«Հայրենիքի Փրկութեան Շարժում»ի վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեան յայտարարութիւն հրապարակեց՝ անդրադառնալով Սիւնիքի սահմաններուն մէջ այս օրերուն տեղի ունեցող իրադարձութիւններուն:
Յայտարարութիւնը հետեւեալը կը բովանդակէ.
«Յարգելի՛ հայրենակիցներ,
Խստօրէն դատապարտում եւ ազգակործան ենք համարում Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան տարածքները հակառակորդին յանձնելու գործընթացը, ինչը փորձ է արւում քօղարկել սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներով:
Նիկոլ Փաշինեանը հետեւողականօրէն շարունակում է իրագործել իր պարտուողական քաղաքականութիւնը ինչպէս Զանգելանի եւ Կուբաթլուի հատուածում, այնպէս էլ Սիւնիքի մարզի սահմաններում:
Կապանի հատուածում տեղի ունեցող իրադարձութիւնները` ատրպէյճանական վերջնագրերը, սահմանային լարուածութեան աճը եւ հայկական պաշտօնական կողմի յանցաւոր անգործութիւնը, լուրջ մտահոգութեան եւ կասկածների տեղիք են տալիս:
Սիւնիքի մեր հայրենակիցները մեն–մենակ են մնացել թշնամու բանակի ու սահմանային ոտնձգութիւնների դէմ: Նրանք ստիպուած են ինքնուրոյն պաշտպանել սեփական տունը, ինչպէս նաեւ դիմել են յուսահատ քայլի` բողոքի գործողութիւնների: Մենք սիւնեցիների կողքին ենք եւ սատարում ենք նրանց պահանջներին:
Օրուայ իշխանութիւնների վարքագիծը պարզապէս պետականակործան է: Դատապարտելի է նաեւ այն, որ խնդիրները կա՛մ չեն լուծւում, կա՛մ լուծւում են ի վնաս մեզ, սակայն ստի ու մանիպուլեացիաների մեթոդը, որը յատկապէս դրսեւորուեց պատերազմի օրերին, շարունակում է օգտագործուել:
Հարկ ենք համարում ընդգծել, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացները նախատեսուած չեն 9 Նոյեմբեր 2020-ի եռակողմ յայտարարութեամբ: Այդ յայտարարութեան 1-ին կէտով նախատեսուած հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների աւարտի ելակէտն այն է, որ Ատրպէյճանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը կանգ են առնում յայտարարութեան պահին իրենց զբաղեցրած դիրքերում: Հետեւաբար յայտարարութեան տեքստի որեւէ դրոյթ հիմք չէ սահմանների փոփոխութեան համար: Ակներեւ է, որ այդ հարցերը թողնուել էին յետագայ բանակցութիւններին` հաշուի առնելով դրանց համապարփակ եւ բարդ բնոյթը:
Նկատի ունենալով միջազգային, ինչպէս նաեւ Հայաստան-վրաստան, Վրաստան-Ատրպէյճան առկայ փորձը` սահմանների սահմանագծումն ու սահմանազատումն իրականացւում է պետութիւնների կողմից ձեւաւորուած միջգերատեսչական յանձնաժողովների բանակցութիւնների արդիւնքում եւ պահանջում է բանակցութիւնների արդիւնք հանդիսացող սահմանագծի վաւերացում երկու պետութիւնների օրէնսդիր մարմինների կողմից: Մինչ նշուած գործընթացների ամբողջական աւարտը Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է պահպանի իր սահմանը մինչպատերազմական ժամանակահաւտածի բնագծերով:
Որեւէ քարտէզ, առաւել եւս GPS համակարգի տուեալները, իրաւական ակտ չեն եւ չեն կարող հիմք հանդիսանալ սահմանագծման համար, եթէ հակասում են բարձրագոյն մարմինների կողմից հաստատուած սահմանագծին:
Պահանջում ենք անյապաղ դադարեցնել իրաւական հիմքից զուրկ եւ սահմանային բնակավայրերի բնակիչների իրաւունքներն ու կենսական շահերը ոտնահարող տարածքների օտարման գործընթացը եւ կոչ ենք անում այդ գործընթացում ներգրաւուած պետական մարմիններին չկատարել այն հրահանգները, որոնք հակասում են ոչ միայն մեր պետական շահերին, այլեւ 9 Նոյեմբերին ստորագրուած եռակողմ յայտարարութեանը եւ միջազգային պրակտիկային (կիրառումին«Գ.»):
Յարգելի՛ հայրենակիցներ,
Սիւնիքում տեղի ունեցող գործընթացները եւ փաշինեանական իշխանութեան վարած քաղաքականութիւնը ցոյց են տալիս, որ մենք ապահովագրուած չենք նմանատիպ վտանգներից Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Տաւուշի մարզերում: Դա նշանակում է, որ մենք պէտք է հնարաւորինս շուտ ձերբազատուենք այս իշխանութիւններից եւ ամէն ջանք գործադրենք մեր երկրի խաղաղութիւնն ու անվտանգութիւնն ապահովելու համար:
Յապաղելը պետութիւն կարող է արժենալ:

Վազգէն Մանուկեան
Հայրենիքի Փրկութեան Շարժում»