Հայոց պետականութեանն ու հայ ժողովրդին ուղղուած գոյութենական լրջագոյն սպառնալիքների ու ծանր փորձութիւնների մթնոլորտում է նշւում մեր երկրի անվտանգութեան ու պաշտպանութեան գլխաւոր երաշխաւորի՝ Հայոց բանակի կազմաւորման 32-ամեակը։
Արցախեան ազատամարտի բովում ծնունդ առաւ մեր բանակը՝ դառնալով անկախ պետականութիւն, անվտանգ ապագայ կերտելու մեր հաւաքական երազանքների և աննահանջ կամքի երաշխաւորը։
Հազարաւոր հայորդիների անմնացորդ նվիրումով ու խիզախումով, նրանց թանկ արեամբ նուաճեցինք յաղթանակներ, ամրագրեցինք մեր ազգային և պետական արժանապատվութիւնը։ Սակայն, Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների անվտանգութիւնն ապահովող, տարածաշրջանում ՀՀ-ն գործօն դարձրած Հայոց բանակը 2018 թ․ ցաւալիօրէն դաւաճանուեց երկրում իշխանութիւնը զաւթած խմբակի կողմից: Թիրախաւորելով և վարկաբեկելով բանակը, հեղինակազրկելով զինուած ուժերի սպայական կազմը, թուլացնելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը՝ հայ ժողովուրդն ու Հայոց պետականութիւնը կանգնեցրին կորուստերի և գոյութենական սպառնալիքների առջև: Աւաղ, սեփական յանցանքները բարդելով զինուած ուժերի վրայ՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարութիւնը շարունակում է իր անփառունակ և պետականակործան ընթացքը:
Եւ, այնուամենայնիւ, լիահույս ենք, որ ազգային իղձերի վերահաստատումով կարող ենք և պարտաւոր ենք յաղթահարել մեզ ուղղուած ծանրագոյն սպառնալիքները, ինչպէս հայ ժողովուրդը կարողացել է անհնարինը դարձնել հնարաւոր:
Խոնարհուելով Հայոց պետականութեան կերտմանն իրենց կեանքը նուիրաբերած քաջորդիների շիրիմների առջև, ապաքինում մաղթելով Հայրենիքի պաշտպանութեան մարտերում վիրաւորուած բազմահազար մեր եղբայրներին և քոյրերին, ազատութիւն մաղթելով քաղաքական հայածեալ դարձած և ապօրինաբար ազատազրկուած, հայրենիքին ծառայութիւններ մատուցած հարիւրաւոր հայորդիներին, շնորհաւորում ենք Հայոց բանակի օրուայ առիթով։
Համոզուած ենք, որ ներազգային համախմբվածութեամբ ու մեր հաւաքական կամքով ի զօրու ենք վերականգնել Հայոց բանակի հզօրութիւնը, ապահովելով Հայոց պետականութեան արժանապատիւ երթն ու Հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրաւունքը:
Տօնդ շնորհաւոր, Հայո՛ց բանակ։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին
28 Յունուար 2024թ.