«Յարգելի՛ հայրենակիցներ,
Անդրադառնալով ՀՀ Արտաքին Գործերի Նախարարութեան կողմից սոյն թուականի Ապրիլի 5-ի յայտարարութեանը, թէ. «Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութեան եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերեալ հրամանագրի հրապարակումից յետոյ խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետութեան եւ Ատրպէյճանի Հանրապետութեան միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից», հարկ ենք համարում ընդգծել, որ այն որեւէ իրաւական հիմք չունի եւ իրական խնդիրներից հասարակութեան ուշադրութիւնը շեղելու անյաջող փորձ է:
Բռնի տեղահանութիւնից յետոյ Արցախի իշխանութիւնները ցուցաբերել են զսպուածութիւն՝ փորձելով խուսափել աւելորդ շահարկումներից եւ ներազգային խնդիրներից: Սակայն, տեղեկատուական դաշտում պարբերաբար տեղ գտած սադրիչ յայտարարութիւններին չարձագանգելը յարուցում է հասարակութեան արդարացի դժգոհութիւնը:
Ստացւում է այնպէս, որ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարութիւնը, յղում անելով Արցախի իրաւական դաշտում երբեւիցէ գոյութիւն չունեցած փաստաթղթին, միաժամանակ անտեսում է Արցախի Հանրապետութեան անկախութեան մասին հռչակագիրը, սահմանադրութիւնը եւ օրէնքները՝ նոյն կերպ վարուելով Հայաստանի՝ Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտաւորութիւնների պարագայում, այդ թւում՝ որպէս անվտանգութեան երաշխաւորի:
Արցախի Հանրապետութեան սահմանադրութեամբ որեւէ պաշտօնեայ, այդ թւում՝ երկրի ղեկավարը, լիազօրուած չէ լուծարելու հանրապետութիւնը: Հետեւաբար, ոչ ոք կարող է լուծարել համաժողովրդական հանրաքուէով ստեղծուած պետութիւնը: Այդ լիազօրութեան իրաւատէրը Արցախի ժողովուրդն է, եւ ան անբաժանելի է նրանից:
Արցախի Հանրապետութեան՝ այսպէս կոչուած լուծարման հրամանագիրը ստորագրուել է Ատրպէյճանի լայնածաւալ յարձակման հետեւանքով ստեղծուած ծանրագոյն իրավիճակում, երբ Արցախը միայնակ մնալով հակառակորդի՝ տասնեակ անգամներ գերազանցող զինուած ուժերի դէմ, երբ Ատրպէյճանի գրոհային ստորաբաժանումները ներխուժում էին Ստեփանակերտ, շրջկեդրոններ եւ այլ բնակավայրեր, երբ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկւում էին նրանց կողմից, իսկ պաշտպանութեան բանակի մեծ մասը յայտնուել էր շրջափակման մէջ, եւ կար զինծառայողների ու Արցախի խաղաղ բնակչութեան ֆիզիքական ոչնչացման ուղիղ սպառնալիք, ինչպէս նաեւ Ատրպէյճանի կողմից արգելափակուած ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտութիւն՝ Արցախի ժողովրդի անվտանգ դուրս բերումն ապահովելու նպատակով:
Հիմնականում հայկական որոշ շրջանակների կողմից պարբերաբար յիշատակուող այդ թուղթը չէր կարող կոչուել փաստաթուղթ, քանի որ այն հակասահմանադրական էր, նաեւ հակասում էր «օրինաչափ իրաւական ակտերի մասին» Արցախի Հանրապետութեան օրէնքին, որի համաձայն՝ օրինաչափ իրաւական աքտերն ուժի մէջ են մտնում դրանցում սահմանուած ժամկէտներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտօնական հրապարակմանը յաջորդող օրուանից՝ բացառութեամբ այն դէպքերի, երբ օրէնքով սահմանուած է, որ տուեալ օրինաչափ իրաւական աքտն ուժի մէջ է մտնում հրապարակուելուց յետոյ՝ անմիջապէս:
Վերոնշեալ օրէնքի 28-րդ յօդուածը նաեւ սահմանում է, որ օրինաչափ իրաւական աքտերի հրապարակումն իրականացւում է օրինաչափ իրաւական աքտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) հրապարակելու միջոցով:
Այսպէս կոչուած հրամանագիրը՝ որպէս փաստաթուղթ, տեղ չի գտել օրինաչափ իրաւական ակտերի հրապարակման միասնական կայքում եւ չի հրապարակուել պաշտօնապէս, այլ վերջինիս վերաբերեալ ատրպէյճանական կողմի պահանջով մամուլի հաղորդագրութիւն է տարածուել Արցախի տեղեկատուական շտապի էջերով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտօնական հրապարակում:
Հաշուի առնելով հետագայ հնարաւոր շահարկումները՝ Երեւան տեղափոխուելուց օրեր անց, նախագահ Սամուէլ Շահրամանեանի հրամանագրով նոյն հարթակում անվաւեր է ճանաչուել 2023 թուականի Սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից եւս պայմանաւորուած էր մի շարք հանգամանքներով:
Ելնելով այս պարզ իրողութիւնից՝ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարութիւնը որեւէ իրաւական խոչընդոտ չունի Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգ բերելու Արցախի եւ նրա տեղահանուած բնիկ ժողովրդի հարցը:
Այդ նպատակով պատրաստ ենք ՀՀ կառավարութեանը տրամադրել բոլոր հիմնաւոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտութեան դէպքում՝ դրանք հրապարակել:
Հերթական անգամ կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրաւական դաշտում երբեւէ գոյութիւն չունեցած փաստաթղթի շահարկումից:
Արցախի Տեղեկատուական Շտապ»