ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեան դիմատետրի իր էջին գրած է.
«Սիրելի ՛ Արտակ
Պատերազմական այս ծանր օրերին, ցաւօք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թոյլ տուր որդուդ` Ալպերթի, կորստի համար վշտակցութիւնս ու ցաւակցութիւնս յայտնել հեռակայ: Ալպերթին յաջողուել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլեւ փայլել իր անմնացորդ ծառայութեամբ: Իսկ նրա հանրայայտ լուսանկարը իւրովի է արտացոլում հայ ժողովրդի հզօր ոգին խորհրդանշող կերպարն արցախեան այս պատերազմում:
Արցախը բարձր է գնահատում իր հերոս որդու սխրանքը, եւ, իմ հրամանագրով` Ալպերթ Յովհաննիսեանը պարգեւատրուել է «Արիութեան համար» մետալով:

Ալպերթն ու իր ընկերները Հայրենիքի հանդէպ սէրն ամէն ինչից վեր դասեցին, եւ հայ ժողովուրդը Ձեզ հետ հաւասար կարող է եւ պէտք է հպարտանայ իր նուիրեալ զաւակներով:
Այսօր կարդացի նաեւ Ձեր յորդորը, որ հերոս տղայի վերջին հրաժեշտի արարողութեան ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսուած գումարը փոխանցեն Հայրենիքի զօրացմանը: Ես իմ խոնարհումն եմ ուզում բերել նաեւ Ձեր մարդկային եւ ծնողական վեհ տեսակին: Մեր ժողովուրդն անպարտ է, քանի որ Ձեզ ու Ձեր որդու պէս զաւակներ ունի:
Հազա՛ր փառք Հայրենիքի համար բոլոր ընկածներին:
Պատիւ՛ ունեմ»: