ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակի Արցախի մէջ մեկնարկած «Վերելք» տնտեսական փոքր ծրագիրներու ընթացքը կը շարունակուի նաեւ Հայաստանի մէջ։ «Գանձասար» ծրագրի մանրամասնութիւններուն եւ օգտակարութեան մասին ստորեւ ներկայացուած հարցազրոյցը ունեցաւ Օփթիմայց Քոնսալթինկ խորհրդատուական ընկերութեան հիմնադիր եւ գործադիր տնօրէն, «Վերելք» ծրագիրի համակարգող Հրայր Պարսումեանի հետ։
«Գանձասար»- ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը (այսուհետեւ՝ ԲԵԳ) նախաձեռնած է «վերելք» երիտասարդական ծրագրի 3-րդ տարբերակին, նախատեսուած Արցախէն բռնի տեղահանուած երիտասարդներուն համար: Խնդրեմ նախ ներկայացնէք, թէ ի՛նչ եղած է 2021 թուականին Արցախի մէջ սկսած «Վերելք» երիտասարդական ծրագիրին նպատակը ընդհանրապէս եւ ցարդ ի՛նչ տարբերակներ իրագործուած են:
Հրայր Պարսումեան- «Վերելք»-ը ՀՅԴ  ԲԵԳ-ի կողմից կեանքի կոչուած արդիւնաւէտ ծրագրերից է: ՀՅԴ ԲԵԳ-ը աշխուժօրէն աշխատում էր լուծելու մի շարք հարցեր, որոնք դիմագրաւում էր Արցախի եւ Սիւնիքի երիտասարդութիւնը 2020 թուականի 44-օրեայ պատերազմից յետոյ:  «Վերելք»-ը  երիտասարդների կարողականութիւնների եւ հմտութիւնների զարգացման ծրագիր է, որի նպատակը երիտասարդների կրթումն էր, նրանց համար կայուն ապագայի ապահովումը եւ ինչու չէ նաեւ տեղական մակարդակներում տնտեսական խնդիրների լուծումը:
«Վերելք»-ի առաջին ծրագիրը կեանքի է կոչուել Արցախում: Դա 2020 թուականի պատերազմից յետոյ իմ առաջին այցելութիւնն էր Արցախ: Ծրագրին  մասնակցել են 100-ից աւելի երիտասարդներ, որոնց մենք փորձում էինք գիտելիքներ տալուց բացի, օգնել նրանց յաղթահարել յուսահատութեան փուլը, վերադառնալ կեանք, պայքարել ու յոյսով լցուել ապագայի հանդէպ: Մասնակիցները անցնելով դասընթացների, պիզնես ճամբարի փուլերը ի վերջոյ ժիւրիի դիմաց ներկայացրել են իրենց պիզնես (տնտեսականէ«Գ.») գաղափարները, որոնցից լաւագոյնները ընտրուել եւ ֆինանսաւորուել են  «Վերելք»-ի կողմից:
Արդիւնքում ունեցել ենք պատերազմից յետոյ երիտասարդների կողմից Արցախում հիմնուած 6 պիզնեսներ (տնտեսական ծրագիրներ-«Գ.»)՝  ազնուամորու այգու հիմնումից, մինչեւ  տեղական հագուստի արտադրութեան հիմնում, սրճատան բացում, արցախեան արտադրանքից կազմուած նուէր-տուփերի պատրաստում, մոմագործութեան եւ մեղուաբուծութեան հիմնում:
Արցախում «Վերելք»-ի գրանցած յաջողութիւնները հաշուի առնելով ծրագիրը կեանքի է կոչուել նաեւ Սիւնիքում, որտեղ էլ հիմնուել են 3 պիզնեսներ (տնտեսական ծրագիրներ): Ցաւօք սրտի Արցախի հայաթափումից յետոյ այնտեղ հիմնուած 6 պիզնեսներից միայն 2-ն են շարունակում իրենց գործունէութիւնը Հայաստանում:
«Գ.»- Ծրագիրին 3-րդ տարբերակը, որ նուիրուած է Արցախէն բռնի տեղահանուած երիտասարդութեան, ի՞նչ փուլեր կ’ընդգրկէ, ի՞նչ մարտահրաւէրներ դիմագրաւելու համար նախատեսուած է:
Հ.Պ.- Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից՝ մասնակիցների գրանցում, հարցազրոյցների փուլ, դասընթացների փուլ, խմբային աշխատանքների եւ ժիւրիի դիմաց քննարկումների փուլ, յաղթողների որոշում եւ գործատուների հետ կապի ապահովում: Ծրագրի նպատակն է խթանել երիտասարդներին մնալ Հայաստանում, այստեղ ստանալ յաւելեալ գիտելիքներ ու աշխատանքի անցնել որպէս հայաստանեան աշխատանքի շուկային համապատասխան որակներ ունեցող աշխատողներ, չարտագաղթել ու ապագայի հանդէպ յոյսը չկորցնել:
«Գ.»- Ի՞նչ իւրայատկութիւն ունի ծրագրի 3-րդ տարբերակը, ինչո՞վ կը տարբերի նախկիններէն:
Հ.Պ.- Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձութիւնները ի վերջոյ արցախահայ երիտասարդութեանը հասցրին Հայաստան: Քանի որ նրանք այժմ բնակութիւն են հաստատել Հայաստանում եւ յայտնուել են շատ ծանր իրավիճակում, երբ նրանց համար առաջնահերթութիւն էր դարձել աշխատանքի տեղաւորուելը եւ սեփական ապրուստի հոգումը, մենք եկանք այն եզրակացութեան, որ «Վերելք»-ը պէտք է շարունակի իր գործունէութիւնը՝ հաւատարիմ իր առաքելութեանը, այն է՝ դժուարութեան մէջ յայտնուած արցախահայ երիտասարդութեանը օգնութեան ձեռք մեկնելը:  Հասկանալով իրավիճակը եւ օրուայ հրամայականը, որոշեցինք փոխել «Վերելք»-ի ձեւաչափը, որպէսզի նաեւ աւելի շատ շահառուներ կարողանան օգտուել այս ծրագրից: Եթէ նախկինում «Վերելք»-ը ֆինանսաւորում էր երիտասարդների պիզնես գաղափարները, ապա այս անգամ «Վերելք»-ը պատրաստում է Հայաստանեան աշխատաշուկային համապատասխան՝ բարձր որակաւորմամբ աշխատողներ եւ գործատուների հետ համագործակցելով նրանց փորձելու է աշխատանքով ապահովել:
Ծրագիրը ֆինանսաւորուելու է Հայ Օգնութեան Միութեան (ՀՕՄ-ի) կողմից եւ յաղթողներին տրամադրուելու է մէկ տարուայ աշխատավարձի չափով աջակցութիւն, որը թոյլ կը տայ նրանց այդ ժամանակահատուածը օգտագործել նոր աշխատատեղին յարմարուելու, փորձառութիւն վաստակելու համար, իսկ գործատուներին՝ կրճատել իրենց ծախսերը նոր աշխատող վերցնելու հետ կապուած:
«օփթիմայզ քոնսալթինկ» ՍՊԸ խորհրդատուական ընկերութիւնը, որը ստանձնել է ծրագրի համակարգումը, մշակել է դասընթացների այնպիսի նիւթեր, որոնք թոյլ են տալիս ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ նոր աշխատանքի անցնելու համար, այլ նաեւ պիզնես սկսելու ցանկութիւն ունեցող երիտասարդներին՝ այդ ուղղութեամբ կայուն քայլեր ձեռնարկել, իսկ նրանց թիւը քիչ չէ: Որպէս «օփթիմայզ քոնսալթինկ» ՍՊԸ խորհրդատուական ընկերութեան հիմնադիր եւ գործադիր տնօրէն, մենք ապահովել ենք լաւագոյն դասընթացավարներին՝ դասընթացներն անցկացնելու համար եւ մեր ուժերի ներածին չափով պատրաստակամ ենք աջակցելու մասնակիցներին՝ իրենց յուզող հարցերում:
«Գ.»- Արդէն սկսած էք ծրագրի 3-րդ տարբերակի իրականացման, ինչպէ՞ս կը գնահատէք երիտասարդութեան մասնակցութիւնը, բոլոր դիմողները կարելիութիւն ունեցա՞ն օգտուելու ծրագիրէն:
Հ.Պ.- Այո՛, արդէն շուտով աւարտին կը մօտենայ դասընթացների փուլը: Ունէինք 200-ից աւելի դիմորդներ, որոնց մէջ մեծ էր նաեւ մարզերում հաստատուած արցախահայ երիտասարդների թիւը: Ցաւօք սրտի, քանի որ ծրագիրը պիլոտային է այս անգամ այն անց է կացւում Երեւանում, ուստի մարզերից դիմած երիտասարդները հնարաւորութիւն չունեցան մասնակցելու ծրագրին: Սակայն ծրագրի արդիւնաւէտութիւնը հաշուի առնելով, ապագայում հնարաւոր է դիտարկենք նաեւ ծրագիրը մարզեր տեղափոխելու եւ այնտեղ իրականացնելու հնարաւորութիւնը: Դասընթացների փուլը մեկնարկել է Ապրիլի 1-ից, 110 մասնակիցներով:
Երիտասարդները մասնակցում են մեծ սիրով, ներկայացուող նիւթերը բաւականին հետաքրքրուած են, նրանք էլ հետամուտ են որպէսզի իրենց փոխանցուած բոլոր գիտելիքները իւրացնեն, քանի որ ծրագիրը մրցութային է, ուստի յաղթողները որոշուելու են ներկայութիւնից, ստացած գիտելիքների ստուգումից եւ ժիւրիի դիմաց քննարկումներից հաւաքած միաւորների հանրագումարով: Մասնակիցների մէջ ունենք «Վերելք» Արցախ ծրագրի շահառուներ, յաղթողներ, ովքեր նաեւ այս իրավիճակում վերադառնում են, որպէս «Վերելք» 3-րդ տարբերակի  մասնակիցներ եւ իրենց զգում են «Վերելք» համայնքի անբաժան մաս: Մենք մնալու ենք այն կարգախօսին, որ մեր վերելքը շարունակւում է ու մեր վերելքը չի կասեցուելու:
«Գ.»- Շնորհակալութիւն: «Վերելք»-ը թող աշխատանքի նոր հորիզոններ բանայ երիտասարդութեան դիմաց։