ցանկանայի կիսել ձեզ հետ: Շատ բարձր գնահատելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունէութիւնը, երբեմն ասւում է, որ հիմնադրամի գործունէութեան ճշտրիտ դրուագները նպաստել են Հայաստանի կամ հայկական համաշխարհային ներուժի օգտագործում: Ին՞չ է նկատի առնւում. նկատի է առնւում այն, որ ընդհանուր առմամբ մենք ինքներս, նաեւ շատերն աշխարհում հայկական ներուժ ասելով հասկանում են շատ հզօր, շատ ազդեցիկ մի ուժ եւ դա այդպէս է իրականում: Հետեւաբար, ինչո՞վ է ազդել, ի՞նչ բացասական ազդեցութիւն են ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունէութեան որոշակի դրուագները հայկական ներուժ հասկացութեան վրայ:

Ամէն տարի մենք ուրախութեամբ արձանագրում ենք եւ դա իսկապէս ուրախանալու առիթ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակում հանգանակուեց 15 մլն. տոլար, 10 մլն. տոլար, 20 մլն. տոլար, 25 մլն. տոլար: Դա, ի հարկէ, շատ կարեւոր եւ գնահատելի է: Բայց եկէք հասկանանք, թէ ինչպէս է դա երեւում կողքից, դրսից, ուրիշների համար: Ուրիշների համար հարց է ծագում` սա՞ է հայկական ներուժը: Հայկական ներուժն այն է, որ ամբողջ աշխարհում հաւաքում է 15 մլն. տոլար եւ դրա համար ուրախանու՞մ: Ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դէմ ձեզ եւ մեզ յայտնի ուժերը տարեկան միլիառտաւոր տոլարներ են ծախսում, որպէսզի հայկական ազդեցութիւնն ամբողջ աշխարհում նուազեցնեն: Գալիս են պահեր, որ հայկական ներուժ հասկացութեան հարուածելու համար երբեմն ինքներս ակամայ շատ աւելի մեծ աշխատանք ենք անում, քան անում են մեր հակառակորդները:

Ի հարկէ հասկանալի է, որ հայկական ներուժը միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով չէ Հայաստանում ներդրումներ անում: Կան տասնեակ կազմակերպութիւններ եւ՛ Սփիւռքում, եւ՛ Հայաստանում, որոնք անգնահատելի աջակցութիւն են ցուցաբերել, ցուցաբերում եւ դեռ համոզուած եմ` կը ցուցաբերեն Հայաստանին եւ Արցախին: Բայց կարծում եմ, շատ կարեւոր է ոչ միայն այն, ինչ տեղի է ունենում, տեղի ունեցողի բովանդակային խորքը, այլեւ այն, թէ ինչպէս է դա երեւում եւ ինչպէս է դա պատկերւում դրսի հայեացքի համար, կողքի հայեացքի համար եւ, ի վերջոյ, մենք մեր խորքում, ինքներս մեզ հետ մենակ մնալիս, ոչ հրապարակային ինչպիսի՞ հարցեր ենք դնում տեղի ունեցողի կապակցութեամբ:

Կարծում եմ, ժամանակն է, որ այդ հարցերն ուղիղ, առանց սեթեւեթանքի դնենք օրակարգում եւ քննարկենք: Ի հարկէ հասկանալի է, որ այս ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիւ խնդիրներ, մենք ունեցել ենք խնդիրներ փտածութեան հետ, կարող են չարաշահումների առանձին դէպքեր լինել, եղել են: Ի հարկէ, մենք ամէն ինչ կ’անենք եւ անում ենք, որ դա բացառենք, բայց դա ընդհանուր գործ է: Ի հարկէ, հասկանալի է, որ մենք ծրագրերի խնդիր ունենք, պէտք է ծրագրերն իսկապէս այնպիսին լինեն, որ ոգեշնչեն հնարաւորինս շատ մարդկանց, դրանց կարեւորութիւնը հնարաւոր լինի ապացուցել, այդ ծրագրերի իրականացման յարակից ազդեցութիւնները պէտք է աւելի ազդեցիկ լինեն, որպէսզի մենք ոչ միայն ուղղակի կուպրապատ ճանապարհ կառուցենք, այլ տեսնենք, որ այդ ճանապարհն իր հետ բերում է զարգացում, իր հետ բերում է նոր կեանք, նոր հնարաւորութիւններ աւելի ու աւելի շատ մարդկանց: Այս ամէնը հասկանալի է եւ քննարկումից դուրս, բայց սրանք աւելի շատ կազմակերպչական բնոյթի հարցեր են:

Փիլիսիոփայական բնոյթի հարցը հետեւեալն է, որ մենք որպէս ազգ, որպէս ժողովուրդ պէտք է փոխենք վերաբերմունքն այս ողջ գործընթացի նկատմամբ: Ինչ որ առումով «Հայաստան» համահայկական հիմնադրամը պէտք է ոչ թէ առանձին վերցրած ծրագրերի իրականացման հնարաւորութիւն լինի, այլ, ըստ էութեան, դառնայ մեր համազգային պիւջէն: Մենք պէտք է մտածենք համազգային պիւտճէ ունենալու մասին եւ պէտք է փոխենք մեր վերաբերմունքն այդ համազգային պիւտճէի նկատմամբ: Մեր կառավարութեան գործունէութեան ամենակարեւոր ուղղութիւններից մէկն այն է, որ մենք ուզում ենք փոխել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը պետական պիւտճէի նկատմամբ եւ այդ վերաբերմունքի կարեւոր փոփոխութիւնը պէտք է լինի այն, որ իւրաքանչիւր քաղաքացի ընկալի, որ այդ փողը ոչ թէ ինքը տալիս է ուրիշին, այլ այդ փողը տալիս է ինքն իրեն, ինչպէս ընտանիքում ծախսւում են փողերը տարբեր նպատակներով, այդպէս էլ պիւտճէում:

Այսինքն Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի պէտք է ընկալի, որ պետական պիւտճէի միջոցները ծախսւում են հէնց իր համար: Ի հարկէ, այս գաղափարաբանութեան շօշափելի ազդեցութիւնը պէտք է ապահովեն այդ գումարները ծախսողները, պետական պիւտճէի դէպքում` կառավարութիւնը, ,հայաստանէ համահայկական հիմնադրամի դէպքում` գործադիր մարմինը, հոգաբարձուների խորհուրդը:

Ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ հարցն ամենեւին էլ փողը չէ, հարցը փիլիսոփայութիւնն է, պէտք է շօշափելի, շատ աւելի մեծ եւ շատ աւելի անմիջականօրէն ցոյց տալ, որ ամբողջ հայութիւնը կանգնած է Հայաստանի կողքին, ամբողջ հայութիւնը կանգնած է սփիւռքի կողքին: Այո՛, 20-րդ դարում դրուած խնդիրները լուծուել են, բայց մենք պէտք է հաշուի առնենք, որ 21-րդ դարում մարտահրաւէրներն աւելի են լրջանում, մարտահրաւէրներն աւելի են ահագնանում եւ այդ ահագնացող մարտահրաւէրներին հայութեան արձագանքը, մեր բոլորի արձագանքը պէտք է լինի համարժէք, որովհետեւ, ի վերջոյ, նախագահները, վարչապետները, կառավարութիւններն անցօղիկ են, իսկ հայրենիքը յաւերժ է, ժողովուրդը յաւերժ է: Մենք պէտք է տէր կանգնենք մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի յաւերժութեանը, հայրենիքի եւ ժողովրդի յաւերժութիւնը մի հարց է, որը լուծում պէտք է ստանայ այսօր, ամէն օր այդ հարցը պէտք է լուծում ստանայ այսօր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի էութեան եւ բովանդակութեան փոփոխութիւնը ես տեսնում եմ հէնց այս խնդրի լուծման մէջ եւ համոզուած եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, անհրաժեշտ միասնութիւն, անհարժեշտ հմտութիւն եւ իմաստնութիւն մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի յաւէրժութեան օրակարգը սպասարկելու, մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի յաւերժութիւնն ապահովելու համար: Շնորհակալութիւն»: