Արցախի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութիւնը յայտարարութիւնը Ատրպէյճանի կողմէն Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցւոյ թիրախաւորման մասին, որ կը ներկայացնենք ստորեւ.
«խստագոյնս դատապարտում ենք Ատրպէյճանի զինուած ուժերի յարձակումը Արցախի Հանրապետութեան Շուշի քաղաքում գտնուող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց հայկական եկեղեցու վրայ: Յիշեցնում ենք ատրպէյճնական կողմին, որ ժողովուրդների մշակութային ու հոգեւոր ժառանգութիւն հանդիսացող պատմական յուշարձանների, արուեստի ստեղծագործութիւնների եւ պաշտամունքի վայրերի դէմ ուղղուած յարձակումը միջազգային պայմանագրային եւ սովորոյթային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտում է, իսկ ռազմական գործողութիւնների ժամանակ մշակութային յուշարձանների աւերումը` ռազմական յանցագործութիւն:
Պատմական, մշակութային եւ կրօնական օբյեկտների կանխամտածուած աւերումը միջազգային ահաբեկչական կազմակերպութիւններին բնորոշ տխրահռչակ ձեռագիրն է: Բաւական է յիշել թալիբների կողմից Բուդդայի Բամիանական արձանների ոչնչացումը, ինչպէս նաեւ Սիրիայում Իտլիպ-ի ահաբեկիչների կողմից Պալմիրայում յաղթական կամարի եւ Տէր Զօրի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու աւերումը:
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրայ յարձակումը ցուցադրում է, որ Արցախի Հանրապետութեան դէմ ագրեսիայ սանձազերծած յանցաւոր եռեակ դաշինքին` Ատրպէյճանին, Թուրքիային եւ ահաբեկչական կազմակերպութիւններին միաւորում են ոչ միայն ընդհանուր նպատակները, այլեւ արժեհամակարգը եւ ռազմական գործողութիւնների վարման յանցաւոր մեթոտները:
Եւս մէկ անգամ նշում ենք, որ մշակութային ժառանգութեան պահպանումը մեծ նշանակութիւն ունի աշխարհի բոլոր ժողովուրդների համար, իսկ իւրաքանչիւր ժողովրդի մշակութային արժէքներին հասցուող վնասը ողջ մարդկութեան մշակութային ժառանգութեանն է վնաս հանդիսանում:
մշակութային եւ պատմական ժառանգութեան պաշտպանութեան մասին բազմաթիւ միջազգային կոնուենցիաների ընդունումից բացի, հարցը բարձրացուել է նաեւ ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի մակարդակով, որը զինուած հակամարտութիւնների համատեքստում յատկապէս ահաբեկչական խմբաւորումների կողմից մշակութային ժառանգութեան ոչնչացման անթոյլատրելիութեան մասին իր բանաձեւում (2347) կոչ է արել բոլոր պետութիւններին կոլեկտիւ եւ համակարգուած պայքար մղել նման փրաքթիքայի դէմ:
Վերստին ընդգծում ենք, որ Ատրպէյճանի կողմից մարդասիրութեան եւ համամարդկային արժէքների բացայայտ ժխտման պայմաններում Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչումը Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահովման, նրա հիմնարար իրաւունքների իրացման, ինչպէս նաեւ Արցախի մշակութային ժառանգութեան պահպանման առաւել գործուն միջոցն է»: