ՀՀ նախագահ Արմէն Սարգսեան ուղերձ  յղած է Համահայկական ամառնային 7-րդ խաղերու մասնակիցներուն եւ հիւրերուն:

Ստորեւ ուղերձը ամբողջութեամբ կը ներկայացնենք.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Համահայկական ամառային 7-րդ խաղերի յարգելի՛ մասնակիցներ, Հայաստանի եւ Արցախի յարգարժա՛ն հիւրեր: Այսօր դուք գտնուում էք հայկական հինաւուրց հողում, սակայն ձեզնից ոչ մէկը հիւր չէ, որովհետեւ իրականում դուք տուն էք եկել` ձեր հարազատ հայկական օջախ: Եկել էք մասնակցելու համահայկական միջոցառման, եկել էք վայելելու հայկական միջավայրը, հարստացնելու այն, եկել էք մրցելու եւ յաղթելու: Իսկ Արցախն ու արցախցին շատ լաւ գիտեն, թէ ինչ է յաղթանակը: Այս տարի նշուում է համահայկական խաղերի 20-ամեակը: Ուստի առաւել քան խորհրդանշական է համահայկական խաղերն այս անգամ Արցախից` պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգից սկսելը: Յիշենք, որ 385 թուականին Մեծ Հայքի Վարազդատ թագաւորը դարձաւ օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնը (ախոյեան«Գ.»), սակայն մեզ համար համահայկական խաղերը պակաս նշանակութիւն չունեն, քան ողիմպիականխաղերը:

Համահայկական այս խաղերին խորհրդանշական երեք ջահ է վառուել` հայկական պատմական երեք տարածքներում. Կիլիկեան Հայաստանում` Մուսայ լեռան ստորոտին, Արարատեան դաշտում` Խոր Վիրապում, եւ Արցախում` Տիգրանակերտում: Երեք ջահ մեզ առնուազն երեք պատգամ են փոխանցել`միասնական լինելու, մէկ Հայրենիքի շուրջ համախմբուելու եւ այն հզօրացնելու պատգամ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Համահայկական խաղերը Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեամբ Հայրենիքին վերստին շաղկապուելու բացառիկ հնարաւորութիւն են: Դրանք զուտ մարզական միջոցառում չեն: Ի տարբերութիւն ողիմպիական խաղերի խորհրդանիշ հինգօղակների, համահայկական խաղերի օղակներն այնքան շատ են, որքան հայկական աշխարհի քարտէզի բազմազանութիւնը:

Աշխարհի աւելի քան 35 քաղաքներ ներկայացնող մասնակիցներ ոչ միայն մրցելու են տարբեր մարզաձեւերում, այլեւ, միացնելով իրենց ձեռքերը, ձեւաւորելու են միասնութիւն եւ համերաշխութեան խորհրդանշող համահայկական ամուր բռունցքը: Համահայկական խաղերը սպորտի (մարզանք «Գ.») զարգացմանը խթանելուց բացի, մեր ֆիզիքական եւ հոգեւոր առողջութիւնը խթանող միջոցառում են:

Դրանք նաեւ հայրենաճանաչութեան եւ, ինչու չէ, հայրենադարձութեան հզօր ազդակ են, Հայրենիքին կապուելու, Հայրենիքը սիրելու եւ նրան մօտիկից օգտակար լինելու ազդակ:

Մեկնարկելով Արցախի Հանրապետութիւնում` համահայկական խաղերը մի քանի օրից շարունակուելու են Հայաստանի Հանրապետութիւնում:

Յուսով եմ, որ այցելութիւնն Արցախ եւ Հայաստան ձեր մէջ ամենաջերմ ու հաճելի տպաւորութիւնները կը թողնի, իսկ մեկնարկող խաղերը կը պարգեւեն շատ վառ ու յիշարժան պահեր: Յաջողութիւն եւ ամենայն բարիք ձեզ»: