«Արցախփրէս».- ՀՀ Արտաքին Գործոց Նախարարութեան խօսնակը յայտարարութեամբ հանդէս գալով դատապարտած է Ատրպէյճանի կողմէն հրադադարի անընդմէջ խախտումը:

Յայտարարութիւնը ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ.
«Ատրպէյճանի զինուած ուժերը 27 եւ 28 Յուլիսին ՀՀ պետական սահմանի հիւսիս-արեւելեան հատուածում դիպուկահարների ներգրաւմամբ իրականացրել են սադրիչ գործողութիւններ, որոնց հետեւանքով սպանուել է ՀՀ Զինուած Ուժերի զինծառայող Արման Պուլղադարեան եւ վիրաւորուել է եւս երկու զինծառայող:

Ատրպէյճանի կողմից հրադադարի միտումնաւոր եւ սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման եւ ամրապնդման վերաբերեալ ստանձնած պարտաւորութիւններին, որոնք վերջին շրջանում արձանագրուել են նաեւ երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարուան 29 Մարտին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում: Դրանք անտեսում են նաեւ արտաքին գործոց նախարարների 20 Յունիսի Ուաշինկթընում տեղի ունեցած հանդիպման արդիւնքում ԵԱՀԿ Մինսքի խմբակի համանախագահների ընդունած յայտարարութիւնը, որտեղ կողմերին կոչ էր արւում խստօրէն պահպանել հրադադարը յարգելու յանձնառութիւնը եւ ձեռնպահ մնալ շփման գծում եւ պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողութիւններից:

Խստօրէն դատապարտում ենք մարդկային զոհերի յանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցւում են Ատրպէյճանի կողմից հրադադարի պահպանմանը եւ ամրապնդմանն ուղղուած վստահութեան եւ անվտանգութեան միջոցառումների իրականացման մերժմամբ: Այս գործողութիւնները ստեղծում են լարուածութեան աճի վտանգ, որի ողջ պատասխանատուութիւնն ընկնում է ատրպէյճանական կողմի վրայ»: